Անցնել բովանդակությանը

ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է

Ծովագլանի «խելացի» մաշկը

Ծովագլանի «խելացի» մաշկը

 Ծովագլանները, կամ՝ ծովային վարունգները ծովի հատակին և մարջանային խութերում ապրող կենդանիներ են։ Արտաքինից նրանց մաշկը անհարթ է, ծածկված է կոշտուկներով և սրածայր ելունդներով։ Ծովագլանները զարմանալիորեն ճկուն են։ Մի քանի րոպեների կամ նույնիսկ վայրկյանների ընթացքում նրանք կարող են մոմի պես փափուկ և տախտակի պես պինդ դառնալ։ Այդ ճկունության շնորհիվ ծովային վարունգները գալարվելով սողոսկում են փոքր ճեղքերի մեջ և հետո կարծրանում, որպեսզի գիշատիչները չկարողանան հանել նրանց այդտեղից։ Ինչպե՞ս է ծովային վարունգներին հաջողվում դա։ Գաղտնիքը նրանց զարմանահրաշ մաշկն է։

 Նկատի առնենք հետևյալը։ Ծովագլանի մաշկը ունի կարծրության երեք վիճակ՝ կարծր, միջին կարծրության և փափուկ։ Մի վիճակից մյուսն անցնելու համար նա միմյանց կապում կամ արձակում է իր մարմնի հյուսվածքաթելերը։ Ակտիվացնելով իր օրգանիզմում եղող տարբեր սպիտակուցներ՝ ծովագլանը կարողանում է կարծրացնել և փափկացնել իր մարմինը։

 Այն սպիտակուցները, որոնք կարծրացնում են մաշկը, շարակցական հյուսվածքաթելերի միջև կազմավորում են փոքրիկ կամուրջներ, կամ՝ շղթաներ, և մաշկը կարծրանում է։ Իսկ այլ տեսակի սպիտակուցներ իրարից անջատում են հյուսվածքաթելերը, և մաշկը փափկում է։ Ծովային վարունգը կարող է այնքան փափուկ դառնալ, որ թվա, թե հալչում է։

 Գիտնականները փորձում են ստեղծել այնպիսի նյութեր, որոնք կունենան ծովային վարունգի մաշկի հարմարվողականությունը։ Նրանց նպատակներից մեկը գլխուղեղի վիրահատության համար այնպիսի էլեկտրոդներ ստեղծելն է, որոնք սկզբում բավականին կարծր կլինեն, որպեսզի դրանք հնարավոր լինի տեղադրել կոնկրետ սահմանված տեղում, իսկ հետո կփափկեն։ Էլեկտրոդների այդպիսի հարմարվողականությունը կնվազեցնի օրգանիզմի կողմից դրանք վանելու հավանականությունը։

 Ի՞նչ եք կարծում։ Ծովագլանի «խելացի» մաշկը էվոլյուցիայի՞ արդյունք է, թե՞ ծրագրված է եղել։