Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ

Պատանեկան դեպրեսիա. ինչպե՞ս հաղթահարել

Պատանեկան դեպրեսիա. ինչպե՞ս հաղթահարել

«ԵՐԲ ընկնում եմ դեպրեսիայի մեջ,— ասում է Աննան *,— ցանկություն չեմ ունենում որևէ բան անելու, անգամ իմ սիրած բաները։ Այդ ժամանակ միայն քնել եմ ուզում։ Հաճախ զգում եմ, թե անարժեք եմ, ոչ ոք ինձ չի սիրում, ու ես պարզապես բեռ եմ ուրիշների համար»։

Իսկ Ջուլիան պատմում է. «Ես մտածում էի ինքնասպանություն գործելու մասին։ Իրականում չէի ուզում մահանալ, պարզապես ուզում էի ազատվել իմ ծանր ապրումներից։ Սովորաբար ես հոգատար եմ մարդկանց նկատմամբ, բայց երբ ընկնում եմ դեպրեսիայի մեջ, ամենքի ու ամեն ինչի հանդեպ անտարբեր եմ դառնում»։

Աննան և Ջուլիան դեռևս պատանի էին, երբ առաջին անգամ զգացին, թե ինչ բան է դեպրեսիան։ Ի տարբերություն այլ երիտասարդների, որոնք գուցե երբեմն վատ տրամադրություն ունենան՝ Աննան և Ջուլիան ընկնում էին երկարատև դեպրեսիայի մեջ, որը հաճախ շարունակվում էր շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ։ Աննան ասում է. «Այդ ժամանակ այնպիսի զգացողություն եմ ունենում, ասես ընկած լինեմ մի մութ, խոր փոս, որտեղից ելք չկա։ Ինձ թվում է՝ ուր որ է կխելագարվեմ։ Ես բոլորովին անճանաչելի եմ դառնում»։

Աննան ու Ջուլիան բացառություն չեն։ Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ պատանիների շրջանում դեպրեսիայի ախտորոշման դեպքերի թիվն աճում է սպառնալից թափով։ Ինչպես նշում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, «դեպրեսիան 10–19 տարեկան աղջիկների ու տղաների շրջանում հիվանդությունների և ֆիզիկական կամ մտավոր հաշմանդամության գլխավոր պատճառն է»։

Փաստ է, որ դեպրեսիայի ախտանշաններ կարող են ի հայտ գալ պատանեկության շրջանում։ Օրինակ՝ կարող են լինել քնի, ախորժակի և մարմնի քաշի հիվանդագին փոփոխություններ։ Նաև կարող են առաջանալ հուսահատության, տխրության և անարժեքության զգացումներ։ Գուցե ի հայտ գան նաև ուրիշ նշաններ՝ ինքնամեկուսացում շրջապատի մարդկանցից, ուշադրության և հիշողության խանգարումներ, ինքնասպանության մտքեր կամ փորձեր և բժշկագիտության կողմից դեռևս բացատրություն չունեցող այլ ախտանշաններ։ Հոգեկան առողջության ոլորտի մասնագետները դեպրեսիայի ախտորոշում են տալիս այն դեպքում, երբ առկա են մի շարք ախտանշաններ, որոնք դրսևորվում են շաբաթներ շարունակ և խաթարում են մարդու կյանքի բնականոն ընթացքը։

ՊԱՏԱՆԵԿԱՆ ԴԵՊՐԵՍԻԱՅԻ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

Ինչպես նշում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, «դեպրեսիան առաջանում է սոցիալական, հոգեբանական և ֆիզիոլոգիական մի շարք գործոնների փոխներգործության հետևանքով»։ Քննենք դրանցից մի քանիսը։

Ֆիզիոլոգիական գործոններ։ Հաճախ դեպրեսիայի ախտանշաններ կարող են ունենալ ընտանիքի մի քանի անդամներ։ Այդպես էր, օրինակ, Ջուլիայի դեպքում։ Սա ցույց է տալիս, որ այդ հարցում մեծ դեր ունեն գենետիկական հատկանիշները, որոնք հավանաբար ազդում են գլխուղեղի կենսաքիմիական գործունեության վրա։ Այլ նպաստող գործոններից են սրտանոթային հիվանդությունները, հորմոնալ փոփոխությունները, ինչպես նաև ալկոհոլամոլությունն ու թմրամոլությունը։ Ալկոհոլի և թմրանյութերի երկարատև չարաշահումը կարող է հանգեցնել դեպրեսիայի առաջացման, կամ էլ դրա սրացման պատճառ լինել։ *

Սթրես։ Թեև որոշակի չափով սթրեսը բարենպաստ է առողջության համար, սակայն շարունակական կամ չափից շատ սթրեսը կարող է ֆիզիկական և հոգեբանական վնաս հասցնել և երբեմն նույնիսկ դեպրեսիայի առաջացման պատճառ դառնալ դեռահասների շրջանում, որոնք իրենց օրգանիզմում տեղի ունեցող ֆիզիոլոգիական փոփոխությունների պատճառով առավել զգայուն են։

Դեպրեսիայի առաջացման պատճառ կարող են լինել նաև այլ սթրեսային գործոններ, ինչպիսիք են ծնողների ամուսնալուծությունը կամ բաժան ապրելը, հարազատ անձնավորության մահը, ֆիզիկական կամ սեռական բռնությունը, հիվանդությունը, դժբախտ պատահարը կամ ուսումնական հմտությունների զարգացման խանգարումը, հատկապես եթե դրա պատճառով երեխան իրեն մերժված է զգում։ Մեկ այլ գործոն կարող է լինել ծնողների չափազանց մեծ ակնկալիքները երեխայից, օրինակ՝ կրթության ոլորտում հաջողությունների հասնելու հարցում։ Հավանական պատճառներից են նաև ծաղրուծանակն ու ճնշումները, ապագայի անորոշությունը, դեպրեսիայով տառապող ծնողի հոգեբանական օտարացումը կամ ծնողի անկանխատեսելի վերաբերմունքը երեխայի նկատմամբ։ Իսկ ի՞նչը կարող է օգնել պատանուն հաղթահարել դեպրեսիան։

ՀԵՏԵՎԵՔ ՁԵՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒ ՄՏԱՅԻՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ

Խոր կամ նույնիսկ համեմատաբար թեթև դեպրեսիայի դեպքում սովորաբար հարկ է լինում մասնագետ-հոգեբանի դիմել և դեղորայքային բուժում ստանալ։ * Հիսուս Քրիստոսն ասել է. «Ոչ թե առողջները բժշկի կարիք ունեն, այլ հիվանդները» (Մարկոս 2։17)։ Իսկ հիվանդությունները կարող են կապված լինել ցանկացած օրգանի, այդ թվում գլխուղեղի հետ։ Հոգեկան առողջության բարելավման համար լավ կլինի նաև որոշ փոփոխություններ մտցնել ապրելակերպի մեջ, քանի որ մեր մտային առողջությունը սերտորեն կապված է ֆիզիկական առողջության հետ։

Եթե տառապում եք դեպրեսիայով, ողջամիտ քայլեր ձեռնարկեք ձեր ֆիզիկական և մտային առողջությունը բարելավելու համար։ Առողջ սննդակարգ պահպանեք, բավականաչափ քնեք և կանոնավոր մարմնամարզությամբ զբաղվեք։ Ֆիզիկական վարժությունները նպաստում են, որ օրգանիզմում արտադրվեն որոշակի քիմիական նյութեր, որոնք բարձրացնում են տրամադրությունը, էներգիա են հաղորդում և կարգավորում են քունը։ Փորձեք հնարավորինս շուտ նկատել դեպրեսիային նպաստող ազդակներն ու վաղ նախազգուշական նշանները և ծրագրեք, թե ինչ քայլեր եք ձեռնարկելու։ Այդ մասին խոսեք ինչ-որ մեկի հետ, ում վստահում եք։ Ընտանիքի անդամների և մտերիմ ընկերների աջակցության շնորհիվ ավելի հեշտությամբ կկարողանաք պայքարել դեպրեսիայի դեմ, օրինակ՝ գուցե ձեզ հաջողվի նվազեցնել ախտանշանները։ Օրագիր պահեք և գրի առեք ձեր ունեցած մտքերն ու զգացումները. այսպես վարվելը շատ է օգնել Ջուլիային, որի խոսքերը մեջբերվեցին հոդվածի սկզբում։ Իսկ ամենակարևորն այն է, որ հոգաք ձեր հոգևոր կարիքները։ Դա մեծապես կնպաստի, որ կյանքի հանդեպ դրական վերաբերմունք ունենաք։ Հիսուս Քրիստոսն ասել է. «Երջանիկ են նրանք, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները» (Մատթեոս 5։3

Լավ սնվեք, ակտիվ կյանք վարեք և բավականաչափ քնեք

Ձեր հոգևոր կարիքները բավարարելով՝ կարող եք մխիթարություն գտնել

Թե՛ Աննան և թե՛ Ջուլիան անձնական փորձով են համոզվել այս խոսքերի ճշմարտացիության մեջ։ Աննան ասում է. «Հոգևոր գործունեությամբ զբաղված լինելն օգնում է, որ կենտրոնանամ ոչ թե իմ խնդիրների, այլ ուրիշ մարդկանց օգնելու վրա։ Միշտ չէ, որ դա հեշտ է լինում, բայց արդյունքում ես ինձ ավելի երջանիկ եմ զգում»։ Իսկ Ջուլիային շատ է օգնել աղոթելն ու Աստվածաշունչ կարդալը։ Նա ասում է. «Երբ աղոթում եմ Աստծուն ու սիրտս բացում եմ նրա առաջ, թեթևություն եմ զգում։ Իսկ Աստվածաշունչն օգնում է ինձ հասկանալու, որ ես թանկ եմ Աստծու համար, և որ նա իսկապես հոգ է տանում իմ մասին։ Աստծու Խոսքն ընթերցելը նաև օգնում է, որ լավատեսորեն նայեմ ապագային»։

Լինելով մեր Ստեղծիչը՝ Եհովա Աստված լիովին հասկանում է, թե մեր կյանքում տեղի ունեցող դեպքերը, մեր դաստիարակությունն ու գենետիկական հատկանիշները ինչպես են ազդում մեր մտածելակերպի և հույզերի վրա։ Ուստի նա կարող է մեզ տալ անհրաժեշտ օգնությունն ու մխիթարությունը։ Այդպիսի օգնություն նա կարող է տալ, օրինակ, որևէ կարեկից ու հասկացող մարդու միջոցով։ Ավելին, շուտով կգա այն ժամանակը, երբ Աստված կբուժի մեր բոլոր հիվանդությունները՝ թե՛ ֆիզիկական, թե՛ մտային։ Եսայիա 33։24-ում այսպիսի խոստում է տրվում. «Ոչ մի բնակիչ չի ասի. «Ես հիվանդ եմ»»։

Այո՛, Աստվածաշունչը խոստանում է, որ Աստված շուտով «կսրբի ամեն արտասուք [մեր] աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի» (Հայտնություն 21։4)։ Սա իսկապես մխիթարական և ուրախալի լուր է։ Եթե ցանկանում եք ավելին իմանալ երկրի ու մարդկության առնչությամբ Աստծու ունեցած նպատակի մասին, այցելեք jw.org/hy կայք։ Այնտեղ կարող եք գտնել օնլայն Աստվածաշունչ, ինչպես նաև հետաքրքիր հոդվածներ տարբեր թեմաների, այդ թվում դեպրեսիայի մասին։

^ պարբ. 3 Անունները փոխված են։

^ պարբ. 10 Մարդու տրամադրության վրա կարող են ազդել բազմաթիվ հիվանդություններ, դեղամիջոցներ և թմրանյութեր։ Այս իրողությունը ցույց է տալիս, թե որքան կարևոր է բժշկական ճիշտ ախտորոշում ստանալ։

^ պարբ. 14 «Արթնացե՛ք»-ը բուժման որևէ կոնկրետ ձև չի առաջարկում։