Անցնել բովանդակությանը

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԾՆՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչո՞ւ է ընթերցանությունը կարևոր երեխաների համար (մաս 1)։ Դիտե՞լ, թե՞ ընթերցել

Ինչո՞ւ է ընթերցանությունը կարևոր երեխաների համար (մաս 1)։ Դիտե՞լ, թե՞ ընթերցել

 Ազատ ժամանակ ինչո՞վ է զբաղվում երեխադ. որևէ տեսանյո՞ւթ է դիտում, թե՞ գիրք է կարդում։ Ի՞նչն է նրան ավելի գրավում՝ սմարթֆո՞նը, թե՞ գիրքը։

 Արդեն տասնամյակներ է, ինչ հեռուստացույցը և օնլայն մեդիան ընթերցանությունը հետին պլան են մղել։ Դեռևս 1990 թ.-ին Յան Հիլին իր գրքում հետևյալն է գրել. «Ժամանակի ընթացքում մարդիկ այլևս չեն կարդա» (Endangered Minds)։

 Այն ժամանակ այս պնդումը չափազանցություն կհամարվեր։ Բայց տասնամյակներ անց կրթության ոլորտի շատ մասնագետներ արձանագրեցին, որ այն երկրներում, որտեղ էլեկտրոնային սարքերի օգտագործման ցուցանիշը բարձր է, երեխաները չեն կարողանում սահուն ընթերցել։

Այս հոդվածում՝

 Ինչո՞ւ է ընթերցանությունը կարևոր երեխաների համար

  •   Ընթերցանությունը խթանում է երևակայությունը։ Օրինակ՝ որևէ պատմվածք ընթերցելուց սկսում ես պատկերացնել հերոսներին, լսել նրանց ձայնը, տեսնել նրանց և նրանց շրջակայքը։ Ճիշտ է, հեղինակը տրամադրում է որոշ տեղեկություններ, սակայն մնացածը թողնում է ընթերցողի երևակայությանը։

     Լաուրա անունով մի մայր ասում է. «Երբ ֆիլմեր կամ տեսանյութեր ենք դիտում, հետևում ենք մեկ ուրիշի երևակայությանը։ Իսկ ընթերցանության առավելությունն այն է, որ դու ես կյանքի կոչում ուրիշի բառերը»։

  •   Ընթերցանությունը բնավորություն է կերտում։ Կարդալիս երեխան զարգացնում է խնդիրները գնահատելու և լուծելու կարողություն։ Բացի այդ՝ ընթերցանությունը կենտրոնացում է պահանջում։ Ուստի, կարդալով երեխան զարգացնում է համբերություն, ինքնատիրապետում և կարեկցանք։

     Կարեկցա՞նք։ Այո՛։ Որոշ մասնագետների կարծիքով, երբ երեխան դանդաղ և խորհրդածելով է կարդում, սկսում է մտածել հերոսների զգացմունքների մասին։ Ինչն էլ իր հերթին օգնում է նրան կարեկցանք դրսևորել շրջապատի մարդկանց հանդեպ։

  •   Ընթերցանությունը խթանում է մտածելու ունակությունը։ Երբ ընթերցում ենք դանդաղ և վերընթերցում անհրաժեշտության դեպքում, ավելի լավ ենք հասկանում հեղինակի մտքերը։ Այդպես վարվելը օգնում է, որ հիշենք մեր ընթերցածը և հետագայում էլ կիրառենք (1 Տիմոթեոս 4։15

     Ջոզեֆ անունով մի հայր ասում է. «Կարդալիս կարողանում ես հեշտությամբ հասկանալ գրվածի իմաստը, կապել այն քո իմացածի հետ և մտածել, թե ինչ դասեր կարող ես քաղել դրանից։ Միշտ չէ, որ տեսանյութերն ու ֆիլմերը նման խոր մտածողություն են զարգացնում»։

 Կարճ ասած՝ տեսանյութերն ու ֆիլմերը կարևոր են, սակայն երեխաները մի շարք արժեքավոր բաներ բաց կթողնեն, եթե քիչ ժամանակ տրամադրեն ընթերցանությանը։

 Ինչպե՞ս մղել երեխաներին կարդալու

  •   Սկսիր վաղ տարիքից։ Քլոե անունով մի կին, ով երկու որդիների մայր է, ասաց. «Մենք մեր տղաների համար սկսել ենք կարդալ այն ժամանակ, երբ նրանք դեռ լույս աշխարհ չէին եկել։ Ուրախ եմ, որ այդպես ենք վարվել նաև դրանից հետո, որովհետև ժամանակի ընթացքում ընթերցանությունը՝ անգամ հաճույքի համար արված, դարձել է նրանց գրաֆիկի մի մասը»։

     Աստվածաշնչյան սկզբունք. «Վաղ մանկությունից գիտես սուրբ գրքերը» (2 Տիմոթեոս 3։15

  •   Կարդալու համար հարմար միջավայր ստեղծիր։ Երեխան հակված կլինի ընթերցելու, եթե ձեռքի տակ ունենա հետաքրքիր գրքեր։ Չորս երեխաների մայր Թամարան առաջարկում է. «Ձեռք բեր գրքեր, որոնք երեխադ հաճույքով կընթերցի, և դիր դրանք նրա մահճակալի մոտ»։

     Աստվածաշնչյան սկզբունք. «Կրթիր երեխային ճիշտ ճանապարհի համաձայն. նույնիսկ երբ նա ծերանա, չի շեղվի դրանից» (Առակներ 22։6

  •   Սահմանափակիր ինտերնետից օգտվելու ժամանակը։ Դանիել անունով մի հայր խորհուրդ է տալիս ունենալ առանց էլեկտրոնային սարքերի երեկո։ Նա ասում է. «Փորձում ենք շաբաթը մեկ երեկո անցկացնել առանց հեռուստացույցի։ Ժամանակ ենք տրամադրում միասին կամ առանձին կարդալուն»։

     Աստվածաշնչյան սկզբունք. «Հավաստիացեք, թե ինչն է ավելի կարևոր» (Փիլիպպեցիներ 1։10

  •   Լավ օրինակ եղիր։ Երկու դուստր ունեցող Կարինան խորհուրդ է տալիս. «Կարդա այնպիսի ոգևորությամբ, որ երեխաներիդ համար պատմությունը կենդանի դառնա։ Եթե սիրում ես ընթերցել, ապա երեխաներդ կհետևեն քո օրինակին»։

     Աստվածաշնչյան սկզբունք. «Շարունակիր ջանասեր լինել բարձրաձայն ընթերցելու.... մեջ» (1 Տիմոթեոս 4։13

 Ճիշտ է, ոչ բոլոր երեխաներն են սեր զարգացնում ընթերցանության նկատմամբ, սակայն քո քաջալերանքի շնորհիվ կարող են ձեռք բերել անհրաժեշտ մոտիվացիան։ Դեյվիդը, որ երկու աղջիկ ունի, այդ հարցում ավելին է անում։ Նա ասում է. «Ես կարդում էի այն, ինչ դուստրերս էին կարդում, որպեսզի իմանամ, թե ինչ հետաքրքրություններ ունեն, և զրույցի թեմա ունենամ նրանց հետ։ Մենք ընթերցասերների մեր փոքրիկ խումբն ունեինք և հրաշալի ժամանակ էինք անցկացնում իրար հետ»։