Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչպե՞ս էր Հիսուսը վերաբերվում քաղաքականությանը

Ինչպե՞ս էր Հիսուսը վերաբերվում քաղաքականությանը

Ինչպե՞ս էր Հիսուսը վերաբերվում քաղաքականությանը

ԵՐԲ կարդում ենք Ավետարանները, տեսնում ենք, որ մի քանի դեպքում Հիսուսը առնչվել է քաղաքականությանը։ Օրինակ՝ Սատանան նրա մկրտությունից կարճ ժամանակ անց, երբ Հիսուսը 30 տարեկան էր, նրան առաջարկեց իշխանություն ամբողջ աշխարհի վրա։ Հետագայում ամբոխը ցանկացավ նրան դարձնել թագավոր։ Իսկ դրանից հետո փորձեցին նրան դարձնել քաղաքական ակտիվիստ։ Ինչպե՞ս Հիսուսն արձագանքեց։ Քննենք այս երեք դեպքերը։

Աշխարհի ղեկավար։ Ավետարանները ասում են, որ Սատանան Հիսուսին իշխանություն առաջարկեց «աշխարհի բոլոր թագավորությունների» վրա։ Պատկերացրու, թե որքան բարիք կարող էր Հիսուսն անել տառապյալների համար, եթե աշխարհի ղեկավար լիներ։ Մի՞թե մարդը, որ անկեղծորեն հետաքրքրված է մարդկության բարօրությամբ և հավատում է, որ քաղաքականությամբ կարելի է լուծել հիմնախնդիրները, կհրաժարվեր այդպիսի իշխանությունից։ Չգիտենք՝ ուրիշներն ինչպես, բայց Հիսուսը հրաժարվեց (Մատթեոս 4։8–11

Թագավոր։ Հիսուսի ժամանակակիցներից շատերը փափագում էին ունենալ այնպիսի ղեկավար, ով կարող էր լուծել իրենց տնտեսական և քաղաքական խնդիրները։ Տպավորված լինելով նրա կարողություններով՝ մարդիկ ուզում էին, որ Քրիստոսը զբաղվի քաղաքականությամբ։ Ինչպիսի՞ն էր նրա արձագանքը։ Ավետարանագիր Հովհաննեսն ասում է. «Հիսուսը, իմանալով, որ գալու են իրեն բռնեն, որպեսզի թագավոր դարձնեն, նորից մենակ լեռը գնաց» (Հովհաննես 6։10–15)։ Հստակ է, որ Քրիստոսը չէր ուզում մասնակցել քաղաքականությանը։

Քաղաքական ակտիվիստ։ Մի քանի օրից Հիսուսը մահանալու էր։ Փարիսեցիները, որ ձգտում էին անկախանալ Հռոմից, իրենց աշակերտներին Հերովդեսի կողմնակիցների հետ (քաղաքական կուսակցության անդամներ, որոնք բարյացակամորեն էին տրամադրված Հռոմի հանդեպ) ուղարկեցին Հիսուսի մոտ։ Նրանք ուզում էին ստիպել նրան քաղաքական դիրքորոշում ունենալ, ուստի հարցրին, թե արդյոք հրեաները պետք է հարկ վճարեն Հռոմին։

Մարկոսի Ավետարանում կարդում ենք, թե Հիսուսը ինչ պատասխանեց։ Նա ասաց. ««Ինչո՞ւ եք ինձ փորձում։ Ինձ մի դինար բերեք՝ տեսնեմ»։ Եվ նրանք բերեցին։ Հիսուսը հարցրեց նրանց. «Ո՞ւմ պատկերը և ո՞ւմ գիրն է սա»։ Նրանք պատասխանեցին. «Կայսրինը»։ Այդ ժամանակ Հիսուսն ասաց նրանց. «Կայսրինը կայսրին տվեք, իսկ Աստծունը՝ Աստծուն»» (Մարկոս 12։13–17)։ Մեկնաբանելով, թե ինչու Հիսուսն այսպես պատասխանեց՝ «Եկեղեցի և պետություն. երկու թագավորությունների պատմություն» գրքի հեղինակը եզրակացնում է. «Նա հրաժարվեց խաղալ քաղաքական մեսիայի դերը և հստակորեն ցույց տվեց, թե ինչն է Կայսրին պատկանում, և ինչը՝ Աստծուն» (Church and State—The Story of Two Kingdoms)։

Հիսուսը ամենևին էլ անտարբեր չէր այնպիսի խնդիրների հանդեպ, ինչպիսիք էին աղքատությունը, կաշառակերությունը և անարդարությունը։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ նա խորապես մտահոգված էր մարդկանց խղճուկ վիճակով (Մարկոս 6։33, 34)։ Այդուհանդերձ, Հիսուսը արշավ չսկսեց անարդարությունների դեմ, թեև ոմանք ամեն ջանք արեցին, որ նա ներգրավվի բանավեճերի մեջ և որևէ մեկի կողմը բռնի։

Այս օրինակները հստակ ցույց են տալիս, որ Հիսուսը հրաժարվեց մասնակցել քաղաքականությանը։ Իսկ այսօր քրիստոնյաները կարո՞ղ են մասնակցել քաղաքականությանը։