Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչպե՞ս կարող էին միսիոներները հասնել հեռավոր արևելք

Ինչպե՞ս կարող էին միսիոներները հասնել հեռավոր արևելք

Ինչպե՞ս կարող էին միսիոներները հասնել հեռավոր արևելք

ՀԻՍՈՒՍԻ մահից գրեթե 30 տարի անց Պողոս առաքյալը գրեց, որ բարի լուրը քարոզվել է երկնքի տակ գտնվող «ամբողջ ստեղծագործությանը» (Կողոսացիներ 1։23)։ Բայց դա չի նշանակում, որ այս խոսքերը պետք է բառացի հասկանալ։ Պողոսի խոսքերի իմաստը պարզ է. քրիստոնյա միսիոներները հսկայական քարոզչական գործունեություն էին ծավալել այն ժամանակ գոյություն ունեցող երկրներում։

Որքա՞ն հեռու նրանք կարող էին հասած լինել։ Աստվածաշնչից իմանում ենք, որ նավերով ճամփորդելով՝ Պողոսը կարողացավ քարոզել Արևմուտքի այնպիսի հեռավոր վայրերում, որոնցից մեկը Իտալիան էր։ Այս խիզախ միսիոները ցանկություն ուներ քարոզելու նաև Իսպանիայում (Գործեր 27։1; 28։30, 31; Հռոմեացիներ 15։28

Իսկ փորձե՞լ էին միսիոներները բարի լուրը տանել այլ ուղղությամբ՝ դեպի արևելք։ Վստահ չենք կարող ասել, որովհետև Աստվածաշնչում այս մասին տեղեկություններ չկան։ Սակայն գուցե զարմանաք, երբ իմանաք, որ առաջին դարում առևտրական ուղիներ են եղել Միջերկրականի և Արևելքի միջև։ Ուստի կարելի է ենթադրել, թե որքան հեռու էր հասել բարի լուրը։

Ալեքսանդրի ժառանգությունը

Ալեքսանդր Մեծի նվաճումները նրան բերեցին Բաբելոն, Պարսկաստան և նույնիսկ Փենջաբ՝ Հնդկաստանի հյուսիս։ Այս արշավանքների շնորհիվ հույները ծանոթացան այն տարածքներին, որտեղ Եփրատը միանում է Պարսից ծոցին, և որտեղից էլ ճանապարհ է բացվում դեպի Ինդոս գետ՝ Արաբական ծով։

Նավերը, անցնելով Հնդկական օվկիանոսը և Կարմիր ծովը, մեծ քանակությամբ համեմուքներ ու խունկ էին բերում Հունաստան։ Այս առևտուրը սկզբում հնդիկ և արաբ առևտրականների ձեռքում էր։ Բայց երբ Պտղոմեոսյան թագավորների ժամանակ եգիպտացիները բացահայտեցին մուսսոնային եղանակի գաղտնիքները, նույնպես կարողացան ճանապարհորդել Հնդկական օվկիանոսով։

Քանի որ Արաբական ծովում քամիները մայիսից սեպտեմբեր փչում էին հարավ–արևմուտքից, նավերը Կարմիր ծովից լողում էին կա՛մ դեպի Արաբիայի հարավային ափերը, կա՛մ միանգամից Հնդկաստանի հարավ։ Իսկ նոյեմբերից մարտ ամիսներին քամիները հակառակ ուղղությամբ էին փչում ու հեշտացնում հետդարձի ճանապարհը։ Քամու ուղղության մասին այս տեղեկությունն իմանալով՝ արաբ և հնդիկ ծովագնացները դարեր շարունակ այսպես են ճանապարհորդել ու տեղափոխել դարչնածառ, դարչին, նարդոս և պղպեղ։

Ալեքսանդրիա և Հռոմ տանող ծովային ուղիները

Երբ հռոմեացիները նվաճեցին Ալեքսանդրին հաջորդած թագավորների տարածքները, Հռոմը դարձավ Արևելքից բերված թանկարժեք ապրանքների առևտրի գլխավոր կենտրոնը. փղոսկր՝ Աֆրիկայից, խունկ և զմուռս՝ Արաբիայից, համեմունքներ և թանկարժեք քարեր՝ Հնդկաստանից, անգամ մետաքս՝ Չինաստանից։ Այսպիսի ապրանքներով բեռնավորված նավերը գալիս էին հիմնականում Բերենիս և Մեոս Հորմոս նավահանգիստներ։ Այս երկու նավահանգիստներից դեպի Կոպտոս՝ Նեղոսի ափ տանող քարավանների ճանապարհներ կային։

Կոպտոսից ապրանքները Նեղոս գետով՝ Եգիպտոսի առևտրի գլխավոր ճանապարհով, տանում էին Ալեքսանդրիա, որտեղից էլ ուրիշ նավերով տեղափոխում էին Իտալիա և այլուր։ Ալեքսանդրիա տանող մեկ ուրիշ ճանապարհ էլ կար՝ Կարմիր ծովի վերին մասով անցնող մի ջրանցք, որը մոտ է ժամանակակից Սուեզ քաղաքին։ Փաստորեն, Եգիպտոսը և նրա նավահանգիստները մոտ էին այն տարածքներին, որտեղ քարոզել է Հիսուսը, այդ պատճառով հեշտ էր այնտեղ հասնել։

Առաջին դարում ապրած հույն աշխարհագրագետ Ստրաբոնը գրում է, որ իր օրերում ամեն տարի 120 ալեքսանդրական նավեր էին ճանապարհորդում Հնդկաստան։ Մեզ է հասել այդ տարածքում նավավարության մասին մի ուղեգիրք, որը հավանաբար գրվել է մի հունախոս եգիպտացի առևտրականի կողմից՝ առևտրով զբաղվողների համար։ Ի՞նչ տեղեկություն է պարունակում այս հին գիրքը։

Ուղեգիրքը, որը հայտնի է իր լատինական անվամբ՝ «Պերիպլուս Մարիս էրիթրայե» (Ճանապարհորդություն էրիթրա ծովով), նկարագրում է ծովային ճանապարհները, որոնք ձգվում են հազարավոր կիլոմետրեր դեպի Եգիպտոսի հարավ ու դեռ ավելի հեռու՝ Զանզիբար։ Անդրադառնալով Արևելքին՝ գրողը նշում է հեռավորությունները, խարսխակայանները, վաճառատեղերը, ապրանքները, ինչպես նաև այն մարդկանց բնավորությունը, ովքեր բնակվում են Արաբիայի ափամերձ շրջաններում, Հնդկաստանի արևմտյան ափերից մինչև Շրի Լանկա և արևելյան ափից մինչև Գանգես։ Գրքի ճշգրիտ և հստակ նկարագրությունը բերում է այն եզրահանգման, որ հեղինակը եղել է իր նկարագրած վայրերում։

Արևմուտքի բնակիչները Հնդկաստանում

Հնդկաստանում արևմուտքի առևտրականները հայտնի էին որպես յավանաներ։ «Պերիպլուսի» համաձայն՝ առաջին դարում նրանց մշտական նշանակետը Մուզերիսն էր, որը գտնվում էր Հնդկաստանի հարավում *։ Թամիլական պոեմներում (մ.թ. առաջին հազարամյակի սկզբներին) հաճախակի հիշատակվում է այս առևտրականների մասին։ Այդ պոեմներից մեկում ասվում էր. «Յավանաների գեղեցիկ նավերը գալիս էին՝ բեռնված ոսկով, և վերադառնում՝ պղպեղներով, իսկ Մուզերիսը լցվում էր աղմուկ–աղաղակով»։ Մեկ ուրիշ պոեմում նշվում էր հարավային Հնդկաստանի արքայազնի մասին, որը խրախուսում էր խմել յավանաների բերած անուշահոտ գինին։ Հնդկաստանի շուկաներում կարելի էր գտնել Արևմուտքից բերված ապրանքներ՝ հախճապակյա իրեր, մետաղներ, կորալներ և կտորեղեն։

Հնագետները Հնդկաստանում Արևմուտքից բերված բազմաթիվ իրեր են գտել։ Օրինակ՝ Հնդկաստանի հարավարևելյան ափին գտնվող Արիկամեդուում հայտնաբերվել են հռոմեական գինու սափորների և ամանների բեկորներ, որոնց վրա եղել է այն կավագործի կնիքը, որը պատրաստել է դրանք Արեզզոյում՝ Իտալիայի կենտրոնում։ Մի գրող ասում է. «Հետաքրքրասերի երևակայությունը բորբոքվում է, երբ նա Բենգալյան ծոցում գտնում է խեցեղենի կտորներ, որոնց վրա գրված են այն արհեստավորների անունները, որոնց վառարանները հայտնաբերվել են Արեզզոյի արվարձաններում»։ Այն, որ Միջերկրականի և Հնդկաստանի միջև առևտրական կապեր են եղել, ապացուցում են Հնդկաստանի հարավում հայտնաբերված բազմաթիվ հռոմեական ոսկե և արծաթե մետաղադրամները։ Այս մետաղադրամներից շատերը թվագրվում են մ.թ. առաջին դարով։ Դրանց վրա դաջված են Հռոմի կայսրերի՝ Օգոստոսի, Տիբերիոսի և Ներոնի պատկերները։

Հավանական է, որ Հռոմի քաղաքացիները առևտրական գաղութներ են հիմնել Հնդկաստանի հարավում։ Այդ մասին է վկայում մի հին քարտեզ, որի միջնադարում արված կրկնօրինակը առայսօր գոյություն ունի։ Այս քարտեզը հայտնի է «Թաբուլա Պեուտինգերիանա» անունով, որում պատկերված է Հռոմը այնպիսին, ինչպիսին այն եղել է առաջին դարում։ Քարտեզում կա նաև Օգոստոսի տաճարը՝ Մուզերիսում։ «Հռոմի արևելյան առևտուր» (մ.թ. 31–305 թթ.) գրքում ասվում է հետևյալը. «Այսպիսի շինություն կարող էին կառուցել միայն Հռոմի կայսրության հպատակները, և հավանաբար այն մարդիկ, ովքեր ապրել են Մուզերիսում կամ նրանք, ովքեր իրենց ժամանակի մեծ մասն անցկացրել են այնտեղ» (Rome’s Eastern Trade։ International Commerce and Imperial Policy)։

Հռոմեական արձանագրությունները հիշատակում են, որ հնդիկ դեսպաններից առնվազն երեքը Օգոստոսի իշխանության օրոք (մ.թ.ա. 27–մ.թ. 14) Հռոմ են այցելել։ «Այս դեսպանները դիվանագիտական լուրջ նպատակ էին հետապնդում»,— ասում է մի աշխատություն։ Այնտեղ նշվում էր նաև, որ նրանք պետք է առևտրական հարցերում համաձայնության գային. որտեղ են առևտուր անելու տարբեր երկրների ժողովուրդները, որտեղ են հարկերը վճարվելու, որտեղ են ապրելու օտարերկրացիները և այլն։

Առաջին դարում Միջերկրականով դեպի Հնդկաստան ճանապարհորդելը սովորական բան էր դարձել։ Այդ պատճառով էլ Կարմիր ծովի հյուսիսում ապրող քրիստոնյա միսիոների համար դժվար չէր լինի նավ նստել և ուղևորվել Հնդկաստան։

Հնդկաստանից այն կո՞ղմ

Թե երբ էին սկսել առևտրականները ճամփորդել Միջերկրականով և դեպի արևելք որքան հեռու էին գնացել, դժվար է ասել։ Սակայն ենթադրվում է, որ առաջին դարում որոշ մարդիկ Արևմուտքից հասել են մինչև Թաիլանդ, Կամբոջա, Սումատրա և Ճավա։

«Հու Հան–շուի» մեջ (Հան դինաստիայի տարեգրություն, մ.թ. 23–ից 220 թ.) նշված է, որ մ.թ. 166–ին Դաչինի թագավոր Ան–թունի կողմից մի դեսպանախումբ էր եկել Չինաստանի արքունիք և բերել էր նվերներ Հուան–թի կայսրին։ Հռոմեական կայսրությունը չինարենով անվանում էին Դաչին, իսկ Հռոմի կայսր Մարկոս Ավրելիոսին՝ Անտոնիոսին, կոչում էին Ան–թուն։ Պատմաբանները կարծում են, որ դա ոչ թե պաշտոնական այց էր, այլ Արևմուտքի առևտրականների կողմից պարզապես մի քայլ էր ձեռք բերելու մետաքս անմիջապես Չինաստանից, ոչ թե միջնորդներից։

Անդրադառնանք մեր սկզբնական հարցին՝ քրիստոնյա միսիոներները որքա՞ն հեռու կարող էին հասած լինել։ Հնդկաստան և դեռ այն կո՞ղմ։ Հնարավոր է։ Մի բան, այնուհանդերձ, հստակ է՝ բարի լուրը այնքան էր տարածվել, որ Պողոս առաքյալը կարողացավ գրել. «Ամբողջ աշխարհում է այն պտուղ բերում ու տարածվում»։ Այո՛, բարի լուրը հասել էր մինչև այն ժամանակ գոյություն ունեցող երկրներ (Կողոսացիներ 1։6

[ծանոթագրություն]

^ պարբ. 15 Քանի որ Մուզերիսի ճշգրիտ տեղը հայտնի չէ, գիտնականները ենթադրում են, որ այն գտնվում է Պերիյար գետի մոտ՝ Կերալա նահանգում։

[նկար 22–րդ էջի վրա]

Կայսրի դժգոհությունը

Մ.թ. 22–ին Տիբերիոս կայսրը իր դժգոհությունն արտահայտեց հպատակներին, քանի որ նրանք սիրում էին ընկնել ճոխությունների հետևից։ Հռոմի բարձրաշխարհիկ տիկինները մեծ սեր ունեին զարդերի նկատմամբ և դրանք ձեռք բերելու համար չէին խնայում ոչինչ՝ վատնում էին կայսրության ունեցվածքը՝ «օտար ու թշնամի ազգերին բաժանելով» ողջ հարստությունը։ Հռոմեացի պատմաբան Պլինիոս Ավագը (մ.թ. 23–79 թթ.) նույնպես նշում է այդպիսի մեծ ծախսերի մասին։ Նա գրում է. «Ամենակոպիտ հաշվարկով՝ Հնդկաստանը, Սերեսը (այժմ՝ Չինաստանի հյուսիսարևմտյան մասը) և Արաբական թերակղզին ամեն տարի մեր կայսրությունից տանում են հարյուր միլիոն սեստերցի. մենք թանկ ենք վճարում մեր շքեղ ապրելակերպի և կանանց համար» *։

[ծանոթագրություն]

^ պարբ. 28 Վերլուծաբանների հաշվարկներով՝ 100 միլիոն սեստերցին Հռոմեական կայսրության հարստության 2 տոկոսն էր կազմում։

[թույլտվությամբ]

Museo della Civiltà Romana, Roma; Todd Bolen/Bible Places.com

[շրջանակ/​նկար 23–րդ էջի վրա]

Որտեղի՞ց էին գնում առևտրականներն իրենց ապրանքները

Հիսուսը խոսեց «մի ճամփորդող վաճառականի» մասին, «որը գեղեցիկ մարգարիտներ էր փնտրում» (Մատթեոս 13։45)։ «Հայտնություն» գրքում նույնպես խոսվում է «ճամփորդող վաճառականների» մասին, ովքեր ունեին թանկարժեք քարեր, մետաքս, բուրավետ փայտ, փղոսկր, դարչին, խունկ և հնդկական համեմունքներ (Հայտնություն 18։11–13)։ Առևտրականները այս ապրանքները ձեռք էին բերում դեպի Պաղեստինի արևելք ընկած առևտրական ճանապարհներին։ Բուրավետ փայտը, օրինակ՝ ճանդակը, բերում էին Հնդկաստանից։ Մարգարիտն ու թանկարժեք քարերը՝ Պարսից ծոցից և Կարմիր ծովից, ինչպես նաև, ըստ «Պերիպլուս Մարիս էրիթրայեի» հեղինակի, Մուզերիսից և Շրի Լանկայից։ Բարձրորակ և ամենաթանկարժեք մարգարիտները հանում էին Հնդկական օվկիանոսից։

[Քարտեզ 20–21-րդ էջերի վրա]

(Ամբողջական տեքստի համար տե՛ս հրատարակությունը)

Առաջին դարում Հռոմի և Ասիայի միջև կային մի քանի առևտրական ուղիներ

Արեզզո

Հռոմ

ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆ ԾՈՎ

ԱՖՐԻԿԱ

Ալեքսանդրիա

ԵԳԻՊՏՈՍ

Կոպտոս

Նեղոս գետ

Մեոս Հորմոս

Բերենիս

Զանզիբար

Կարմիր ծով

Երուսաղեմ

ԱՐԱԲԻԱ

Եփրատ գետ

ԲԱԲԵԼՈՆ

Պարսից ծոց

ՊԱՐՍԿԱՍՏԱՆ

Հյուսիսարևելյան մուսսոնային հոսանք

Հարավարևմտյան մուսսոնային հոսանք

Ինդոս գետ

ՓԵՆՋԱԲ

Գանգես գետ

Բենգալյան ծոց

ՀՆԴԿԱՍՏԱՆ

Արիկամեդու

Մուզերիս

ՇՐԻ ԼԱՆԿԱ

ՀՆԴԿԱԿԱՆ ՕՎԿԻԱՆՈՍ (ԷՐԻԹՐԱՅԱԿԱՆ ԾՈՎ)

ՉԻՆԱՍՏԱՆ

ՀԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ

ԹԱԻԼԱՆԴ

ԿԱՄԲՈՋԱ

ՎԻԵՏՆԱՄ

Սումատրա

Ճավա

[նկար 21–րդ էջի վրա]

Հռոմեական բեռնանավ

[թույլտվությամբ]

Ship: Pictorial Archive (Near Eastern History) Est.