Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Աստվածաշունչ. ճշմարտության վստահարժան աղբյուր

Աստվածաշունչ. ճշմարտության վստահարժան աղբյուր

Դարեր ի վեր տարբեր ազգության ու տարբեր ծագում ունեցող մարդիկ Աստվածաշունչը համարել են ճշմարտության վստահարժան աղբյուր։ Եվ այսօր միլիոնավոր մարդիկ ապրում են այն ամենի համաձայն, ինչ սովորեցնում է այդ գիրքը։ Սակայն ոմանք էլ համարում են, որ Աստվածաշունչը ժամանակավրեպ է կամ պարզապես առասպելների գիրք է։ Դո՞ւք ինչ եք կարծում։ Կարո՞ղ եք Աստվածաշնչում գտնել ճշմարտությունը։

ԻՆՉՈՒ ԿԱՐՈՂ ԵՔ ՎՍՏԱՀԵԼ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՆ

Ինչպե՞ս կարող եք պարզել՝ Աստվածաշունչը արժանի՞ է ձեր վստահությանը, թե՞ ոչ։ Օրինակ, եթե ձեր ընկերը տարիներ շարունակ ձեզ ճիշտն ասեր, մի՞թե նրան վստահարժան չէիք համարի։ Իսկ Աստվածաշո՞ւնչը. այդ վստահարժան ընկերոջ նման այն միշտ ճի՞շտն է ասել։ Նկատի առնենք մի քանի փաստ։

Ճշմարտախոս գրողներ

Աստվածաշնչի գրողները շատ անկեղծ են եղել։ Հաճախ նրանք գրել են իրենց իսկ սխալների ու թերացումների մասին։ Օրինակ՝ Հովնան մարգարեն գրել է իր անհնազանդության մասին (Հովնան 1։1–3)։ Նա իր անունը կրող աստվածաշնչյան գիրքը ավարտում է՝ նշելով, թե Աստված ինչպես խրատեց իրեն, բայց միևնույն ժամանակ խոնարհաբար ոչ մի ուշադրություն չի հրավիրում իր վրա ու չի հիշատակում, թե ինչպես ինքն ուղղեց իր մտածելակերպը։ (Հովնան 4։1, 4, 10, 11)։ Այն փաստը, որ Աստվածաշնչի բոլոր գրողներն էլ ազնիվ են եղել, ցույց է տալիս, որ նրանք իսկապես շատ են կարևորել ճշմարտությունը։

Ճիշտ խորհուրդներ առօրյա կյանքի համար

Առօրյա կյանքի համար Աստվածաշնչի տված խորհուրդները իսկապես գործնակա՞ն են։ Անշո՛ւշտ։ Օրինակ՝ տեսնենք, թե Աստվածաշունչը ինչ խորհուրդներ է տալիս մարդկանց հետ լավ փոխհարաբերություններ պահպանելու համար. «Ուրեմն այն, ինչ ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը դուք արեք նրանց» (Մատթեոս 7։12)։ «Մեղմ պատասխանը հեռացնում է ցասումը, բայց ցավ պատճառող խոսքը բարկություն է բորբոքում» (Առակներ 15։1)։ Իսկապես որ, Աստվածաշնչի խորհուրդները այսօր էլ նույնքան ճիշտ ու գործնական են, որքան այն ժամանակ, երբ գրվել են։

Ճիշտ պատմական տեղեկություններ

Տարիների ընթացքում կատարված հնագիտական շատ հայտնագործություններ հաստատել են Աստվածաշնչում հիշատակված տարբեր մարդկանց ու տեղանքների գոյությունը, ինչպես նաև նկարագրված իրադարձությունների ճշգրտությունը։ Օրինակ՝ նկատի առնենք, թե ինչպես է հնագիտությունը փաստել Աստվածաշնչում հիշատակված անգամ ոչ այնքան էական մի տեղեկության ճշգրտությունը։ Այնտեղ ասվում է, որ Նեեմիայի օրերում տյուրոսցիները (Տյուրոսից եկած փյունիկեցիները), որոնք ապրում էին Երուսաղեմում, «ձկներ և ամեն տեսակ ապրանք էին բերում» (Նեեմիա 13։16

Հնագետները Իսրայելի տարածքում հայտնաբերել են փյունիկյան ապրանքներ, ինչը վկայում է, որ այդ երկու հին ազգերի միջև առևտրական կապեր են եղել։ Բացի այդ, Երուսաղեմում հայտնաբերվել են միջերկրածովյան ձկների բրածո մնացորդներ։ Հնագետները կարծում են, որ առևտրականներն են այդ ձկները հեռավոր մերձափնյա շրջաններից բերել Երուսաղեմ։ Վերլուծելով եղած փաստերը՝ մի աստվածաշնչագետ ասաց. «Նեեմ[իա] 13։16-ում գրված տեղեկությունը, ըստ որի տյուրոսցիները Երուսաղեմում ձուկ էին վաճառում, միանգամայն արժանահավատ է»։

Ճիշտ գիտական տեղեկություններ

Աստվածաշունչը հիմնականում կրոնապատմական գիրք է։ Բայց գիտական թեմաներ շոշափելիս այն միշտ ճշգրիտ տեղեկություններ է հայտնում։ Քննենք մեկ օրինակ։

Մոտ 3 500 տարի առաջ Աստվածաշնչում գրվել է, որ երկիրը կախված է «ոչնչի վրա» (Հոբ 26։7)։ Ի տարբերություն այս արձանագրության՝ այդ ժամանակ տարածում գտած առասպելները ասում էին, որ երկիրը լողում է ջրերում կամ գտնվում է հսկայական կրիայի վրա։ «Հոբ» գրքի գրվելուց նույնիսկ մոտ 1 100 տարի հետո էլ մարդիկ դեռ մտածում էին, որ երկիրը չի կարող հենց այնպես օդում կախված լինել, այլ պետք է ինչ-որ հենարան ունենա։ Միայն երեք դար առաջ էր՝ 1687-ին, որ Իսահակ Նյուտոնը հրատարակեց ձգողականության ուժի մասին իր գիրքը և բացատրեց, որ երկիրը մնում է իր ուղեծրում այդ անտեսանելի ուժի շնորհիվ։ Այս շրջադարձային գիտական հայտնագործությունը հաստատեց այն, ինչ Աստվածաշունչն ասել էր դրանից ավելի քան 3 000 տարի առաջ։

Ճիշտ մարգարեություններ

Իսկ ի՞նչ կարելի է ասել Աստվածաշնչում գրված բազմաթիվ մարգարեությունների մասին։ Արդյոք դրանք ճշգրտորեն կատարվե՞լ են։ Տեսնենք դրանցից մեկը՝ Բաբելոնի կործանման մասին Եսայիայի մարգարեությունը։

Մարգարեություն։ Մ. թ. ա. ութերորդ դարում Աստվածաշունչը գրողներից մեկը՝ Եսայիա մարգարեն, հայտնեց, որ Բաբելոնը, որը դեռ հետագայում պետք է դառնար մի հզոր տերության մայրաքաղաք, կործանվելու էր և ի վերջո դառնալու էր անբնակ (Եսայիա 13։17–20)։ Եսայիան նույնիսկ նշել էր այն մարդու անունը, ով գրավելու էր այն. Կյուրոս։ Մարգարեն նկարագրել էր, թե ինչ մարտավարություն էր կիրառելու Կյուրոսը։ Նա նշել էր, որ գետերը ցամաքեցվելու էին։ Եսայիան նաև գրել էր, որ քաղաքի դարպասները բաց էին թողնվելու (Եսայիա 44։27–45։1

Կատարում։ Եսայիայի մարգարեանալուց մոտ 200 տարի անց պարսից մի թագավոր հարձակվեց Բաբելոնի վրա։ Իսկ ի՞նչ էր նրա անունը։ Կյուրոս։ Քանի որ Բաբելոնը ամուր պաշտպանված անառիկ քաղաք էր, Կյուրոսը որոշեց մի հնարքի դիմել՝ օգտագործել քաղաքի միջով անցնող Եփրատ գետը։ Նրա մարդիկ Բաբելոնից վեր, արհեստական ջրանցք փորելով, գետի հոսքը փոխեցին այլ ուղղությամբ՝ դեպի մի ճահճային տարածք։ Դրա հետևանքով գետի մակարդակը բավականին նվազեց, այնպես որ հասնում էր մինչև զինվորների ազդրերը, ուստի Կյուրոսի զորքը հանգիստ կարողացավ անցնել գետի միջով, որը հոսում էր անմիջապես պարսպի կողքով։ Որքան էլ անհավատալի է, բաբելոնացիները բաց էին թողել գետի կողմի դարպասները։ Կյուրոսի զորքը Բաբելոն մտավ բաց դարպասներով և գրավեց քաղաքը։

Սակայն դեռ մեկ մանրամասնություն էլ կար, որ պետք է կատարվեր։ Արդյո՞ք Բաբելոնը անբնակ դարձավ։ Մարդիկ դեռ մի քանի դար շարունակեցին ապրել այնտեղ։ Բայց այսօր Բաբելոն քաղաքից մնացել են միայն ավերակներ, որոնք գտնվում են Բաղդադի մոտակայքում (Իրաք)։ Դրանք լուռ վկայում են Եսայիայի մարգարեության լիարժեք կատարման մասին։ Այո՛, անգամ ապագա իրադարձությունների մասին խոսելիս Աստվածաշունչը ճիշտ ու վստահելի տեղեկություններ է հայտնում։