Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Մեր կյանքում տեսել ենք Աստծու անզուգական բարությունը

Մեր կյանքում տեսել ենք Աստծու անզուգական բարությունը

ՀԱՅՐՍ՝ Արթուրը, լինելով աստվածավախ երիտասարդ, ցանկանում էր դառնալ մեթոդիստական եկեղեցու ծառայող։ Սակայն իր մտադրությունը փոխեց, երբ կարդաց Աստվածաշունչ ուսումնասիրողների հրատարակած գրականությունը և սկսեց շփվել նրանց հետ։ Նա մկրտվեց 1914 թ.-ին, երբ 17 տարեկան էր։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներն էին։ Նրան զորակոչեցին, և քանի որ նա հրաժարվեց զենք վերցնել, 10 ամսով ազատազրկվեց Օնտարիոյի Քինգստոն ուղղիչ գաղութում (Կանադա)։ Ազատ արձակվելուց հետո նա սկսեց ծառայել որպես գրքեր տարածող (այժմ՝ ռահվիրա)։

1926 թ.-ին հայրս՝ Արթուր Գեսթը, ամուսնացավ մորս՝ Հեյզլ Ուիլքինսոնի հետ, որի մայրը ճշմարտությունը իմացել էր 1908-ին։ Ես ծնվեցի 1931-ի ապրիլի 24-ին։ Չորս երեխաներից երկրորդն էի։ Եհովային նվիրված երկրպագությունը մեր ընտանիքում կարևոր տեղ էր զբաղեցնում։ Հայրս խոր հարգանք էր տածում Աստվածաշնչի հանդեպ, և դա փոխանցվեց ու արմատավորվեց մեր մեջ։ Մենք ընտանիքով կանոնավորաբար տնետուն էինք ծառայում (Գործ. 20։20

ՀՈՐՍ ՊԵՍ ՉԵԶՈՔՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՎ ՌԱՀՎԻՐԱՅՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՍԿՍՈՒՄ

1939 թ.-ին սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Իսկ հաջորդ տարի Կանադայում Եհովայի վկաների գործունեությունը արգելքի տակ դրվեց։ Դպրոցներում ազգայնասիրական արարողություններ էին անում, որոնց մեջ մտնում էր դրոշին պատիվ տալը և ազգային հիմնը երգելը։ Ինձ ու մեծ քրոջս՝ Դորոթիին, թույլ էին տվել, որ այդ արարողությունների ժամանակ դուրս գանք դասարանից։ Բայց մի անգամ ուսուցիչս փորձեց խայտառակել ինձ՝ վախկոտ անվանելով։ Դասերից հետո դասարանցիներիցս մի քանի հոգի հարձակվեցին ու ինձ հարվածելով գետին գցեցին։ Այդ դեպքը ավելի ամրացրեց իմ վճռականությունը, որ «առաջին հերթին պետք է Աստծուն հնազանդվեմ և ոչ թե մարդկանց» (Գործ. 5։29

1942 թ. հուլիսին, երբ 11 տարեկան էի, մկրտվեցի մի ֆերմայում՝ ջրի բաքի մեջ։ Դպրոցական արձակուրդների ժամանակ ես սիրում էի ծառայել որպես կարճաժամկետ ռահվիրա (այժմ՝ ենթառահվիրա)։ Մի տարի արձակուրդի ընթացքում երեք ուրիշ եղբայրների հետ գնացի չնշանակված տարածք հյուսիսային Օնտարիոյում՝ քարոզելու անտառահատներին։

1949-ի մայիսից ռահվիրայություն սկսեցի։ Բայց քանի որ Կանադայի մասնաճյուղում շինարարություն էր ընթանում, ինձ հրավիրեցին օգնելու, և դեկտեմբերի 1-ին դարձա Բեթելի ընտանիքի անդամ։ Ես նշանակվեցի ծառայելու տպարանում և սովորեցի, թե ինչպես աշխատեցնել հարթ տպագրության հաստոցը։ Մի քանի շաբաթ գիշերային հերթափոխով էի ծառայում. Կանադայի Եհովայի վկաների հալածանքների մասին մի թերթիկ էինք տպագրում։

Հետագայում նշանակվեցի ծառայողական բաժին։ Այնտեղ հարցազրույց վերցրի մի քանի ռահվիրաներից, որոնք նշանակվել էին ծառայելու Քվեբեկում՝ բուռն հալածանքների կենտրոնում։ Այցելուներից մեկը Մարի Զազուլան էր՝ Էդմոնտոնից (Կանադայի Ալբերտա նահանգից)։ Քանի որ նա և իր ավագ եղբայրը չէին թողել Աստվածաշնչի ուսումնասիրությունը, ուղղափառ ծնողները նրանց տնից դուրս էին հանել։ 1951-ի հունիսին Մարին և իր եղբայրը մկրտվել էին և 6 ամիս հետո ռահվիրայություն էին սկսել։ Հարցազրույցի ընթացքում ես շատ տպավորվեցի Մարիի հոգևոր հասունությամբ։ Մտածեցի. «Սա այն աղջիկն է, որի հետ կուզեի ամուսնանալ»։ Ինը ամիս հետո՝ 1954-ի հունվարի 30-ին, մենք ամուսնացանք, իսկ մեկ շաբաթ անց հրավիրվեցինք մարզում ստանալու շրջանային ծառայության համար։ Հաջորդ երկու տարիներին ծառայեցինք հյուսիսային Օնտարիոյի շրջաններից մեկում։

Քանի որ քարոզչության գործը ամբողջ աշխարհով մեկ աճում էր, կոչ արվեց, որ քարոզիչները միսիոներական ծառայություն սկսեն։ Մենք մտածեցինք, որ եթե կարողացել ենք դիմանալ Կանադայի ցրտաշունչ ձմռանը և ամառվա նյարդայնացնող մոծակներին, ուրեմն կկարողանանք դիմանալ ցանկացած դժվար հանգամանքի՝ անկախ նրանից, թե որտեղ կնշանակվենք։ 1956 թ. հուլիսին մենք ավարտեցինք Գաղաադ դպրոցի 27-րդ դասարանը և նոյեմբերին արդեն Բրազիլիայում էինք՝ մեր նշանակման վայրում։

ՄԻՍԻՈՆԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԲՐԱԶԻԼԻԱՅՈՒՄ

Բրազիլիայի մասնաճյուղ հասնելուն պես սկսեցինք պորտուգալերեն սովորել։ Երբ արդեն գիտեինք, թե այդ լեզվով ինչպես դիմել մարդկանց, և անգիր արեցինք ամսագրի մեկ րոպեանոց մատուցում, մեզ հրավիրեցին քարոզչական ծառայության։ Եթե մարդիկ հետաքրքրություն ցույց տային, պետք է կարդայինք համարներ, որոնք նկարագրում են կյանքը Աստծու Թագավորության ներքո։ Առաջին օրը, երբ դուրս եկանք ծառայության, խոսեցի մի կնոջ հետ, որը հետաքրքրվեց, ուստի ես կարդացի Հայտնություն 21։3, 4 համարները։ Դրանից անմիջապես հետո կորցրի գիտակցությունս։ Իմ օրգանիզմը դեռ չէր հարմարվել Բրազիլիայի խոնավ ու շոգ եղանակին և այդպես էլ չհարմարվեց։

Մենք նշանակվեցինք Կամպուս քաղաք, որտեղ միայն մեկ մեկուսի խումբ կար, իսկ այժմ կան 15 ժողովներ։ Կամպուսի միսիոներական տանը ապրում էին չորս քույրեր՝ Էսթեր Թրեյսին, Ռամոնա Բաուերը, Լուիզա Շվարցը և Լորեն Բրուքսը (այժմ Ուոլեն)։ Իմ հանձնարարությունն էր օգնել լվացքատան գործերում և ճաշ պատրաստելու համար փայտ բերել։ Մի երկուշաբթի երեկո՝ «Դիտարանի» ուսումնասիրությունից հետո, անկոչ հյուր ունեցանք։ Կինս բազմոցին պառկած հանգստանում էր։ Խոսում էինք օրվա իրադարձություններից։ Երբ նա գլուխը բարձրացրեց, բարձի տակից մի օձ դուրս սողաց։ Տանը մեծ իրարանցում սկսվեց, մինչև որ ես սպանեցի դրան։

Մեկ տարի պորտուգալերեն սովորելուց հետո ես նշանակվեցի շրջանային վերակացու։ Պարզ կյանքով էինք ապրում։ Ծառայում էինք գյուղական տարածքներում, որտեղ չկար էլեկտրականություն։ Քնում էինք խսիրների վրա և ճամփորդում էինք ձիերով ու կառքով։ Չնշանակված տարածքի քարոզարշավի ժամանակ մենք գնացքով մեկնեցինք մի լեռնային քաղաք և իջևանատանը սենյակ վարձեցինք։ Տարածելու համար մասնաճյուղը մեզ 800 ամսագրեր ուղարկեց։ Հաճախ էինք գնում փոստ՝ արկղերով ամսագրերը ստանալու։ Դրանք տանում էինք մեր վարձակալած սենյակ։

1962-ին Բրազիլիայի տարբեր քաղաքներում Թագավորական ծառայության դպրոց անցկացվեց եղբայրների և միսիոներ քույրերի համար։ Վեց ամիս պետք է մի դպրոցից մյուսն այցելեի, բայց առանց Մարիի։ Դասեր անցկացրի Մանաուսում, Բելենում, Ֆորտալեզայում, Ռեսիֆիում և Սալվադորում։ Մարզային համաժողով կազմակերպեցի Մանաուսի հանրաճանաչ օպերային թատրոնի շենքում։ Սակայն հորդառատ անձրևների պատճառով խմելու ջուրը աղտոտվեց և չկար համապատասխան տարածք, որը համաժողովի պատվիրակների համար կծառայեր որպես ճաշարան (այդ ժամանակ պատվիրակների համար կերակուր էր պատրաստվում)։ Կապ հաստատեցի զինված ուժերի հետ, և մի բարի սպա պատրաստակամությամբ կազմակերպեց, որ բոլոր պատվիրակների համար խմելու ջուր մատակարարվի։ Նաև զինվորներ ուղարկեց, որ երկու մեծ վրան կանգնեցնեն, որոնք կծառայեին որպես խոհանոց և ճաշարան։

Իմ բացակայության ընթացքում Մարին ծառայեց մի առևտրական շրջանում, որտեղ շատ պորտուգալացիներ կային։ Նրանց միակ հետաքրքրությունը փող աշխատելն էր։ Մարիին չհաջողվեց որևէ մեկի հետ Աստվածաշնչի մասին զրուցել, և այդ պատճառով որոշ բեթելցիների ասաց. «Բացի Պորտուգալիայից ամեն տեղ կապրեմ»։ Սակայն շատ չանցած՝ նա անակնկալի եկավ, երբ նամակ ստացանք, որտեղ ասվում էր, որ մենք նշանակվել ենք Պորտուգալիա։ Այդ ժամանակ այնտեղ քարոզչական գործը արգելքի տակ էր, բայց մենք ընդունեցինք այդ նշանակումը։

ՄԵՐ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅՈՒՄ

1964-ի օգոստոսին ժամանեցինք Լիսաբոն (Պորտուգալիա)։ Մեր եղբայրները հալածվում էին Պորտուգալիայի գաղտնի ոստիկանության կողմից։ Այնտեղ մեզ չէին դիմավորելու, և սկզբում կապ չէինք ունենալու տեղի Վկաների հետ։ Հաշվի առնելով երկրում տիրող իրավիճակը՝ այդպես վարվելը խելամիտ էր։ Մինչ կացության իրավունք կստանայինք, որոշեցինք մնալ մի իջևանատանը։ Մեր վիզաները ստանալուց հետո մի բնակարան վարձեցինք։ 1965-ի հունվարին վերջապես կապ հաստատեցինք մասնաճյուղի հետ։ Անչափ ուրախալի էր, երբ հինգ ամիս անց առաջին անգամ ներկա եղանք ժողովի հանդիպմանը։

Իմացանք, որ ոստիկանությունը ամեն օր ներխուժում է եղբայրների տները։ Քանի որ Թագավորության սրահները փակվել էին, ժողովի հանդիպումները անցկացվում էին մասնավոր տներում։ Հարյուրավոր վկաների տանում էին ոստիկանություն՝ ինքնությունը ճշտելու և հարցաքննելու։ Հատկապես վատ էին վերաբերվում եղբայրներին, որպեսզի ստիպեն նրանց ասել հանդիպումներն անցկացնողների անունները։ Արդյունքում եղբայրները սովորություն էին դարձրել իրար դիմել առանց ազգանունների։ Մենք էլ նույնն արեցինք։

Մեր եղբայրներին հոգևոր կերակուրով ապահովելը ամենակարևոր բանն էր։ Մարիին հանձնարարվել էր տպել «Դիտարանի» ուսումնասիրության հոդվածների և այլ գրականության ձևանմուշները, որոնց օրինակները բազմացվում էին միմիոգրաֆի միջոցով։

ԲԱՐԻ ԼՈՒՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆՔ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

1966 թ. հունիսին Լիսաբոնում մի կարևոր դատավարություն եղավ։ Ֆեյժու ժողովի բոլոր 49 անդամների դեմ դատական գործ էր հարուցվել։ Նրանք մեղադրվում էին մասնավոր տանը անօրինական հավաքույթի ներկա լինելու մեջ։ Ես նրանց նախապատրաստեցի դատին և խաչաձև հարցաքննությանը՝ կատարելով դատախազի դերը։ Մենք գիտեինք, որ չենք շահելու դատը, սակայն դա վկայություն տալու լավ առիթ էր։ Մեր փաստաբանը իր եզրափակիչ խոսքում խիզախորեն մեջբերեց առաջին դարում ապրած Գամաղիելի խոսքերը (Գործ. 5։33–39)։ Լրատվական միջոցները հրապարակեցին այս դատի մասին։ 49 եղբայրներն ու քույրերը դատապարտվեցին 45 օրից մինչև հինգուկես ամիս ազատազրկման։ Մենք ուրախ ենք, որ մեր փաստաբանը սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել և մինչև մահանալը այցելեց ժողովի հանդիպումներին։

1966-ի դեկտեմբերին ես նշանակվեցի մասնաճյուղի վերակացու։ Ժամանակի մեծ մասը անցկացնում էի՝ զբաղվելով իրավաբանական հարցերով։ Հնարավոր ամեն բան անում էինք, որպեսզի Պորտուգալիայում Եհովայի վկաները երկրպագության ազատություն ունենային (Փիլիպ. 1։7)։ 1974 թ. դեկտեմբերի 18-ին ի վերջո պետական գրանցում ստացանք։ Այդ ուրախ առիթով գլխավոր վարչությունից եղբայր Նաթան Նորը և Ֆրեդերիկ Ֆրանցը եկան Պորտուգալիա։ Պատմական հանդիպումներ անցկացվեցին Պորտու և Լիսաբոն քաղաքներում, որոնց ներկա եղավ 46 870 հոգի։

Եհովան ծառայության ընդարձակ դուռ բացեց պորտուգալախոս մի շարք կղզիներում, որոնցից էին Ազորյան կղզիները, Կաբո Վերդեն, Մադեյրան ու Սան Թոմե և Պրինսիպին։ Քարոզիչների աճին զուգահեռ կարիք առաջացավ ունենալու ավելի մեծ մասնաճյուղ։ 1988 թ. ապրիլի 23-ին եղբայր Միլթոն Հենշելը նախագահեց նոր մասնաճյուղի նվիրման ծրագիրը, որին ներկա էր 45 522 հոգի։ 20 եղբայրներ ու քույրեր, որոնք միսիոներ էին ծառայել Պորտուգալիայում, եկան այդ պատմական իրադարձությանը։ Իրոք որ հուզիչ ժամանակներ էին։

ՍՈՎՈՐԵԼ ԵՆՔ ՀԱՎԱՏԱՐԻՄՆԵՐԻ ՕՐԻՆԱԿՆԵՐԻՑ

Տարիների ընթացքում հավատարիմ եղբայրների հետ շփումը հարստացրել է մեր կյանքը։ Մի անգամ, երբ առիթ ունեցա համագործակցելու Թեոդոր Յարաչի հետ, երբ նա զոնալ այցելություններ էր կատարում, մի շատ կարևոր դաս սովորեցի նրանից։ Մեր այցելած մասնաճյուղը մի լուրջ խնդրի առաջ էր կանգնել, և կոմիտեի անդամները արել էին ամեն հնարավոր բան այն լուծելու համար։ Նրանց հանգստացնելով՝ եղբայր Յարաչն ասաց. «Հիմա ժամանակն է, որ թույլ տաք՝ սուրբ ոգին գործի»։ Իսկ տասնամյակներ առաջ, երբ այցելեցինք Բրուքլին, ես ու կինս մի երեկո ժամանակ անցկացրինք եղբայր Ֆրանցի ու մի քանի հավատակիցների հետ։ Երբ Ֆրանցին խնդրեցինք, որ իր երկար տարիների ծառայության փորձից մի խորհուրդ տա մեզ, նա ասաց. «Ինչ էլ որ լինի, թե՛ լավ, թե՛ վատ ժամանակներում կառչած մնացեք Եհովայի տեսանելի կազմակերպությանը։ Սա միակ կազմակերպությունն է, որ կատարում է այն, ինչ Հիսուսը պատվիրեց իր աշակերտներին՝ քարոզել Թագավորության բարի լուրը»։

Ես ու կինս, հետևելով նրա խորհրդին, մեծ ուրախություն ենք ստանում։ Մեզ համար թանկ են այն հուշերը, որ մնացել են մեր կատարած զոնալ այցելություններից։ Հաճելի էր տեսնել՝ ինչպես են թե՛ երիտասարդները, թե՛ տարեցները հավատարմորեն ծառայում, և հավաստիացնել նրանց, որ Եհովան թանկ է գնահատում նրանց ծառայությունը։ Մենք միշտ քաջալերում էինք նրանց, որ շարունակեն Եհովային ծառայել իրենց հատուկ նշանակման մեջ։

Տարիներ են անցել, և երկուսս էլ 80-ն անց ենք։ Մարին տարբեր առողջական խնդիրներ ունի (2 Կորնթ. 12։9)։ Փորձությունները զտել են մեր հավատը և զորացրել անարատ մնալու մեր վճռականությունը։ Երբ մտածում ենք մեր ապրած կյանքի մասին, տեսնում ենք, որ Եհովան շատ կերպերով է իր անզուգական բարությունը դրսևորել մեր հանդեպ։ *

^ պարբ. 29 Մինչ այս հոդվածը պատրաստվում էր տպագրության, 2015 թ. հոկտեմբերի 25-ին Դուգլաս Գեսթը մահացավ՝ հավատարիմ մնալով Եհովային։