Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հիմա ճանաչում եմ այն Աստծուն, որին երկրպագում եմ

Հիմա ճանաչում եմ այն Աստծուն, որին երկրպագում եմ

Աստվածաշնչյան դպրոցի իմ ավարտականին ներկա էր հիսունական եկեղեցու մի քարոզիչ, որը, ինչպես ասում էին, բուժումներ անելու զորություն ուներ։ Հիշում եմ, որ նա դիպավ ինձ ու ես «հոգու հարվածից» գիտակցությունս կորցրի և ընկա։ Երբ ուշքի եկա, ինձ թվաց, թե բուժումներ անելու զորություն ունեմ։ Սակայն ինչպե՞ս հայտնվեցի այդ իրավիճակում և ի՞նչ ազդեցություն թողեց այդ դեպքը իմ կյանքի վրա։ Նախ պատմեմ իմ անցյալի մասին։

ԾՆՎԵԼ եմ 1968թ. դեկտեմբերի 10-ին Իլոկոս Նորտեում (Ֆիլիպիններ)։ Ընտանիքում տասը երեխաներից յոթերորդն էի։ Ինչպես շատ ֆիլիպինցիներ, մեր ընտանիքն էլ կաթոլիկ էր։ Դպրոցն ավարտեցի 1986թ.-ին, երազում էի բուժքույր դառնալ։ Սակայն երազանքս չիրականացավ, քանի որ լուրջ հիվանդություն ձեռք բերեցի։ Մտածում էի՝ կմեռնեմ։ Հուսահատված ու ընկճված՝ աղերսեցի Աստծուն, որ օգնի ինձ, և խոստացա, որ եթե բուժվեմ, ամբողջ կյանքում նրան կծառայեմ։

Բուժվելուց հետո հիշեցի Աստծուն տված իմ խոստումը։ Ուստի 1991թ. հունիսին ընդունվեցի հիսունականների աստվածաշնչյան դպրոց։ Ասում էին, որ դպրոցում կստանանք «սուրբ ոգու ձրի պարգևը»։ Շատ էի ուզում բուժումներ անելու զորություն ունենալ։ Մեզ սովորեցնում էին, որ այդ պարգևը կարող ենք ստանալ ծոմապահությամբ և աղոթքներով։ Մի անգամ, ցանկանալով տպավորություն թողնել, թե իբր «պարգև» եմ ստացել, թաքուն ականջ դրեցի, թե ինչպես է աղոթաժամին իմ դասարանցիներից մեկը անկյունում բարձրաձայն աղոթում։ Տեսնելով, որ նա ավարտում է աղոթքը՝ արագ վերադարձա իմ տեղը։ Հետո նրան ասացի, որ ինձ հայտնի է, թե ինչ է խնդրել իր աղոթքում և կրկնեցի նրա խոսքերը. նա հավատաց, որ ես «ձրի պարգև» ունեմ։

Դպրոցում սովորելու ժամանակ շատ հարցեր ունեի։ Օրինակ՝ Մատթեոս 6։9-ում խոսվում է «Հոր» և նրա անվան մասին։ Ես ուսուցիչներիս հարցնում էի՝ ո՞վ է Հիսուսի աղոթքում նշված Հայրը, ո՞ւմ անունը պետք է սրբացվի։ Ուսուցիչները հաճախ տարօրինակ պատասխաններ էին տալիս, որոնք ինձ չէին բավարարում։ Նրանք խոսում էին Երրորդության մասին և ասում, որ դա խորհրդավոր հասկացություն է։ Թեպետ գլուխ չէի հանում դրանից, սակայն շարունակում էի սովորել՝ հովիվ դառնալու նպատակ ունենալով։

Առաջին անգամ առնչվում եմ Եհովայի վկայի հետ

Դպրոցում մեզ սովորեցնում էին, որ Եհովայի վկաները ամենասարսափելի կեղծ կրոնի անդամներն են։ Նրանց համարում էին հակաքրիստոսներ։ Ես ատում էի այդ կրոնը։

Դպրոցում երկու տարի սովորելուց հետո այցելեցի ծնողներիս։ Ավագ քույրերիցս մեկը՝ Կարմենը, եկավ ինձ տեսնելու։ Նա այդ ժամանակ մկրտված Վկա էր և ծառայում էր լիաժամ։ Երբ Կարմենը ցանկացավ ինձ հետ խոսել Աստծու մասին, վրդովված պատասխանեցի. «Ես արդեն ճանաչում եմ այն Աստծուն, որին ծառայում եմ»։ Վիրավորական խոսքեր ասելով՝ հրեցի նրան և թույլ չտվեցի, որ խոսի։

Երբ վերադարձա դպրոց, Կարմենը ինձ ուղարկեց «Հարկավո՞ր է հավատալ Երրորդությանը» գրքույկը *։ Ես այրեցի այն, քանի որ դեռ բարկացած էի նրա վրա։

Դառնում եմ հովիվ

Դպրոցի ավարտականին

Դպրոցում սովորելու ընթացքում ինձ հաջողվեց դավանափոխ անել ոմանց։ Հատկապես հպարտությամբ լցվեցի, երբ մայրս ու եղբայրս միացան ինձ՝ դառնալով հիսունական։

1994թ. մարտին ավարտեցի ուսումս։ Ինչպես արդեն սկզբում նշեցի, իմ ավարտականին ներկա էր հիսունականների մի քարոզիչ։ Բոլորս ցանկանում էինք նրա կողքին կանգնել, քանի որ հավատում էինք, որ նա բուժումներ անելու պարգև ունի։ Մենք բեմ բարձրացանք և սկսեցինք երաժշտության ռիթմով ուժեղ ծափ տալ ու թռչկոտել։ Բոլոր նրանք, ում նա դիպչում էր, ընկնում էին «հոգու հարվածից» *։ Նա ինձ էլ դիպավ։ Ես ընկա և կորցրի գիտակցությունս, իսկ երբ ուշքի եկա, վախեցա, սակայն զգացի, որ բուժումներ անելու զորություն ունեմ։ Ես երջանիկ էի։

Շուտով ես այդ զորությամբ բուժեցի մի երեխայի, որը բարձր ջերմություն ուներ։ Իմ աղոթքից անմիջապես հետո երեխան սկսեց քրտնել, և ջերմությունը իջավ։ Մտածեցի, որ կարող եմ իրականացնել Աստծուն տված խոստումս՝ ծառայել նրան։ Այնուամենայնիվ, հոգուս խորքում դատարկություն էի զգում։ Թեպետ գիտեի, որ գոյություն ունի միայն մեկ Աստված, սակայն չգիտեի, թե ով է նա իրականում։ Եկեղեցու ուսմունքների վերաբերյալ ինձ տարբեր կասկածներ էին տանջում։

Այդ զորությամբ բուժեցի մի երեխայի, որը բարձր ջերմություն ուներ

Մտածելակերպս փոխվում է

Այս բոլոր դեպքերից հետո ավելի թշնամաբար տրամադրվեցի Եհովայի վկաների հանդեպ։ Հենց որ Վկաների գրականություն էր ձեռքս ընկնում, վառում էի այն։ Հետո լրիվ անսպասելիորեն իմացա, որ մայրս այլևս չի ուզում իմ կրոնի անդամը լինել։ Կարմենը նրա հետ սկսել էր Աստվածաշունչ ուսումնասիրել։ Շատ զայրացա քրոջս վրա։

Մի օր մորս տանը «Արթնացե՛ք» ամսագիր տեսա։ Եթե ինձ չհետաքրքրեր, թե ինչ է կարդում մայրս, անպատճառ կվառեի այն, բայց որոշեցի թերթել։ Աչքս ընկավ մի հոդված, որտեղ խոսվում էր մի անհատի մասին, որը ամուր հավատ ուներ եկեղեցու ուսմունքների հանդեպ։ Սակայն երբ նա սկսեց կարդալ Վկաների գրականությունը, ինչպես նաև Աստվածաշունչը, համոզվեց, որ Երրորդության, դժոխքի և հոգու անմահության ուսմունքները հակասուրբգրային են։ Ես ցնցվեցի։ Սա հենց այն էր, ինչը ուզում էի հասկանալ։ Այդ հոդվածն ընթերցելուց հետո իմ մեջ մեծ ցանկություն առաջացավ հասկանալու աստվածաշնչյան ճշմարտությունը։

Այնքա՜ն ուրախ էի, որ իմացա ճշմարտությունը միակ ճշմարիտ Աստծու մասին

«Արթնացե՛ք» ամսագրում մեկ ուրիշ կենսագրություն ընթերցելուց հետո, որտեղ խոսվում էր, թե ինչպես է մի հարբեցող ու թմրամոլ Աստվածաշնչի շնորհիվ մեծ փոփոխություններ արել իր կյանքում, սկսեցի Վկաների գրականությունը ավելի շատ ընթերցել։ Ձեռքս ընկավ մի գրքույկ, որը կոչվում է «Աստծու անունը հավիտյան կմնա» *։ Կարդալով այն՝ համոզվեցի, որ Աստծու անունը Եհովա է։ Այնքան ուրախ էի, որ իմացա ճշմարտությունը միակ ճշմարիտ Աստծու մասին (2 Օրենք 4։39; Երեմիա 10։10

Ես շարունակեցի գաղտնի ընթերցել ու ժամանակի ընթացքում ավելի շատ ճշմարտություններ իմացա։ Օրինակ՝ հիսունականների դպրոցում սովորել էի, որ Հիսուսն է Աստվածը, սակայն Աստվածաշնչից իմացա, որ նա «կենդանի Աստծու Որդին» է (Մատթեոս 16։15, 16

Փոփոխություններ եմ անում

Երբ նորից տեսա Կարմենին, խնդրեցի, որ ինձ տա «Աստծու անունը հավիտյան կմնա» գրքույկը և ուրիշ գրականություն։ Նա շատ զարմացավ։ Հիսունականների դպրոցում անցկացրած տարիները այդպես էլ չօգնեցին ինձ իմանալու ճշմարտությունը։ Ես կուրացած էի։ Բայց երբ սկսեցի հասկանալ աստվածաշնչյան ճշմարտությունները, սիրտս ուրախությունից ցնծաց։ Ամբողջովին զգացի Հիսուսի խոսքերի իրականացումը իմ կյանքում. «Դուք ճշմարտությունը կիմանաք, և ճշմարտությունը կազատի ձեզ» (Հովհաննես 8։32)։ Այդ ճշմարտությունները աստիճանաբար փոխեցին իմ կյանքը։

Այդ ճշմարտությունները աստիճանաբար փոխեցին իմ կյանքը

Սկզբում մտածում էի, որ կարող եմ գաղտնի երկրպագել Եհովա Աստծուն և շարունակել հովվի գործը։ Բայց հետո հասկացա, որ չեմ կարող սովորեցնել մարդկանց եկեղեցու ուսմունքները։ Մյուս կողմից՝ վախենում էի. ինչպե՞ս էի փող վաստակելու՝ թողնելով հովվի գործը։ Եկեղեցու համար խայտառակություն կլիներ, եթե իմանային, որ հովիվներից մեկը Եհովայի վկա է դարձել։ Այդ պատճառով որոշեցի մնալ եկեղեցում, սակայն խուսափում էի մարդկանց կեղծ ուսմունքներ սովորեցնելուց։

Փրեշըսը Աստվածաշունչ է ուսումնասիրում ինձ հետ

Երբ նորից տեսա Կարմենին, նա ինձ հրավիրեց Եհովայի վկաների ժողովի հանդիպմանը։ Երբեմն ես հաճախում էի Լաոագ քաղաքում գտնվող հիսունականների գլխավոր եկեղեցին, բայց մի անգամ, երբ այդ քաղաքում էի, որոշեցի գաղտնի գնալ Եհովայի վկաների ժողով։ Այնտեղ ծանոթացա լիաժամ քարոզիչ Ալմա Պրեսյոզա Վիլյարինի հետ, որի մականունը «Փրեշըս» է (նշանակում է թանկագին)։ Թեև դեռ բացասաբար էի տրամադրված Վկաների հանդեպ, սակայն ընդունեցի Աստվածաշունչ ուսումնասիրելու նրա առաջարկը։

Քույրս համբերատարությամբ բացատրում էր ինձ աստվածաշնչյան ճշմարտությունները։ Նույն կերպ էր վարվում նաև Փրեշըսը։ Չնայած ես զայրանում էի, վիճում նրա հետ, երբեմն էլ ձայնս բարձրացնում և պնդում իմ իմացածը, նա օգնում էր ինձ հասկանալու Աստվածաշունչը։ Փրեշըսի և ուրիշ Վկաների իմ հանդեպ դրսևորած անկեղծ հետաքրքրությունը, խոնարհությունը և մեղմությունը մեծ տպավորություն թողեցին ինձ վրա և իմ մեջ ցանկություն առաջացավ երկրպագելու Եհովային։

1995թ. հուլիսին հասկացա, որ եթե ուզում եմ հաճեցնել Աստծուն, պետք է թողնեմ հովվի գործը, քանի որ Հայտնություն 18։4-ում կեղծ կրոնի մասին ասվում է. «Դո՛ւրս եկ նրա միջից, ի՛մ ժողովուրդ, որ մասնակից չլինես նրա մեղքերին և որ նրա պատուհասներից քեզ վրա չգան»։ Իսկ ինչպե՞ս էի փող վաստակելու։ Եբրայեցիներ 13։5-րդ համարը վստահությամբ լցրեց ինձ, որ եթե կատարեմ Աստծու կամքը, ապա նա անպայման կօգնի, քանի որ խոստանում է. «Ես ոչ մի դեպքում քեզ չեմ թողնի և ոչ մի դեպքում քեզ չեմ լքի»։

Ես ու մայրս մկրտության օրը

Թեև հայրս ու եղբայրս խիստ հակառակվում էին ինձ, սակայն քաջություն հավաքեցի և իմ մկրտությունից երկու շաբաթ առաջ այրեցի այն բոլոր իրերը, որ օգտագործում էի հովիվ ծառայելիս։ Դրանից հետո զգացի, որ ինձ տրված զորությունը անհետացել է։ Մինչ այդ, երբ քնում էի, ինչ-որ բան անընդհատ ճնշում էր ինձ։ Այդ զգացումը նույնպես անհետացել է։ Այլևս չեմ տեսնում այն ստվերները, որ հայտնվում էին սենյակիս պատուհանին։ Աստվածաշնչի ուսումնասիրությունից հասկացա, որ այսօրվա «պարգևները», օրինակ՝ բուժումներ անելու զորությունը, Աստծուց չեն, այլ չար ոգիներից են։ Այնքա՜ն ուրախ եմ, որ վերջապես ձերբազատվել եմ դրանց ազդեցությունից, ինչպես այն աղախինը, որին Պողոսը ազատեցին «գուշակող դևից» (Գործեր 16։16–18

Լիաժամ ծառայող եմ

Որքա՜ն երջանիկ էի, որ 1996թ. սեպտեմբերին մորս հետ մկրտվեցի և դարձա Եհովայի վկա։ Դրանից հետո սկսեցի լիաժամ ծառայել Աստծուն և արդեն երկար տարիներ է՝ ուրախություն եմ ստանում իմ ծառայությունից։

Հետագայում ամուսնացա Սիլվեր անունով մի եղբոր հետ։ Այժմ երկուսով ջանքեր ենք թափում մեր աղջկան Աստվածաշնչի չափանիշների համաձայն դաստիարակելու համար։ Երեք քույրերս նույնպես ծառայում են Եհովային։ Թեև շատ եմ ափսոսում, որ այդքան ժամանակ չեմ ճանաչել Աստծուն, սակայն երջանիկ եմ, քանի որ հիմա ճանաչում եմ այն Աստծուն, որին երկրպագում եմ։

Ամուսինս, աղջիկս և իմ բարեկամներից ոմանք, ովքեր հետագայում միացան մեզ ճշմարիտ երկրպագության մեջ

^ պարբ. 10 Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից, սակայն այժմ չի տպագրվում։

^ պարբ. 13 «Հոգու հարվածը» մի երևույթ է, որը առկա է որոշ կրոններում, որտեղ մարդիկ հավատում են, թե իբր սուրբ ոգին հավատացյալների վրա այնպիսի մեծ ուժով է գալիս, որ ընկնում են գետին։

^ պարբ. 18 Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։