Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԿԱՐՈՂԱՆՈ՞ՒՄ ԵՍ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Խնդիր. բացասական զգացումներ

Խնդիր. բացասական զգացումներ

ԵԹԵ քեզ հաճախ են համակում բարկությունը, տխրությունը կամ վիրավորանքի զգացումը, այդ դեպքում գուցե ժամանակ և ուժ չունենաս անելու այն, ինչը իսկապես կարևոր է քեզ համար։ Ի՞նչ կարող ես անել նման իրավիճակում։ *

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՕՐԻՆԱԿ. ԴԱՎԻԹ

Դավիթ թագավորը իր կյանքի ընթացքում հաճախ է ունեցել բացասական զգացումներ՝ անհանգստություն, տխրություն, վախ։ Ի՞նչն է օգնել նրան հաղթահարելու այդ զգացումները։ Դավիթն ամեն հարցում ապավինում էր Աստծուն (1 Սամուել 24։12, 15)։ Նա նաև գրում էր իր զգացումների մասին։ Բացի այդ, լինելով ամուր հավատի տեր անձնավորություն՝ Դավիթը հաճախ էր աղոթում Աստծուն։ *

ԻՆՉՆ Է ՕԳՆՈՒՄ ԳՐԵԳՈՐԻԻՆ

Ինչպես նշվեց առաջին հոդվածում, Գրեգորին տագնապային խանգարում ունի։ Նա ասում է. «Հաճախ անհանգստության զգացումը և բացասական մտքերը պարզապես անկառավարելի էին դառնում»։ Ինչպե՞ս Գրեգորին կարողացավ հաղթահարել իր դժվարությունները։ Նա պատմում է. «Ինձ շատ օգնեցին կինս ու ընկերներս։ Նաև դիմեցի բժիշկների օգնությանը և ավելի շատ բան իմացա իմ հիվանդության մասին։ Ապրելակերպիս մեջ որոշ փոփոխություններ անելուց հետո զգացի, որ ինչ-որ չափով կարողանում եմ վերահսկել իմ հիվանդությունը։ Չնայած երբեմն անհանգստության զգացումը գլուխ է բարձրացնում, սակայն այժմ ավելի լավ եմ հասկանում, թե ինչի պատճառով են նման զգացումներ առաջանում, և այդպես կարողանում եմ ավելի հեշտությամբ հաղթահարել իմ առողջական խնդիրը»։

«Ուրախ սիրտը բուժիչ է» (Առակներ 17։22)

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ

Եթե հաճախ ես բացասական զգացումներ ունենում, փորձիր հետևյալը։

  • Գրիր քո զգացումների մասին։

  • Պատմիր քո զգացումների մասին ընկերոջդ կամ հարազատներիցդ մեկին։

  • Մտածիր, թե արդյոք բացասական մտքերդ հիմնավոր են։ Օրինակ՝ հարցրու ինքդ քեզ. «Ինչո՞ւ իմ մասին բացասական տեսակետ ունեմ։ Դրա համար կա՞ որևէ հիմնավոր պատճառ»։

  • Թույլ մի՛ տուր, որ անհանգստությունը, բարկությունը կամ վիրավորվածության զգացումը համակեն քեզ։ Ավելի լավ է՝ փորձես որևէ օգտակար գործով զբաղվել։ *

Ամփոփում։ Հաճախ բացասական զգացումներ ենք ունենում ոչ թե հանգամանքների, այլ դրանց նկատմամբ մեր վերաբերմունքի պատճառով։

^ պարբ. 3 Որոշ դեպքերում բացասական զգացումների պատճառը կարող են լինել առողջական խնդիրները, ինչի համար գուցե կարիք լինի դիմելու բժշկի։ «Արթնացե՛ք»-ը բուժման որևէ ձև չի խրախուսում։ Նախքան որոշում կայացնելը յուրաքանչյուր անհատ պետք է մանրամասնորեն քննի բուժման տարբերակները։

^ պարբ. 5 Աստվածաշնչում գրված սաղմոսներից շատերը Դավթի աղոթքներն են, որոնք հենց ինքն է գրի առել։

^ պարբ. 13 Ավելի շատ տեղեկություններ ստանալու համար տե՛ս «Դիտարանի» 2015թ. հուլիսի 1-ի «Ինչպես հաղթահարել մտահոգությունները» հոդվածաշարը։