Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Թիկունք կանգնիր Եհովայի գերիշխանությանը

Թիկունք կանգնիր Եհովայի գերիշխանությանը

«Արժանի՛ ես, Եհո՛վա, Աստվա՛ծ մեր, առնելու փառքը, պատիվը և զորությունը, որովհետև դո՛ւ ստեղծեցիր բոլոր բաները» (ՀԱՅՏՆ. 4։11

ԵՐԳ 12, 150

1, 2. Մեզանից յուրաքանչյուրը ինչո՞ւմ պետք է համոզված լինի (տես հոդվածի սկզբի նկարը)։

ԻՆՉՊԵՍ քննարկեցինք նախորդ հոդվածում, Սատանան պնդում է, թե Եհովան իրավունք չունի լինելու Գերիշխան, և որ մարդիկ ավելի լավ կապրեն, եթե իրենք ղեկավարեն իրենց։ Արդյո՞ք Սատանան ճիշտ է։ Ենթադրենք՝ մարդիկ, ովքեր որոշում են իրենք իրենց ղեկավարել, կարող են ապրել հավիտյան։ Առանց Աստծու իշխանության նրանք ավելի լա՞վ կյանքով կապրեն։ Դու ավելի երջանիկ կլինեի՞ր, եթե և՛ բացարձակ ազատություն ունենայիր, և՛ հավիտենական կյանք։

2 Ոչ ոք քո փոխարեն չի կարող պատասխանել այս հարցերին։ Յուրաքանչյուր անհատ ինքը պետք է դրանց շուրջ խորությամբ մտածի և համոզվի, որ Աստծու գերիշխանությունը արդարացի է, այն լավագույնն է, ու Եհովան արժանի է, որ ամբողջ սրտով թիկունք կանգնենք նրա գերիշխանությանը։ Աստվածաշունչը հիմնավոր պատճառներ է նշում, թե ինչու կարող ենք համոզված լինել դրանում։ Քննենք, թե ինչ է ասում Սուրբ Գիրքը Եհովայի գերիշխանության արդարացի լինելու մասին։

ԵՀՈՎԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ԻՇԽԵԼՈՒ

3. Եհովան ինչո՞ւ է միակ լիիրավ Գերիշխանը։

3 Եհովան տիեզերքի լիիրավ Գերիշխանն է, քանի որ նա է ամենակարող Աստվածը և Արարիչը (1 Տար. 29։11; Գործ. 4։24Հայտնություն 4։11-ում կարդում ենք, որ երկնային տեսիլքում Քրիստոսի 144 000 թագավորակիցները ասում են. «Արժանի՛ ես, Եհո՛վա, Աստվա՛ծ մեր, առնելու փառքը, պատիվը և զորությունը, որովհետև դո՛ւ ստեղծեցիր բոլոր բաները, և քո կամքով նրանք գոյություն ունեն ու ստեղծվեցին»։ Այո՛, քանի որ Եհովան է արարել ամեն բան, նա լիարժեք իրավունք ունի իշխելու թե՛ մարդկանց, թե՛ ոգեղեն էակների վրա։

4. Ազատ կամքը ինչո՞ւ իրավունք չի տալիս ըմբոստանալու Աստծու դեմ։

4 Սատանան ոչինչ չի ստեղծել, հետևաբար իրավունք չունի իշխելու տիեզերքում։ Նա և առաջին մարդկային զույգը, ըմբոստանալով Եհովայի գերիշխանության դեմ, հանդգնորեն վարվեցին (Երեմ. 10։23)։ Ճիշտ է, որպես ազատ կամքով ստեղծված էակներ՝ նրանք կարող էին ընտրել Աստծուց անկախ լինել։ Սակայն արդյո՞ք ազատ կամքը նրանց իրավունք էր տալիս այդպես վարվելու։ Ո՛չ։ Ազատ կամքը հնարավորություն է տալիս որոշումներ կայացնելու, ոչ թե կյանք Տվողի՝ Արարչի դեմ ըմբոստանալու։ Աստծու դեմ դուրս գալով՝ մարդը սխալ է օգտագործում իր ազատ կամքը։ Ուստի մենք Եհովայի իշխանության և առաջնորդության կարիքն ունենք։

5. Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Աստծու որոշումներն արդար են։

5 Եհովան լիիրավ Գերիշխանն է նաև այն պատճառով, որ իր իշխանությունը կատարյալ արդարությամբ է գործադրում։ Նա ասում է. «Ես Եհովան եմ՝ Նա, ով սիրառատ բարություն է ցույց տալիս և արդարությամբ ու արդարադատությամբ է վարվում երկրի վրա, քանի որ դրանց մեջ եմ ուրախություն գտնում» (Երեմ. 9։24)։ Եհովան չի նայում անկատար մարդկանց ստեղծած օրենքներին, որպեսզի որոշի, թե ինչն է արդար։ Նա կատարյալ արդարության Աստված է, և ինքն է օրենքներ սահմանել ու տվել մարդկանց։ «Արդարությունն ու արդարադատությունը հիմքն են [նրա] գահի», ուստի մենք կարող ենք վստահ լինել, որ նրա բոլոր օրենքները, սկզբունքները և որոշումները արդար են (Սաղ. 89։14; 119։128)։ Իսկ Սատանան, որը պնդում է, թե Եհովան լիիրավ Իշխան չէ, անկարող է արդարություն հաստատել աշխարհում։

6. Ուրիշ ի՞նչ պատճառով Եհովան իրավունք ունի ղեկավարելու աշխարհը։

6 Եհովան լիիրավ Գերիշխանն է ևս մեկ պատճառով։ Նա ունի անհրաժեշտ գիտելիքներ և իմաստություն՝ աշխարհի մասին հոգ տանելու համար։ Նկատի առնենք, օրինակ, այն փաստը, որ Աստված իր Որդուն կարողություն տվեց բուժելու այնպիսի հիվանդություններ, որոնց դեմ բժիշկներն անզոր էին (Մատթ. 4։23, 24; Մարկ. 5։25–29)։ Եհովայի տեսանկյունից այդ բուժումները հրաշք չէին։ Նա լավ գիտի այն պրոցեսները, որ տեղի են ունենում մարդու օրգանիզմում, ուստիև կարող է բուժել ցանկացած հիվանդություն։ Նա կարող է նաև դարձյալ կյանք տալ մահացածին ու կանգնեցնել բնական աղետները։

7. Որքանո՞վ է Եհովայի իմաստությունը տարբերվում Սատանայի իշխանության տակ գտնվող աշխարհի իմաստությունից։

7 Սատանայի իշխանության տակ գտնվող աշխարհը մինչ օրս կերպեր է փնտրում քաղաքացիական և ազգամիջյան բախումներին վերջ տալու համար։ Միայն Եհովան գիտի, թե ինչպես է հնարավոր խաղաղություն հաստատել աշխարհում (Ես. 2։3, 4; 54։13)։ Երբ փորձում ենք հասկանալ, թե որքան իմաստուն է Եհովան, մենք էլ Պողոս առաքյալի պես ուզում ենք ասել. «Օ՜, որքա՜ն առատ են Աստծու օրհնությունները, և որքա՜ն խորն են նրա իմաստությունն ու գիտելիքները։ Որքա՜ն անըմբռնելի են նրա դատաստանները, և անզննելի նրա ճանապարհները» (Հռոմ. 11։33

ԵՀՈՎԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է

8. Ինչո՞ւ է քեզ դուր գալիս Եհովայի իշխելու կերպը։

8 Աստվածաշունչը հստակ ցույց է տալիս, որ Եհովան իրավունք ունի իշխելու, և որ նրա իշխանությունը անհամեմատ բարձր է մյուսների իշխանությունից։ Պատճառներից մեկն այն է, որ Աստծու իշխանության հիմքում սերն է։ Մեր սրտերը ջերմանում են, երբ տեսնում ենք, թե նա ինչպես է գործադրում իր իշխանությունը։ Նա «ողորմած է ու գթառատ.... բարկանալու մեջ դանդաղ և սիրառատ բարությամբ ու ճշմարտությամբ լի» (Ելք 34։6)։ Աստված մեզ հետ վերաբերվում է հարգանքով ու արժանապատվությամբ։ Նա մեր մասին ավելի լավ է հոգ տանում, քան մենք ինքներս։ Սատանայի պնդմանը հակառակ՝ Եհովան ոչ մի բարիքից չի զրկում իր հավատարիմ ծառաներին։ Նա նույնիսկ իր թանկագին Որդուն է զոհել, որպեսզի հավիտենական կյանքի հեռանկար ունենանք (կարդա Սաղմոս 84։11; Հռոմեացիներ 8։32

9. Որտեղի՞ց գիտենք, որ Աստված հոգ է տանում յուրաքանչյուրիս մասին։

9 Եհովան սիրում է իր ժողովրդին, բացի այդ՝ հետաքրքրված է յուրաքանչյուրով։ Նկատի առնենք մի օրինակ։ Եհովան երեք դարերի ընթացքում Իսրայելում դատավորներ էր նշանակում, որպեսզի ժողովրդին ազատեին հարստահարող թշնամիների ձեռքից։ Սակայն այդ անհանգիստ ժամանակներում նրա ուշադրությունից չվրիպեց այլազգի մի կին՝ Հռութը, որը շատ զոհողություններ էր արել, որպեսզի ընդուներ ճշմարիտ երկրպագությունը։ Եհովան օրհնեց Հռութին և նրան ամուսին ու որդի պարգևեց։ Բայց սա դեռ ամենը չէ։ Երբ Հռութը հարություն առնի, նա կիմանա, որ իր որդու շառավղից է առաջ եկել Մեսիան։ Եվ պատկերացրու, թե ինչ կզգա նա, երբ իմանա, որ իր պատմությունը գրի է առնվել Աստվածաշնչում, և որ այդ գիրքը իր իսկ անունով է վերնագրված (Հռութ 4։13; Մատթ. 1։5, 16

10. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Եհովան կոպտությամբ չի իշխում։

10 Եհովան կոպտորեն ու դաժանությամբ չի իշխում։ Ովքեր հնազանդվում են նրան, ազատ են և ուրախ (2 Կորնթ. 3։17)։ Դավիթ թագավորը այսպես արտահայտվեց Եհովայի մասին. «Արժանապատվությունն ու շքեղությունը [Աստծու] առջև են, զորությունն ու ուրախությունը՝ նրա բնակավայրում» (1 Տար. 16։7, 27)։ Իսկ սաղմոսերգու Եթանը գրեց. «Երջանիկ է այն ժողովուրդը, որը գիտի, թե ինչ են ուրախության բացականչությունները։ Ո՛վ Եհովա, քո երեսի լույսով են նրանք ընթանում, քո անունով են նրանք ուրախանում ամեն օր և քո արդարությամբ են նրանք բարձրացվում» (Սաղ. 89։15, 16

11. Ինչպե՞ս կարող ենք ամրացնել մեր համոզվածությունը, որ Եհովայի իշխանությունը լավագույնն է։

11 Որքան հաճախ մտածենք Եհովայի հատկությունների մասին, այնքան ավելի մեծ համոզվածությամբ կլցվենք, որ նրա իշխանությունը լավագույնն է։ Մենք էլ նույն տեսակետը կունենանք, որն ուներ սաղմոսերգուն, ով ասաց. «Քո գավիթներում անցկացրած մեկ օրը ավելի լավ է, քան հազարավորները՝ դրանցից դուրս» (Սաղ. 84։10)։ Եհովան, լինելով մեզ Նախագծողն ու Արարողը, գիտի, թե մեզ ինչ է անհրաժեշտ իսկապես երջանիկ լինելու համար, և առատորեն տալիս է այդ ամենը։ Ինչ էլ որ նա պահանջում է մեզանից, մեր օգտի համար է։ Եթե հնազանդվենք նրան, միշտ ուրախ կլինենք, նույնիսկ եթե կարիք լինի դրա համար ինչ-որ բան զոհելու (կարդա Եսայիա 48։17

12. Ո՞րն է Եհովայի գերիշխանությանը թիկունք կանգնելու մեր գլխավոր մղումը։

12 Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Քրիստոսի Հազարամյա իշխանությունից հետո կլինեն մարդիկ, որոնք կըմբոստանան Եհովայի գերիշխանության դեմ (Հայտն. 20։7, 8)։ Ինչի՞ց դրդված են նրանք այդպես վարվելու։ Բանսարկու Սատանան, որն այդ ժամանակ ազատ է արձակվելու, առաջվա պես կմոլորեցնի մարդկանց և նրանց մեջ եսասիրական մղումներ կարթնացնի։ Նա կփորձի համոզել նրանց, թե առանց Եհովային հնազանդվելու էլ կարող են հավիտյան ապրել։ Ինչ խոսք, նրա պնդումները երբեք իրականություն չեն դառնա։ Բայց լավ կլինի՝ մտածենք. կարո՞ղ է այսպիսի սուտը ինչ-որ չափով գրավիչ լինել մեզ համար։ Եթե մենք սիրում ենք Եհովային ու նրան ծառայում ենք այն պատճառով, որ համոզված ենք՝ նա բարի է և իրավունք ունի լինելու տիեզերքի Գերիշխանը, ապա Սատանայի սուտ պնդումները նողկալի կլինեն մեզ համար։ Մենք կցանկանանք ապրել միայն Եհովայի արդար և սիրառատ իշխանության տակ։

ՀԱՎԱՏԱՐՄՈՐԵՆ ԹԻԿՈՒՆՔ ԿԱՆԳՆԵՆՔ ԳԵՐԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ

13. Ինչպե՞ս ենք ցույց տալիս, որ թիկունք ենք կանգնում Եհովայի գերիշխանությանը։

13 Անշուշտ, Եհովան արժանի է, որ սրտանց թիկունք կանգնենք նրա գերիշխանությանը։ Ինչպես արդեն տեսանք, նա իրավունք ունի ղեկավարելու մեզ, և նրա իշխելու կերպը լավագույնն է։ Մենք կարող ենք թիկունք կանգնել նրա իշխանությանը՝ անարատ մնալով և հավատարմորեն նրան ծառայելով։ Ուրիշ ի՞նչ ձևով կարող ենք դա անել։ Ընդօրինակելով Եհովային։ Երբ ամեն իրավիճակում վարվում ենք այնպես, ինչպես նա կվարվեր, ցույց ենք տալիս, որ սիրում ենք նրան և կողմ ենք նրա իշխանությանը (կարդա Եփեսացիներ 5։1, 2

14. Երեցները և ընտանիքների գլուխները ինչպե՞ս կարող են ընդօրինակել Եհովային։

14 Աստվածաշնչից մենք իմանում ենք, որ Եհովան իր իշխանությունը միշտ սիրալիր կերպով է գործադրում։ Երեցները և ընտանիքների գլուխները, որոնք սիրում են Եհովայի գերիշխանությունը, չեն լինի խստապահանջ, ասես թե ժողովը կամ ընտանիքը իրենց սեփական «թագավորությունն» է։ Փոխարենը՝ նրանք կընդօրինակեն Եհովային, ինչպես Պողոս առաքյալը, որը ձգտում էր ընդօրինակել Աստծուն ու նրա Որդուն (1 Կորնթ. 11։1)։ Պողոսը ուրիշներին անհարմար դրության մեջ չէր դնում և չէր ստիպում, որ իր ուզած ձևով վարվեն։ Նա խնդրում կամ հորդորում էր (Հռոմ. 12։1; Եփես. 4։1; Փիլիմ. 8–10)։ Եհովան էլ է այդպես վարվում։ Նույնը պետք է անեն բոլոր նրանք, ովքեր սիրում են Աստծու գերիշխանությունը և թիկունք են կանգնում դրան։

15. Աստվածապետական կարգի հանդեպ հարգանքը ինչպե՞ս է ցույց տալիս, որ սիրում ենք Եհովայի գերիշխանությունը։

15 Ինչպե՞ս ենք վերաբերվում Աստծու սահմանած գլխավորությանը։ Հարգանքով համագործակցելով այն անհատների հետ, ում իշխանություն է տրված, մենք թիկունք ենք կանգնում Եհովայի գերիշխանությանը։ Նույնիսկ եթե ամբողջովին չենք հասկանում կայացված որոշումը կամ լիովին համաձայն չենք դրան, միևնույն է, կաջակցենք աստվածապետական կարգին։ Աշխարհում ընդունված չէ նման վարվելակերպը։ Սակայն մենք այսպես ենք վարվում, քանի որ ընդունում ենք Եհովայի իշխանությունը (Եփես. 5։22, 23; 6։1–3; Եբր. 13։17)։ Դա մեզ միայն օգուտ է բերում, քանի որ Աստված այդ կարգը հաստատել է մեր բարօրության համար։

16. Աստծու գերիշխանությանը թիկունք կանգնողները ինչպե՞ս են անձնական որոշումներ կայացնում։

16 Մենք կարող ենք մեր որոշումներով նույնպես թիկունք կանգնել Աստծու գերիշխանությանը։ Եհովան ամեն իրավիճակի համար կոնկրետ պատվեր չի տվել, սակայն հայտնի է դարձրել իր տեսակետը։ Օրինակ՝ Աստվածաշնչում չենք գտնում մանրակրկիտ կանոններ քրիստոնյաների հագուկապի վերաբերյալ։ Սակայն այն օգնում է հասկանալ, որ Եհովան ցանկանում է՝ հագուստի մեր ընտրած ոճերը լինեն համեստ և քրիստոնյա ծառայողին վայել (1 Տիմոթ. 2։9, 10)։ Նա նաև ուզում է՝ հաշվի առնենք, թե մեր որոշումները ինչպես կանդրադառնան ուրիշների վրա (1 Կորնթ. 10։31–33)։ Երբ որոշում կայացնելիս չենք առաջնորդվում մեր նախասիրություններով, այլ հաշվի ենք առնում Եհովայի տեսակետն ու ցանկությունը, ցույց ենք տալիս, որ սիրում ենք ու թիկունք կանգնում նրա իշխանությանը։

Թիկունք կանգնիր Աստծու գերիշխանությանը որոշումներ կայացնելիս և ամուսնական կյանքում (տես պարբերություն 16–18)

17, 18. Ամուսնական զույգերը ինչպե՞ս կարող են ցույց տալ, որ թիկունք են կանգնում Եհովայի գերիշխանությանը։

17 Քրիստոնյա ամուսնական զույգերը ինչպե՞ս կարող են ցույց տալ, որ թիկունք են կանգնում Եհովայի գերիշխանությանը, օրինակ, երբ ամուսնական կյանքում ակնկալածից ավելի շատ դժվարություններ են լինում, ինչը կարող է նույնիսկ հիասթափություն առաջացնել։ Այս դեպքում ճիշտ կլինի խորհել այն մասին, թե ինչպես էր Եհովան վերաբերվում Իսրայել ժողովրդին։ Նա իրեն ներկայացնում է որպես այդ հին ազգի ամուսին (Ես. 54։5; 62։4)։ Այդ «ամուսնությունը» իդեալական չէր, քանի որ Իսրայելը շարունակ հիասթափեցնում էր Եհովային։ Սակայն Աստված չէր շտապում խզել այդ փոխհարաբերությունները։ Նա կրկին ու կրկին ներում էր այդ ազգին և հավատարիմ էր մնում նրանց հետ կապած իր ուխտին (կարդա Սաղմոս 106։43–45)։ Մի՞թե մեզ չի գրավում Եհովայի նվիրվածությունն ու սերը։

18 Եհովային սիրող ամուսնական զույգերը ընդօրինակում են նրան։ Երբ նրանք խնդիրներ ունենան իրենց ամուսնական կյանքում, չեն փորձի վերջ դնել իրենց հարաբերություններին՝ առանց սուրբգրային հիմք ունենալու։ Նրանք գիտակցում են, որ Եհովան միավորել է իրենց մեկ լծի տակ և ուզում է, որ մեկ մարմին լինեն։ Ամուսնալուծության սուրբգրային միակ հիմքը, որը վերամուսնանալու իրավունք է տալիս, պոռնկությունն է (Մատթ. 19։5, 6, 9)։ Ուստի եթե նրանք անեն ամեն հնարավոր բան, որպեսզի այդ միությունը ամուր պահեն, ապա թիկունք կկանգնեն Եհովայի գերիշխանությանը։

19. Ի՞նչ պետք է անենք, եթե Աստծու գերիշխանությանը թիկունք կանգնելու հարցում թերանանք։

19 Լինելով անկատար՝ երբեմն կանենք բաներ, որոնցով կհիասթափեցնենք Եհովային։ Նա գիտի դա, ուստի սիրուց մղված՝ Քրիստոսին որպես փրկանք է տվել մեզ համար։ Հետևաբար երբ մենք ինչ-որ հարցում սխալվում ենք, պետք է Եհովայից ներում խնդրենք (1 Հովհ. 2։1, 2)։ Ինքներս մեզ անընդհատ մեղադրելու փոխարեն՝ պետք է ջանանք սովորել մեր սխալներից։ Եթե Եհովային մոտ մնանք, նա կների մեզ և կօգնի, որ մեր էմոցիոնալ վերքերը բուժվեն, և որ կարողանանք հետագայում նման իրավիճակում ճիշտ վարվել (Սաղ. 103։3

20. Ինչո՞ւ պետք է այսօր իսկ թիկունք կանգնենք Եհովայի գերիշխանությանը։

20 Նոր աշխարհում բոլորը ապրելու են Եհովայի իշխանության ներքո և սովորելու են նրա արդար ճանապարհները (Ես. 11։9)։ Սակայն այսօր իսկ մենք սովորում ենք այդ ճանապարհներով քայլել։ Շուտով Աստծու գերիշխանությունը կարդարացվի։ Հիմա ժամանակն է, որ թիկունք կանգնենք նրա գերիշխանությանը՝ մեր անարատությունը պահելով, նրան ծառայելով և ձգտելով ամեն ինչում ընդօրինակել նրան։