Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽՈՒՄ Է ԿՅԱՆՔԵՐԸ

«Նրանք ուզում էին, որ ինքս համոզվեմ ճշմարտության մեջ»

«Նրանք ուզում էին, որ ինքս համոզվեմ ճշմարտության մեջ»
  • ԾՆՎԵԼ Է՝ 1982 թ.

  • ԵՐԿԻՐԸ՝ ԴՈՄԻՆԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

  • ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ՄՈՐՄՈՆ

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։

Ծնվել եմ Սանտո Դոմինգոյում (Դոմինիկյան Հանրապետություն)։ Չորս երեխաներից կրտսերն եմ։ Ծնողներս կրթված մարդիկ էին և ցանկանում էին, որ իրենց երեխաները դաստիարակվեն բարի և ազնիվ մարդկանց շրջապատում։ Իմ ծնվելուց չորս տարի առաջ ծնողներս հանդիպել էին մորմոն միսիոներների։ Տպավորված լինելով նրանց կոկիկ հագուկապով ու քաղաքավարությամբ՝ նրանք որոշել էին դառնալ Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու, այսինքն՝ մորմոնների եկեղեցու անդամ։ Մեր ընտանիքը առաջիններից էր այդ կղզում, որ ընդունել էր այս կրոնը։

Ինձ դուր էր գալիս եկեղեցու գործունեությամբ զբաղվել, նաև այն, որ այնտեղ մեծ շեշտ էր դրվում ընտանիքի ու բարոյական արժեքների վրա։ Հպարտ էի, որ մորմոն եմ։ Նպատակ դրեցի միսիոներ դառնալու։

Երբ 18 տարեկան էի, ընտանիքս տեղափոխվեց Միացյալ Նահանգներ, որպեսզի կարողանամ լավ համալսարանում սովորել։ Մեկ տարի անց մորաքույրս ու նրա ամուսինը, որոնք Եհովայի վկաներ են, եկան Ֆլորիդա՝ մեզ տեսնելու։ Նրանք մեզ համաժողով հրավիրեցին։ Շատ տպավորվեցի՝ տեսնելով, որ շուրջս բոլորը կարդում են աստվածաշնչյան համարները և գրառումներ անում։ Թուղթ ու գրիչ խնդրեցի և ինքս էլ սկսեցի նշումներ անել։

Քանի որ մորաքույրս ու նրա ամուսինը գիտեին, որ ես նպատակ ունեմ միսիոներ դառնալու, համաժողովից հետո ասացին, որ կարող են օգնել ինձ Աստվածաշնչից որոշ բաներ սովորելու։ Նրանց առաջարկը ինձ դուր եկավ, քանի որ Մորմոնի գրքից ես ավելի շատ բան գիտեի, քան Աստվածաշնչից։

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։

Հեռախոսով աստվածաշնչյան հարցեր քննարկելիս մորաքույրս ու նրա ամուսինը ինձ միշտ խրախուսում էին իմ հավատալիքները համեմատել աստվածաշնչյան ուսմունքների հետ։ Նրանք ուզում էին, որ ինքս համոզվեմ ճշմարտության մեջ։

Մորմոնների հավատալիքներից շատ բաներ ընդունել էի, բայց իրականում վստահ չէի, թե արդյոք դրանք ներդաշնակ են Աստվածաշնչին։ Մի անգամ մորաքույրս ուղարկեց 1995թ. նոյեմբերի 8-ի «Արթնացե՛ք»-ը (հրատարակվում է Եհովայի վկաների կողմից), որտեղ մորմոնների մասին մի քանի հոդված կար։ Ես զարմացա, երբ պարզվեց, որ մորմոնների շատ ուսմունքներ ինձ ծանոթ չեն։ Ուստի որոշեցի այցելել մորմոնների պաշտոնական վեբ կայքը, որպեսզի ստուգեմ, թե արդյոք «Արթնացե՛ք»-ում գրված տեղեկությունը ճիշտ է, և համոզվեցի, որ դա այդպես է։ Իմ համոզվածությունն ավելացավ, երբ այցելեցի Յուտայում գտնվող (ԱՄՆ) մորմոնների թանգարանները։

Միշտ մտածում էի, որ Մորմոնի գիրքն ու Աստվածաշունչը ներդաշնակ են։ Բայց երբ սկսեցի Աստվածաշունչն ավելի ուշադիր ընթերցել, դրանց միջև հակասություններ նկատեցի։ Օրինակ՝ Եզեկիել 18։4-ում ասվում է, որ հոգին մահանում է։ Սակայն Մորմոնի գրքի Ալմա 42։9-ում գրված է, որ հոգին երբեք չի կարող մեռնել։

Ուսմունքային տարբերություններից բացի, ինձ մտահոգում էին նաև մորմոնների ազգայնամոլական գաղափարախոսությունները։ Օրինակ՝ մորմոնները սովորեցնում են, որ Եդեմի պարտեզը գտնվել է Միսուրի նահանգի Ջեքսոնի շրջանում (ԱՄՆ)։ Նրանց առաջնորդները նաև ասում են, որ երբ «Աստծու Թագավորությունը իշխի, ազատության և արդարադատության դրոշակաձողի վրա կծածանվի Միացյալ Նահանգների դրոշը»։

Ինձ հետաքրքիր էր, թե ըստ մորմոնների՝ ի՞նչ է պատահելու մյուս երկրներին, օրինակ, իմ ծննդավայրին։ Մի երեկո, երբ մորմոններից մեկը զանգեց ինձ (նա վերապատրաստում էր անցնում միսիոներ դառնալու համար), որոշեցի այդ հարցը նրա հետ քննարկել։ Ես հարցրի նրան, թե արդյոք նա կկռվի ուրիշ երկրի իր հավատակցի դեմ, եթե պատերազմ լինի։ Ապշեցի, երբ նա ասաց՝ այո՛։ Դրանից հետո սկսեցի ավելի խորությամբ ուսումնասիրել մորմոնների հավատալիքները, նաև զրուցեցի նրանց առաջնորդների հետ։ Նրանք ասացին, որ իմ հարցերի պատասխանները առեղծված են, բայց մի օր, երբ լույսը ավելի պայծառ դառնա, ամեն ինչ պարզ կլինի։

Նրանց խոսքերից հիասթափված՝ ինքնաքննություն արեցի, թե ինչու եմ ուզում միսիոներ դառնալ։ Հասկացա, որ ինձ գրավում է այդ միտքը, քանի որ ցանկանում եմ օգնել մարդկանց և արժանանալ մարդկանց հարգանքին։ Ես Աստծու մասին քիչ բան գիտեի ու, թեև անցյալում շատ անգամ եմ աչքի անցկացրել Աստվածաշունչը, իրականում չեմ հասկացել դրա արժեքը։ Գաղափար անգամ չունեի, թե որն է Աստծու նպատակը երկրի ու մարդկանց առնչությամբ։

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։

Եհովայի վկաների հետ Աստվածաշունչ ուսումնասիրելիս իմացա, թե ինչ է Աստծու անունը, ինչ է տեղի ունենում մահից հետո և որն է Հիսուսի դերը Աստծու նպատակների մեջ։ Վերջապես սկսեցի ծանոթանալ այս հրաշալի գրքի՝ Աստվածաշնչի հետ, և իմ սովորած ճշմարտությունները ուրախությամբ պատմել ուրիշներին։ Գիտեի, որ Աստված գոյություն ունի, սակայն այսօր կարող եմ աղոթքով դիմել նրան՝ որպես իմ ամենամտերիմ Ընկերոջ։ 2004թ. հուլիսի 12-ին ես մկրտվեցի՝ դառնալով Եհովայի վկա, և վեց ամիս անց լիաժամ ծառայություն սկսեցի։

Հինգ տարի ծառայել եմ Եհովայի վկաների գլխավոր վարչությունում (Նյու Յորք, Բրուքլին)։ Մեծ հաճույքով աջակցել եմ Աստվածաշնչի և դրա վրա հիմնված գրականության հրատարակման գործին, որից օգուտներ են քաղում ամբողջ աշխարհում ապրող միլիոնավոր մարդիկ։ Այսօր շարունակում եմ օգնել ուրիշներին սովորելու Աստծու մասին։