Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ

Ինչպես դիմադրել հասակակիցների ճնշմանը

Ինչպես դիմադրել հասակակիցների ճնշմանը

ԽՆԴԻՐ

«Ցածր դասարաններում մերժված էի շատերի կողմից, և դա ինձ ցավ էր պատճառում։ Ուստի բարձր դասարաններում փոխեցի արտաքինս ու վարքս, բայց ոչ դեպի լավը։ Այնքան շատ էի ուզում ընկերներ ունենալ, որ տեղի տվեցի հասակակիցներիս ճնշմանը, միայն թե ընդունված լինեի նրանց կողմից» (Ջենիֆեր, 16) *։

Դու նո՞ւյնպես բախվում ես հասակակիցներիդ ճնշմանը։ Եթե այո, ապա այս հոդվածը կօգնի քեզ դիմադրելու դրան։

Երբ տեղի ես տալիս հասակակիցներիդ ճնշմանը նմանվում ես ռոբոտի, քանի որ ուրիշներին թույլ ես տալիս ղեկավարել քեզ։ Արժե՞ արդյոք նրանց այդպիսի իշխանություն տալ (Հռոմեացիներ 6։16

ԻՆՉ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՍ

Հասակակիցների ճնշման տակ լավ մարդիկ գուցե վատ բաներ անեն։

«Վատ ընկերակցությունները ապականում են օգտակար սովորությունները» (1 Կորնթացիներ 15։33

«Թվում է՝ գիտենք, որ այս կամ այն բանն անելը սխալ է, բայց երբ հայտնվում ենք դժվարին իրավիճակում, մեր զգացմունքները գլուխ են բարձրացնում, և դառնում ենք մարդկանց հաճեցնողներ» (Դանա)։

Հաճախ ինքներս ենք մեզ վրա ճնշում բանեցնում։

«Երբ ուզում եմ անել այն, ինչը ճիշտ է, չարն ինձ մոտ է» (Հռոմեացիներ 7։21

«Հաճախ ես եմ պատճառը, որ ինձ ճնշված եմ զգում։ Իրականում այդ ես եմ, որ ուզում եմ բաներ, որոնց մասին խոսում են հասակակիցներս և դրանք շատ գրավիչ ներկայացնում» (Դայանա)։

Հասակակիցների ճնշմանը դիմադրելը մեծ ձեռքբերում է։

«Մաքուր խիղճ ունեցեք» (1 Պետրոս 3։16

«Մի ժամանակ ինձ համար շատ դժվար էր դիմադրել հասակակիցների ճնշմանը, բայց հիմա չեմ վախենում տարբերվել ուրիշներից և հաստատակամ եմ իմ որոշումներում։ Մաքուր խղճով գլուխդ բարձին դնելուց լավ բան չկա» (Կարլա)։

 ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ

Երբ հասակակիցներդ դրդում են քեզ սխալ բան անելու, փորձիր հետևյալը.

Մտածիր հետևանքների մասին։ Հարցրու ինքդ քեզ. «Ի՞նչ կլինի, եթե տեղի տամ ճնշմանը և դրա հետևանքով տհաճ իրավիճակում հայտնվեմ։ Ի՞նչ կմտածեն իմ մասին ծնողներս։ Իսկ ե՞ս ինչ կմտածեմ իմ մասին»։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Գաղատացիներ 6։7։

«Ծնողներս ինձ այսպիսի հարցեր են տալիս. «Եթե զիջումների գնաս, ի՞նչ կարող է պատահել քեզ»։ Նրանք օգնում են տեսնելու, թե հասակակիցների ճնշմանը տեղի տալն ինչպես կարող է ինձ սխալ ճանապարհով տանել» (Օլիվիա)։

Ամուր համոզմունքներ ունեցիր։ Հարցրու ինքդ քեզ. «Ինչո՞ւ եմ համոզված, որ այսինչ բանն անելով՝ կվնասեմ ինձ, գուցե նաև ուրիշներին»։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Եբրայեցիներ 5։14։

«Եբր փոքր էի, պարզապես ասում էի՝ ոչ, կամ կարճ պատասխան էի տալիս, բայց այսօր կարող եմ հստակ բացատրել, թե ինչու եմ անում կամ չեմ անում այս կամ այն բանը։ Ճշտի ու սխալի վերաբերյալ ամուր համոզմունքներ ունեմ։ Ես տալիս եմ իմ պատասխանը և ոչ թե ուրիշինը» (Անիտա)։

Մտածիր, թե ինչպիսի անձնավորություն ես դու։ Հարցրու ինքդ քեզ. «Ինչպիսի՞ անձնավորություն եմ ուզում լինել»։ Ապա մտածիր, թե որ հարցում ես ճնշման բախվում և խորհիր. «Ի՞նչ կաներ այդպիսի անձնավորությունը նման իրավիճակում»։ Աստվածաշնչյան սկզբունք՝ 2 Կորնթացիներ 13։5։

«Ինձ դուր է գալիս, թե ինչպիսի անձնավորություն եմ ես, և ինձ այդքան էլ չի հետաքրքրում, թե ուրիշներն ինչ են մտածում իմ մասին։ Բացի այդ, ես շատերին դուր եմ գալիս այնպիսին, ինչպիսին որ կամ» (Ալեսյա)։

Մտածիր նաև ապագայի մասին։ Եթե սովորում ես դպրոցում, հաշվի առ, որ այն մարդիկ, որոնց փորձում ես հաճեցնել, մի քանի տարի կամ նույնիսկ մի քանի ամիս անց գուցե այլևս չլինեն քո կյանքում։

«Երբ նայում էի դպրոցական նկարներս, նույնիսկ չէի կարողանում հիշել դասարանցիներիցս մի քանիսի անունները։ Բայց դպրոցում սովորելու տարիներին նրանց կարծիքն ինձ համար ավելի կարևոր էր, քան համոզմունքներիս հավատարիմ մնալը։ Ինչպիսի՜ անմտություն» (Դոն, 22)։

Նախապատրաստվիր։ Աստվածաշունչն ասում է. «Իմա[ցեք], թե ինչպես պատասխան տաք ամեն մեկին» (Կողոսացիներ 4։6

«Ծնողներս ինձ ու քրոջս օգնում են պատկերացնելու տարբեր իրադրություններ։ Հետո մենք բեմականացնում ենք դրանք, որպեսզի, երբ իրականում հայտնվենք նման իրավիճակում, իմանանք ինչպես վարվել» (Քրիստին)։

^ պարբ. 4 Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։