Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Գիրք, որը հրաշքով պահպանվեց

Գիրք, որը հրաշքով պահպանվեց

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ աշխարհի ամենատարածված գիրքն է։ Ըստ հաշվարկների՝ արդեն տարածվել է 4,8 միլիարդ օրինակ։ Միայն 2007 թվականին լույս է տեսել 64 600 000 օրինակ։ Մինչդեռ այդ տարի Միացյալ Նահանգներում ամենից շատ վաճառված արկածային գրքի նախնական տպաքանակը կազմել է 12 միլիոն։

Ողջ պատմության ընթացքում այս գիրքը բազում փորձությունների միջով է անցել. այրել են, արգելել են Աստվածաշունչ ունենալ, տանջանքների են ենթարկել ու սպանել նրանց, ովքեր թարգմանել են այն։ Սակայն ամենամեծ փորձությունը եղել է այն, որ գիրքը ժամանակի ընթացքում քայքայվում էր։

Աստվածաշունչը 66 գրքերի ժողովածու է։ Ամենավերջին գիրքը գրվել է ավելի քան 3 000 տարի առաջ։ Սուրբ գիրքը գրի է առնվել և հետագայում արտագրվել է պապիրուսների և մագաղաթների վրա, որոնք ենթակա էին քայքայման։ Թեև դեռևս բնագրերը չեն հայտնաբերվել, սակայն գտնվել են հին ձեռագրերի հազարավոր օրինակներ, որոնք պարունակում են աստվածաշնչյան գրքերի մեծ և փոքր հատվածներ։ Օրինակ՝ հայտնաբերվել է Հովհաննեսի Ավետարանից մի հատված, որն արտագրվել էր բնագիրը գրվելուց ընդամենը մի քանի տասնամյակ հետո։

«Եբրայերեն Գրությունները [Հին Կտակարանը] փոխանցվել են կատարյալ ճշգրտությամբ, ինչը չենք կարող ասել հունական ու լատինական դասական գրականության մասին» (պրոֆեսոր Հուլիո Թրեբոյե Բառեռա)

Ինչո՞վ է ուշագրավ, որ այդ ձեռագրերը հասել են մեզ։ Եվ որքա՞ն ճշգրիտ են ժամանակակից Աստվածաշնչերը փոխանցում բնագիր ձեռագրերում արձանագրված տեղեկությունները։

Ի՞նչ եղան հին ձեռագրերը

Այն, որ Աստվածաշունչը պահպանվել է մինչև մեր օրերը, հրաշք է, եթե հաշվի առնենք, թե ինչ եղան այն արձանագրությունները, որոնք գրի են առնվել նույն ժամանակաշրջանում։ Օրինակ՝ փյունիկեցիները մ.թ.ա. առաջին հազարամյակում եղել են իսրայելացիների հարևան ազգերից մեկը։ Այս ծովային առևտրականները իրենց գիրը տարածել էին Միջերկրական ծովի շրջակայքում ապրող ազգերի մեջ։ Նրանք նաև մեծ եկամուտ են ունեցել, քանի որ պապիրուսի առևտուր են արել Եգիպտոսի և Հունաստանի հետ։ Չնայած այս ամենին՝ «Նեշնլ ջիոգրաֆիք» հանդեսում փյունիկեցիների մասին գրված է. «Նրանց գրությունները, որոնց մեծ մասը գրի էր առնվել պապիրուսների վրա, քայքայվել են։ Այդ պատճառով էլ այն ամենը, ինչ այսօր գիտենք փյունիկեցիների մասին, հիմնականում նրանց թշնամիներից փոխանցված ոչ ճշգրիտ տեղեկություններ են։ Թեև փյունիկեցիները հարուստ գրականություն են ունեցել, սակայն այդ ամենը վաղուց արդեն վերացել է» (National Geographic)։

Ի՞նչ եղան հնում ապրած եգիպտացիների գրվածքները։ Բոլորին է հայտնի տաճարի պատերին կամ այլ տեղերում փորագրված և նկարված եգիպտական հիերոգլիֆները։ Եգիպտացիները նաև հայտնի են եղել պապիրուսների մշակման գործով։ Սակայն պապիրուսների վրա գրի առնված նրանց արձանագրությունների վերաբերյալ եգիպտաբան Քենեթ Քիթչենը ասում է. «Հաշվարկների համաձայն՝ պապիրուսների վրա գրված մոտ 3 000 ձեռագրերի 99 տոկոսը հունա–հռոմեական ժամանակաշրջանում ամբողջությամբ վերացավ»։

Իսկ ի՞նչ եղան հռոմեական արձանագրությունները։ «Հռոմի բանակի մասին արձանագրությունները պապիրուսի վրա» գրքի համաձայն՝  հռոմեացի զինվորները ակներևաբար վարձատրվել են տարեկան երեք անգամ։ Վարձավճարի մասին տեղեկությունը գրվել է պապիրուսի կտորի վրա։ Ըստ հաշվարկների՝ 300 տարվա ընթացքում՝ Օգոստոս կայսրի իշխանությունից (մ.թ.ա. 27–մ.թ 14) մինչև Դիոկղետիանոս կայսրի գահակալման տարիները (մ.թ. 284–305), արձանագրվել են 225 000 000 վճարագրեր։ Դրանցից քանի՞սն են պահպանվել։ Հայտնաբերված փաստաթղթերից միայն երկուսն են ընթեռնելի (Roman Military Records on Papyrus)։

Ինչո՞ւ են այդքան քիչ արձանագրություններ պահպանվել։ Պատճառն այն է, որ դրանք գրի են առնվել քայքայվող նյութերի վրա՝ պապիրուսի, մագաղաթի, որոնք արագ փչանում են խոնավ կլիմայական պայմաններում։ Աստվածաշնչյան մի բառարանում գրված է. «Այս ժամանակաշրջանում (մ.թ.ա. I հազ.) պապիրուսի վրա գրված տեղեկությունները հավանաբար մեզ կհասնեին, եթե դրանք լինեին չոր անապատային շրջանում կամ պահվեին քարանձավներում» (The Anchor Bible Dictionary)։

Իսկ աստվածաշնչյա՞ն տեքստերը

Աստվածաշնչյան գրքերը նույնպես գրի են առնվել այնպիսի քայքայվող նյութերի վրա, ինչպիսին որ օգտագործել են փյունիկեցիները, եգիպտացիները և հռոմեացիները։ Այդ դեպքում ինչպե՞ս Աստվածաշունչը պահպանվեց մինչև մեր օրերը և դարձավ աշխարհի ամենատարածված գիրքը։ Պրոֆեսոր Ջեյմս Քուգելը նշում է պատճառը։ Նա ասում է, որ բնագիր տեքստերը արտագրվել են «բազում անգամներ, նույնիսկ Աստվածաշունչը գրվելու ժամանակաշրջանում»։

Իսկ կա՞ արդյոք տարբերություն Աստվածաշնչի թարգմանությունների և հին ձեռագրերի միջև։ Պրոֆեսոր Հուլիո Թրեբոյե Բառեռան, որը եղել է այն մասնագետների խմբում, ովքեր ուսումնասիրել և հրատարակել են հին ձեռագրեր, ինչպես օրինակ՝ Մեռյալ ծովի ձեռագրերը, ասում է. «Եբրայերեն Գրությունները փոխանցվել են կատարյալ ճշգրտությամբ, ինչը չենք կարող ասել հունական ու լատինական դասական գրականության մասին»։ Իսկ աստվածաշնչագետ Ֆրեդերիկ Բրուսը գրում է. «Նոր Կտակարանի ճշգրտության վերաբերյալ ավելի շատ փաստեր կան, քան դասական գրողների աշխատությունների, այդուհանդերձ, ոչ ոք կասկածի տակ չի դնում այդ աշխատությունների վավերականությունը»։ Նա ավելացնում է. «Եթե Նոր Կտակարանը լիներ ոչ կրոնական գրվածքների ժողովածու, ապա շատ մասնագետներ առանց կասկածի նշույլ անգամ ունենալու այն կհամարեին վավերական»։ Իսկապես, Աստվածաշունչը անզուգական մի գիրք է։ Իսկ դու ամեն օր ընթերցո՞ւմ ես այն (1 Պետրոս 1։24, 25

Հին Կտակարանի մոտ 6 000 և Նոր Կտակարանի մոտ 5 000 արտագրված ձեռագրեր դեռևս գոյություն ունեն