Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչպես լինել համբերատար

Ինչպես լինել համբերատար

ՆԱԽՈՐԴ հոդվածները կարդալիս թերևս համաձայնվեցիր, որ որքան համբերատար լինես, այնքան ավելի առողջ կլինես, ճիշտ որոշումներ կկայացնես և լավ ընկերներ կունենաս։ Ուստի ինչպե՞ս կարող ես համբերատար լինել։ Քննենք հետևյալ առաջարկները։

Իմացիր դրդապատճառները

Այն բաները կամ իրավիճակները, որոնք քեզ հունից հանում են, կոչվում են անհամբերության դրդապատճառներ։ Իսկ ի՞նչն է դրդում քեզ անհամբեր լինելու։ Կոնկրետ մարդի՞կ, ովքեր փորձում են քո համբերությունը։ Գուցե կողակցիդ, ծնողներիդ կամ երեխաներիդ պատճառով ես հունից դուրս գալիս։ Կամ թերևս քո անհամբերության պոռթկումները ժամանակի հետ են կապված։ Օրինակ՝ գուցե համբերությունդ սպառվում է, երբ պետք է սպասես ուրիշներին կամ ուշանում ես ինչ-որ տեղից։ Իսկ հունից դո՞ւրս ես գալիս, երբ հոգնած ես, քաղցած, քնկոտ կամ սթրեսի մեջ ես։ Ավելի հաճախ համբերությունը կորցնում ես տա՞նը, թե՞ աշխատավայրում։

Դրդապատճառներն իմանալը ինչպե՞ս կարող է օգնել քեզ։ Դարեր առաջ Սողոմոն թագավորը գրել է. «Խորագետը տեսնում է փորձանքը և թաքնվում, բայց անփորձները առաջ են գնում ու պատժվում» (Առակներ 22։3)։ Աստվածաշնչյան այս առակի համաձայն՝ եթե «տեսնես» քո անհամբերության պատճառները, կկարողանաս կանխել նման «պատահարները»։ Սկզբում գուցե շատ ջանքեր թափես, բայց ժամանակի ընթացքում համբերությունը կդառնա քեզ բնորոշ հատկություն։

Պարզեցրու կյանքդ

Պրոֆեսոր Նորին Հերթսֆելդը, որը դասավանդում է Մինեսոտայի Սուրբ Հովհաննեսի համալսարանում (ԱՄՆ), նշում է, որ «մարդիկ չեն կարող միաժամանակ մի քանի գործ անել, քանի որ ուղեղը չի կարող կենտրոնանալ մի քանի բանի վրա»։ Նա նաև ավելացնում է. «Մի քանի գործ անելը ժամանակի ընթացքում քայքայում է մեկ բանի վրա կենտրոնանալու մեր ունակությունը, ինչը ի վերջո վերացնում է այնպիսի հատկություններ, ինչպիսիք են համբերությունը, հաստատակամությունը, սթափ դատողությունը և խնդիրները լուծելու ունակությունը»։

Դժվար է համբերություն զարգացնել, եթե միաժամանակ շատ բան պետք է անես, շատ տեղերում պետք է լինես և շատ մարդկանց հետ պետք է առնչվես, իսկ այդ ամենը սթրեսի է ենթարկում։ Դոկտոր Ջենիֆեր Հարթսթեյնը, որի մասին արդեն նշվել է, զգուշացնում է. «Հիմնականում սթրեսն է անհամբերության ռեակցիաների պատճառը»։

Մի հին ասացվածք խորհուրդ է տալիս. «Դանդաղեցրու կյանքիդ տեմպը և հոտ քաշիր վարդերից»։ Ժամանակ հատկացրու կյանքը վայելելու համար։ Շատ մարդկանց հետ մակերեսային շփման փոխարեն՝ մի քանի հոգու հետ ամուր ընկերություն հաստատիր։ Որոշիր, թե որքան ժամանակ պետք է ծախսես տարբեր գործերի համար, և խելամտորեն առաջնահերթություններ դիր։ Զգուշացիր ժամանակատար հոբբիներից և տեխնիկայից։

Կյանքդ պարզեցնելու համար գուցե անհրաժեշտ լինի վերանայել օրվա գրաֆիկը։ Ի՞նչ գործեր  կան, որ կարող ես կրճատել։ «Ամեն ինչ իր ժամանակն ունի.... պահելու ժամանակ և դեն գցելու ժամանակ» (Ժողովող 3։1, 6)։ Գուցե ժամանակն է, որ հրաժարվես որոշ գործերից, որպեսզի համբերատար լինելու ժամանակ ունենաս։

Իրատես եղիր

Կյանքի նկատմամբ իրատես եղիր։ Նախ՝ իրական կյանքում ամեն բան այնպես արագ չի լինում, ինչպես որ մենք ենք ուզում։ Ընդունիր այն փաստը, որ ամեն բան չէ, որ կլինի այն ժամանակ, երբ դու ես ցանկանում։ Ուստի հարկավոր է համբերությամբ զինվել։

Երկրորդ՝ հիշիր, որ չես կարող միշտ վերահսկել քո հանգամանքները։ Իմաստուն Սողոմոն թագավորը գրել է. «Մրցավազքը արագ վազողներինը չէ, պատերազմը հզորներինը չէ, ուտելիքը իմաստուններինը չէ, հարստությունը հասկացողներինը չէ, բարեհաճությունը գիտուններինը չէ, քանի որ ժամանակ և պատահար բոլորին է լինում։ Մարդը չգիտի, թե երբ է իր ժամանակը գալու» (Ժողովող 9։11, 12

Փոխանակ համբերությունդ կորցնելու այն հանգամանքների պատճառով, որոնք քո հսկողությունից դուրս են՝ փորձիր հասկանալ, թե ինչը կարող ես վերահսկել։ Օրինակ՝ ուշացած ավտոբուսի կամ գնացքի համար բարկանալու փոխարեն՝ քո ուզած տեղը հասնելու համար փորձիր այլ միջոց գտնել։ Գուցե նախընտրես քայլել և ոչ թե անհամբերությամբ ու բարկությամբ համակվել։ Իսկ եթե սպասելը միակ տարբերակն է, ապա ժամանակը արդյունավետորեն օգտագործիր, օրինակ՝ որևէ բովանդակալից բան կարդա կամ գրի առ քո ապագա ծրագրերը։

Փաստն այն է, որ անհամբեր լինելը ու անհանգստանալը մի բանի համար, ինչը քո հսկողությունից դուրս է, քիչ օգուտ է բերում։ Աստվածաշունչը տեղին է ասում. «Ձեզանից ո՞ր մեկը մտահոգվելով կարող է իր կյանքը մեկ կանգունով երկարացնել» (Ղուկաս 12։25

Հոգևոր մարդ եղիր

Շատերը, ովքեր հավատում են Աստվածաշնչին, հասկացել են, որ այդ գրքի սկզբունքները կիրառելով՝ կարող են համբերություն զարգացնել։ Աստվածաշնչի համաձայն՝ հոգևոր մարդը ավելի շատ է հակված սեր, ուրախություն, խաղաղություն, քնքշություն և ինքնատիրապետում ցուցաբերելու հետ մեկտեղ համբերություն դրսևորելու (Գաղատացիներ 5։22, 23)։ Աստվածաշունչը խոստանում է. «Ոչ մի բանի մասին մի՛ մտահոգվեք, այլ ամեն ինչում աղոթքով և աղաչանքով շնորհակալության հետ մեկտեղ թող ձեր խնդրանքները հայտնի լինեն Աստծուն, և Աստծու խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք, կպահպանի ձեր սրտերն ու մտքերը» (Փիլիպպեցիներ 4։6, 7)։ Ուսումնասիրիր Աստվածաշունչը և սովորիր, թե ինչպես կարող ես լինել ավելի համբերատար և քիչ մտահոգվող մարդ։