Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Մեր ընթերցողները հարցնում են

Ինչո՞ւ Աստված Աբրահամին ասաց, որ իր որդուն զոհաբերի

Ինչո՞ւ Աստված Աբրահամին ասաց, որ իր որդուն զոհաբերի

Համաձայն Աստվածաշնչի «Ծննդոց» գրքի՝ Եհովա Աստված Աբրահամին խնդրեց, որ իր որդի Իսահակին զոհաբերի (Ծննդոց 22։2)։ Աստվածաշնչի որոշ ընթերցողներ դժվարանում են հասկանալ այս պատմությունը։ Քերոլ անունով մի պրոֆեսոր ասում է. «Ես երեխա էի, երբ առաջին անգամ լսեցի այդ պատմությունը։ Ո՞ր մի Աստվածը այդպիսի բան կխնդրեր»։ Նման զգացումները հասկանալի են, բայց մի քանի բաներ չպետք է մոռանալ։

Նախ՝ քննենք, թե ինչ չի արել Եհովան։ Աբրահամը պատրաստ էր Իսահակին զոհաբերելու, բայց Աստված թույլ չտվեց։ Բացի այդ, Եհովան դրանից հետո նման բան ոչ ոքից չի խնդրել։ Նա ուզում է, որ իր բոլոր երկրպագուները, այդ թվում նաև երեխաները ապրեն երկար ու հաճելի կյանքով։

Երկրորդ՝ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Եհովան հատուկ պատճառ ուներ Աբրահամին խնդրելու, որ Իսահակին զոհաբերի։ Աստված գիտեր, որ դարեր անց իր իսկ Որդին *՝ Հիսուսը, մահանալու է մարդկանց համար (Մատթեոս 20։28)։ Իսահակի չկատարված զոհաբերությամբ Եհովան ուզում էր ցույց տալ, թե ապագայում ինչ թանկ զոհաբերություն է անելու։

Եհովան Աբրահամին ասաց. «Վերցրու, խնդրեմ, քո որդուն՝ Իսահակին՝ քո մինուճար որդուն, որին այդքան սիրում ես, և.... նրան ողջակեզ մատուցիր» (Ծննդոց 22։2)։ Նկատենք, որ Եհովան ասաց՝ «Իսահակին.... որին այդքան սիրում ես»։ Աստված գիտեր, թե որքան թանկ է Իսահակը Աբրահամի համար։ Նույն ձևով էլ Որդին՝ Հիսուսը, շատ թանկ էր իր Հոր համար։ Եհովան այնքան շատ էր սիրում իր Որդուն, որ երկու անգամ երկնքից ասաց. «Իմ սիրելի Որդին» (Մարկոս 1։11; 9։7

Նկատենք նաև, որ Աբրահամին ուղղած իր խոսքում Եհովան օգտագործում է «խնդրեմ» բառը։ Մի աստվածաշնչագետ կարծիք է հայտնում, որ Աստծու կողմից այդ բառի գործածումը մատնացույց է անում այն բանին, որ «ՏԵՐԸ հասկանում է, թե ինչ թանկ բան է խնդրում նրանից»։ Հասկանալի է, որ այդ խնդրանքը Աբրահամին մեծ վիշտ էր պատճառելու։ Նույն ձևով էլ կարող ենք պատկերացնել, թե ինչ ցավ է Եհովան ապրել՝ տեսնելով իր Որդու չարչարանքներն ու մահը։ Անկասկած, դա ամենածանր ցավն էր, որ Եհովան երբևէ զգացել է կամ կզգա։

Այսպիսով՝ գուցե իրոք մեզ անչափ տհաճ լինի այն, ինչ Եհովան խնդրեց Աբրահամից։ Բայց եկեք չմոռանանք, որ նա թույլ չտվեց այդ հավատարիմ նահապետին իրագործելու իր խնդրանքը, չցանկացավ, որ նա զգա զավակ կորցնելու ցավը. Աստված իրականում չէր ուզում, որ Իսահակը մեռնի։ Մինչդեռ Եհովան «իր սեփական Որդուն չխնայեց, այլ մեր բոլորի համար տվեց նրան» (Հռոմեացիներ 8։32)։ Ինչո՞ւ Եհովան իրեն այդպիսի ցավ պատճառեց։ Որպեսզի մենք «կյանք ստանանք» (1 Հովհաննես 4։9)։ Այո՛, Աստված անչափ սիրառատ է մեր հանդեպ։ Ուրեմն մի՞թե մենք էլ մեր հերթին չպիտի սիրենք Աստծուն *։

[ծանոթագրություններ]

^ պարբ. 5 Աստվածաշունչը չի սովորեցնում, թե Աստված բառացիորեն, հանձին Հիսուսի, որդի է ունեցել կնոջից։ Հիսուսը Եհովայի կողմից ստեղծված ոգեղեն էակ է եղել, այնուհետև ուղարկվել է երկիր՝ ծնվելու կույս Մարիամից։ Լինելով Հիսուսի Ստեղծիչը՝ Աստված իրավամբ կարող է կոչվել նրա Հայրը։

^ պարբ. 8 Լրացուցիչ տեղեկությունների համար, թե ինչու էր անհրաժեշտ, որ Հիսուսը մահանար և թե ինչպես կարող ենք մեր գնահատանքը ցույց տալ նրա մահվան հանդեպ, տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 5-րդ գլուխը։