Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ընտանեկան կյանք և ընկերական հարաբերություններ

Ընտանեկան կյանք և ընկերական հարաբերություններ

Շատերի համար դժվար է ջերմ փոխհարաբերություններ պահպանել ընտանիքի ու ընկերների հետ։ Ահա աստվածաշնչյան մի քանի սկզբունք, որոնք կարող են օգնել բարելավելու միջանձնային հարաբերությունները։

ԵՍԱՍԵՐ ՄԻ՛ ԵՂԵՔ

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ. «Ոչ միայն ձեր շահը փնտրեք, այլ նաև ուրիշներինը» (Փիլիպպեցիներ 2։4

ԻՆՉ Է ԴԱ ՆՇԱՆԱԿՈՒՄ։ Լավ հարաբերություններ պահպանում են նրանք, ովքեր ավելի շատ մտածում են տալու, ոչ թե ստանալու մասին։ Եթե եսասեր լինեք, կվնասեք մարդկանց հետ ձեր փոխհարաբերությունները։ Օրինակ՝ ամուսնական կյանքում, եթե կողակիցներից մեկը եսասեր է, ավելի հավանական է, որ նա կդավաճանի իր կեսին։ Եվ առհասարակ, ոչ ոք չի ցանկանա ընկերանալ այն մարդու հետ, ով միշտ պարծենում է իր ունեցածով կամ իմացածով։ Ինչպես ասվում է մի գրքում, «եսակենտրոնությունը հանգեցնում է բազում ցավալի հետևանքների» (The Road to Character)։

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ

  • Օգնեք մարդկանց։ Ամուր ընկերության հիմքում ընկած է միմյանց օգնելու պատասխանատվությունը ու փոխադարձ վստահությունը։ Ըստ որոշ ուսումնասիրությունների՝ այն մարդիկ, ովքեր օգնում են ուրիշներին, ավելի հազվադեպ են տառապում դեպրեսիայով և ավելի բարձր ինքնագնահատական ունեն։

  • Կարեկից եղեք։ Կարեկցանքը ուրիշի ցավը քո սրտում զգալն է։ Եթե կարեկից լինեք, քիչ հավանական է, որ կօգտագործեք կծու հեգնանք, այսինքն՝ վիրավորելու նպատակով ասվող սուր ու հաճախ նաև ծաղրական արտահայտություններ։

    Կարեկցանքը օգնում է ավելի հանդուրժող լինել մարդկանց նկատմամբ։ Այնպես որ, լինելով կարեկից՝ կանխակալ կարծիք չեք ունենա և կկարողանաք ընկերանալ տարբեր ծագման ու տարբեր մշակույթի պատկանող մարդկանց հետ։

  • Ժամանակ տրամադրեք։ Ինչքան շատ ժամանակ անցկացնեք մարդկանց հետ, այնքան ավելի լավ կճանաչեք նրանց։ Իսկապես ընկերանալու համար անհրաժեշտ է իմաստալից զրույցներ վարել։ Ուստի եղեք լավ լսող։ Հետաքրքրվեք ձեր ընկերոջ խնդիրներով ու մտահոգություններով։ Ինչպես ցույց տվեց վերջերս կատարված մի ուսումնասիրություն, «խորիմաստ զրույցները կարող են երջանկացնել մարդկանց»։

ԽՈՀԵՄԱԲԱՐ ԸՆԿԵՐՆԵՐ ԸՆՏՐԵՔ

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ. «Վատ ընկերակցությունները ապականում են օգտակար սովորությունները [«բարի վարքերը», «Արարատ» թարգմանություն]» (1 Կորնթացիներ 15։33

ԻՆՉ Է ԴԱ ՆՇԱՆԱԿՈՒՄ։ Այն մարդիկ, ում հետ ժամանակ եք անցկացնում, մեծ ազդեցություն են թողնում ձեզ վրա՝ լավ կամ վատ։ Սոցիոլոգները այն կարծիքին են, որ այդ ազդեցությունը կարող է տարածվել ձեր կյանքի տարբեր ոլորտների վրա։ Օրինակ՝ նրանք ասում են, որ եթե շրջապատված եք այնպիսի մարդկանցով, ովքեր ծխում են կամ հեշտ ամուսնալուծվում են, ապա, ըստ ամենայնի, դուք էլ կսկսեք ծխել կամ կցանկանաք ամուսնալուծվել։

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ։ Ընկերացեք նրանց հետ, ովքեր ունեն այնպիսի հատկություններ և արժեքներ, որոնք հիացնում են ձեզ, և որոնք կցանկանայիք ընդօրինակել։ Օրինակ՝ շփվեք նրբանկատ, հարգալից, մեծահոգի, հյուրասեր մարդկանց հետ։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԱՅԼ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

Դիտեք Աստվածաշնչի վրա հիմնված տեսանյութեր, որոնք նախատեսված են ամուսնական զույգերի, պատանիների ու երեխաների համար և կարող են բարելավել ընտանեկան կյանքը

ՄԻ՛ ԱՍԵՔ ԲԱՆԵՐ, ՈՐՈՆՔ ԿՑԱՎԵՑՆԵՆ ԴԻՄԱՑԻՆԻՆ

«Կա մարդ, որ անմտածված է խոսում և սրի պես խոցում է» (ԱՌԱԿՆԵՐ 12։18)

ԱՌԱՏԱՁԵՌՆ ԵՂԵՔ

«Առատաձեռն հոգին կպարարտանա» (ԱՌԱԿՆԵՐ 11։25)

ՈՒՐԻՇՆԵՐԻ ՀԵՏ ՎԱՐՎԵՔ ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ԿՈՒԶԵՔ ՁԵԶ ՀԵՏ ՎԱՐՎԵՆ

«Այն, ինչ ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը դուք արեք նրանց» (ՄԱՏԹԵՈՍ 7։12)