Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՆՑՅԱԼԻ ԷՋԵՐԻՑ

Ալհազեն

Ալհազեն

ԳՈՒՑԵ երբևէ լսած չլինեք Աբու Ալի Ալ-Հասան իբն Ալ-Հայթամի մասին, որը արևմտյան երկրներում ավելի շատ հայտնի է որպես Ալհազեն (սա նրա արաբական անվան առաջին բաղադրիչի՝ Ալ-հասանի լատիներեն տարբերակն է)։ Բայց այն գործը, որ նա արել է իր ողջ կյանքի ընթացքում, ըստ ամենայնի, այժմ ձեզ էլ է օգուտներ բերում։ Ալհազենի մասին ասել են, որ նա «գիտության ասպարեզում ամենակարևոր և ազդեցիկ անհատականություններից մեկն է»։

Ալհազենը ծնվել է մ. թ. մոտ 965 թ.-ին Բասրա քաղաքում (ներկայիս Իրաքի տարածքը)։ Նա հետաքրքրվում էր աստղագիտությամբ, քիմիայով, մաթեմատիկայով, բժշկությամբ, ֆիզիկայով, օպտիկայով, երաժշտությամբ, պոեզիայով և այլն։ Սակայն հատկապես ի՞նչն է նրա մեծագույն ներդրումը մարդկության պատմության մեջ։

ԱՄԲԱՐՏԱԿ ՆԵՂՈՍԻ ՎՐԱ

Երկար ժամանակ տարածված էր Ալհազենի մասին մի պատմություն, որը կապված էր Նեղոս գետի հոսքը կարգավորելու նրա ծրագրի հետ։ Այդ նախագիծը իրագործվեց միայն մոտ հազար տարի անց՝ 1902 թ.-ին, Ասուան քաղաքում։

Այդ պատմության համաձայն՝ Ալհազենը համարձակ մի ծրագիր էր մշակել. նա ցանկանում էր Նեղոսի վրա ամբարտակ կառուցելով՝ նվազեցնել Եգիպտոսում հաճախակի բնույթ կրող ջրհեղեղներն ու երաշտները։ Երբ Կահիրեի կառավարիչը՝ խալիֆ ալ-Խակիմը, լսեց Ալհազենի մտահղացման մասին, նրան հրավիրեց Եգիպտոս՝ սկսելու ամբարտակի կառուցումը։ Սակայն, երբ Ալհազենը իր աչքով տեսավ Նեղոս գետը, հասկացավ, որ այդ նախագիծն իրականացնելը վեր է իր ուժերից։ Եվ վախենալով, որ փոփոխամիտ մարդու համբավ ունեցող այդ կառավարիչը գուցե պատժի իրեն՝ նա իր կյանքը փրկելու համար սկսեց խելագար ձևանալ և շարունակեց այդպես մինչև խալիֆի մահը, որը մահացավ մոտ 11 տարի հետո՝ 1021 թ.-ին։ Այդ ընթացքում, մինչ նրան մեկուսացած էին պահում, նա շատ ազատ ժամանակ ուներ իր հետաքրքրություններով զբաղվելու համար։

«ՕՊՏԻԿԱՅԻ ԳԻՐՔ»

Երբ Ալհազենը ազատ արձակվեց, արդեն հասցրել էր գրել իր՝ «Օպտիկայի գիրք» յոթհատորանոց աշխատության մեծ մասը։ Այն համարվել է «ֆիզիկայի պատմության մեջ ամենանշանակալից գրքերից մեկը»։ Այդ աշխատության մեջ նա գրել է լույսի բնույթի հետ կապված տարբեր ուսումնասիրությունների ու գիտափորձերի մասին. օրինակ՝ անդրադարձել է նրան, թե ինչպես է լույսը բաժանվում տարբեր գույների, ինչպես է անդրադառնում հայելային մակերևույթներից և ինչպես է բեկվում՝ մի միջավայրից մյուսը անցնելիս։ Նաև ուսումնասիրություններ է արել տեսողական ընկալման, ինչպես նաև այն բանի վերաբերյալ, թե ինչպես է կառուցված և ինչպես է գործում աչքը։

13-րդ դարում Ալհազենի աշխատությունը արդեն թարգմանվել էր արաբերենից լատիներեն, և հետագա դարերի ընթացքում եվրոպացի գիտնականները հղում էին անում այդ աշխատությանը՝ որպես հեղինակավոր աղբյուրի։ Ոսպնյակների առանձնահատկությունների մասին Ալհազենի գրվածքները հիմք հանդիսացան հեռադիտակի և մանրադիտակի ստեղծման համար, որոնք հայտնագործեցին ակնոց պատրաստող եվրոպացի վարպետները՝ մի ոսպնյակը մյուսի առջև դնելով։

«ՄՈՒԹ ԽՑԻԿ»

Ալհազենը բացահայտեց լուսանկարչության հիմքում ընկած սկզբունքները՝ ստեղծելով մի բան, ինչը կարելի է ասել պատմության մեջ հայտնի առաջին «մութ խցիկն» էր (լատիներեն՝ camera obscura)։ Դա մի մութ սենյակ էր, որի պատի վրա կար շատ փոքր անցք։ Այդ անցքի միջով լույսը ներթափանցում էր սենյակ, և անցքի հանդիպակաց պատին հայտնվում էր դրսում գտնվող առարկայի շրջված պատկերը։

Ալհազենը ստեղծեց մի բան, ինչը, ըստ ամենայնի, առաջին «մութ խցիկն» էր

1800-ականներին մութ խցիկի հետ սկսեցին օգտագործվել նաև լուսանկարչական թիթեղներ՝ պատկերները դրանց վրա մշտապես դրոշմելու համար։ Եվ արդյունքում՝ ի հայտ եկավ ֆոտոխցիկը։ Բոլոր ժամանակակից ֆոտոխցիկները, և անգամ մարդու աչքը, գործում են նույն սկզբունքներով, ինչ «մութ խցիկը»։ *

ԳԻՏԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ

Ալհազենի աշխատանքի ուշագրավ առանձնահատկությունն այն էր, որ նա բնական երևույթների վերաբերյալ մանրակրկիտ և կանոնավոր ուսումնասիրություն էր կատարում։ Նրա մոտեցումը շատ արտասովոր էր իր օրերի համար։ Նա առաջին գիտնականներից էր, որ տեսությունները ստուգում էր գործնական փորձարկումների միջոցով և չէր վախենում հարցականի տակ դնել ընդունված տեսակետները, եթե փաստերը թիկունք չէին կանգնում դրանց։

Ժամանակակից գիտության հիմնարար սկզբունքը կարելի է ձևակերպել այսպես. «Ապացուցիր այն, ինչին հավատում ես»։ Ոմանք այն կարծիքին են, որ Ալհազենը «ժամանակակից գիտական մոտեցման հիմնադիրն է»։ Այս փաստն ինքնին հիմք է տալիս, որ խորապես երախտապարտ լինենք նրան։

^ պարբ. 13 Արևմտյան երկրներում այդքան էլ լիարժեք պատկերացում չունեին «մութ խցիկի» և աչքի նմանության մասին, մինչև որ 17-րդ դարում Յոհան Կեպլերը մանրամասնորեն բացատրեց այդ ամենը։