Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«Ես տեսա, բայց չհասկացա»

«Ես տեսա, բայց չհասկացա»

1975թ.-ին, երբ ես երկու տարեկան էի, մայրս մի տարօրինակ բան նկատեց։ Մի անգամ մորս ընկերուհու ձեռքից մի ծանր բան ընկավ, որից ուժեղ ձայն եկավ։ Սակայն մորս գրկում ես ոչ մի ձևով չարձագանքեցի։ Դարձա երեք տարեկան, բայց դեռ չէի կարողանում խոսել։ Ծնողներս ցնցվեցին, երբ մասնագետներն ասացին, որ ես խուլ եմ։

Դեռ փոքր էի, երբ ծնողներս բաժանվեցին։ Մայրս ստիպված էր ինձ, երկու մեծ եղբայրներիս ու քրոջս մենակ մեծացնել։ Այդ ժամանակ Ֆրանսիայում խուլ երեխաներին չէին կրթում այնպես, ինչպես այսօր, իսկ ընդունված մեթոդները մեծ սթրես էին պատճառում նրանց։ Սակայն փոքրուց ես մի մեծ առավելություն եմ ունեցել, որ չունեն բազմաթիվ խուլ երեխաներ։ Թույլ տվեք պատմել։

Հինգ տարեկանում

Որոշ ժամանակ բազմաթիվ մասնագետներ այն կարծիքին էին, որ խուլ երեխաներին պետք է սովորեցնել խոսել ու շուրթերից կարդալ։ Ֆրանսիայում, որտեղ ես մեծացել եմ, ժեստերի լեզուն դպրոցում խստիվ արգելված էր։ Որոշ երեխաների ձեռքերը դասի ժամանակ նույնիսկ կապում էին մեջքի հետևում։

Կյանքիս վաղ տարիներին ամեն շաբաթ ժամեր շարունակ լոգոպեդը ինձ խոսել էր սովորեցնում։ Նա բռնում էր իմ ծնոտից կամ գլխից ու ստիպում, որ ձայներ արտաբերեմ, որոնք իհարկե չէի լսում։ Ես չէի կարողանում շփվել մյուս երեխաների հետ։ Այդ տարիները տանջալից էին ինձ համար։

Հետո վեց տարեկանում ինձ խուլերի դպրոց տարան։ Առաջին անգամ էի խուլ երեխաների միջավայրում։ Այստեղ նույնպես ժեստերի լեզուն արգելված էր։ Երբ փորձում էինք այդ լեզվով խոսել, ուսուցիչները խփում էին մեր մատներին ու քաշում մեր մազերից։ Բայց, միևնույնն է, մենք թաքուն խոսում էինք՝ օգտագործելով մեր հնարած ժեստերը։ Վերջապես կարողացա շփվել մյուս երեխաների հետ։ Սկսվեցին չորս երջանիկ տարիներս։

Սակայն տասը տարեկանում ինձ սովորական դպրոց ուղարկեցին։ Ես տանջվում էի։ Ինձ թվում էր, որ բոլոր խուլ երեխաները մահացել են, ու ամբողջ աշխարհում մենակ ես եմ մնացել։ Հետևելով բժիշկների խորհուրդներին՝ ծնողներս չէին սովորել ժեստերի լեզուն և ինձ էլ թույլ չէին տալիս շփվել խուլ երեխաների հետ։ Հիշում եմ, երբ մի անգամ գնացինք լոգոպեդի մոտ, նրա սեղանին նկատեցի ժեստերի լեզվի մի դասագիրք։ Երբ տեսա շապիկի նկարները, մատով ցույց տվեցի գիրքը և ասացի. «Ես ուզում եմ սա»։ Բժիշկը արագ թաքցրեց այն *։

ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐՍ

Մայրս փորձում էր մեր մեջ քրիստոնեական չափանիշներ սերմանել։ Նա մեզ տանում էր Բորդոյի  մոտ գտնվող Մերինյակ քաղաքի Եհովայի վկաների ժողովներին։ Քանի որ փոքր էի, գրեթե ոչինչ չէի հասկանում այդ ժողովներից։ Այդ պատճառով ժողովի տարբեր անդամներ հերթով նստում էին կողքս և ինձ համար գրում ասված մտքերը։ Ինձ անչափ տպավորում էր նրանց սերն ու հոգատարությունը։ Տանը մայրս ինձ հետ Աստվածաշունչ էր ուսումնասիրում, բայց ես ամբողջությամբ չէի հասկանում սովորածս։ Ինձ Դանիել մարգարեի պես էի զգում, որը հրեշտակից մի մարգարեություն լսելով՝ ասաց. «Ես լսեցի, բայց չհասկացա» (Դանիել 12։7, 8)։ Իմ պարագայում՝ «ես տեսա, բայց չհասկացա»։

Ժամանակի ընթացքում աստիճանաբար սովորեցի աստվածաշնչյան հիմնական ճշմարտությունները։ Ես թանկ էի գնահատում այն, ինչ հստակ հասկանում էի և փորձում էի կիրառել կյանքում։ Նաև սովորում էի՝ ուրիշների վարքին նայելով։ Օրինակ՝ Աստվածաշունչը հորդորում է մեզ համբերատար լինել (Հակոբոս 5։7, 8)։ Իրականում ես չէի հասկանում, թե ինչ է համբերատարությունը։ Սակայն տեսնելով, թե ինչպես են հավատակիցներս դրսևորում այս հատկությունը՝ կարողացա հասկանալ։ Իրոք որ, ժողովը մեծ օգնություն եղավ ինձ համար։

ՄԵԾ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ, ՀՐԱՇԱԼԻ ԱՆԱԿՆԿԱԼ

Ստեֆանը, որն օգնեց ինձ հասկանալու Աստվածաշունչը

Երբ դեռ պատանի էի, մի օր փողոցում տեսա, թե ինչպես են երիտասարդները իրար հետ ժեստերով խոսում։ Սկսեցի նրանց հետ գաղտնի շփվել ու այդպես սովորեցի ֆրանսերեն ժեստերի լեզուն։ Ես շարունակում էի հաճախել ժողովներին։ Այնտեղ Ստեֆան անունով մի երիտասարդ Վկա անձնական հետաքրքրություն դրսևորեց իմ նկատմամբ։ Նա մեծ ջանքեր էր գործադրում ինձ հետ հաղորդակցվելու համար, և ես մտերմացա նրա հետ։ Սակայն ինձ մեծ հիասթափություն էր սպասում։ Քաղաքական հարցերում չեզոքություն պահելու համար Ստեֆանին բանտարկեցին։ Ես շատ վհատվեցի և դադարեցի ժողովներին հաճախելուց։

Տասնմեկ ամիս անց Ստեֆանին ազատ արձակեցին։ Որքա՜ն զարմացա, երբ նա ինձ հետ սկսեց ժեստերի լեզվով խոսել։ Աչքերիս չէի հավատում։ Բանտում Ստեֆանը սովորել էր ֆրանսերեն ժեստերի լեզուն։ Նայում էի նրա ձեռքերի շարժումներին ու դեմքի արտահայտությանը և ուրախանում, որ վերջապես հասկանում եմ նրան։

ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՄ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Ստեֆանը սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել ինձ հետ։ Այդ ժամանակ էր, որ հասկացա աստվածաշնչյան ճշմարտությունները։ Փոքրուց ինձ դուր էր գալիս մեր հրատարակություններում նայել գեղեցիկ նկարները, համեմատել պատկերված մարդկանց, ուշադրություն դարձնել տարբեր մանրամասնությունների։ Դա օգնում էր, որ այդ պատմությունները դաջվեն մտքիս մեջ։ Թեպետ գիտեի, օրինակ՝ Աբրահամի, նրա «սերնդի», «մեծ բազմության» մասին, սակայն երբ ինձ բացատրեցին ժեստերի լեզվով, լիովին ըմբռնեցի դրանց նշանակությունը (Ծննդոց 22։15–18; Հայտնություն 7։9)։ Ես գտա իմ սրտի լեզուն։

Որքան շատ էի հասկանում ժողովում հնչած մտքերը, այնքան սիրտս ուրախությունից ցնծում էր, իսկ գիտելիքների հանդեպ ծարավս՝ մեծանում։ Ստեֆանի օգնությամբ աստվածաշնչյան հասկացողությունս շարունակում էր աճել։ 1992թ.-ին կյանքս նվիրեցի Եհովա Աստծուն ու մկրտվեցի։ Թեև հոգևորապես առաջադիմում էի, սակայն ամաչկոտության պատճառով չէի կարողանում ազատ շփվել մարդկանց հետ։

ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՄ ԱՄԱՉԿՈՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ

Որոշ ժամանակ անց խուլերի փոքր խումբը միացրին Պեսակի (արվարձան Բորդոյում) ժողովին։ Դա ինձ շատ օգնեց, որ շարունակեմ հոգևորապես աճել։ Թեև շարունակ պայքարում էի ամաչկոտության դեմ, ընկերներս, որոնք խուլ  չէին, ուշադիր էին իմ հանդեպ, որ կարողանամ ամեն ինչ հասկանալ։ Մի ամուսնական զույգ՝ Ժիլն ու Էլոդին, ջանքեր էին թափում ինձ հետ շփվելու համար։ Նրանք հաճախ ժողովից հետո հրավիրում էին ինձ ճաշելու կամ սուրճ խմելու։ Արդյունքում մենք լավ ընկերներ դարձանք։ Ինչպիսի՜ երջանկություն է լինել այն մարդկանց շրջապատում, ովքեր ապրում են Աստծու չափանիշներով։

Ես ու կինս, որը թև ու թիկունք է ինձ համար

Հենց այս ժողովում էր, որ ես հանդիպեցի Վանեսային։ Նա ինձ շատ դուր եկավ, քանի որ նրբազգաց է, արդարամիտ, ինչպես նաև հմայիչ։ Իմ խուլ լինելը նրա համար խոչընդոտ չէր, ընդհակառակը՝ խուլ անհատի հետ շփվել սովորելու հրաշալի հնարավորություն էր։ Վանեսան գերեց իմ սիրտը։ 2005թ.-ին մենք ամուսնացանք։ Նա օգնեց ինձ հաղթահարելու իմ ամաչկոտությունը և ավելի ազատ շփվելու մարդկանց հետ։ Ես շատ եմ գնահատում, որ նա միշտ աջակցում է ինձ իմ պարտականությունները կատարելիս։

ՄԵԿ ԱՅԼ ՆՎԵՐ ԵՀՈՎԱՅԻՑ

Այն տարի, երբ մենք ամուսնացանք, Եհովայի վկաների Ֆրանսիայի մասնաճյուղը (Լուվիե) հրավիրեց ինձ մեկ ամսով թարգմանչական գործի հետ կապված մարզում ստանալ, քանի որ աշխատանքի ծավալը գնալով մեծանում էր և ավելի շատ թարգմանիչների կարիք կար։ Վերջին տարիներին մասնաճյուղը մեծ ջանքեր է ներդնում թվային տեսասկավառակների վրա ֆրանսերեն ժեստերի լեզվով հրատարակություններ թողարկելու համար։

Ֆրանսերեն ժեստերի լեզվով ելույթ ներկայացնելիս

Ես ու Վանեսան մտածում էինք, որ մասնաճյուղում ծառայելը ինձ համար մեծ առանձնաշնորհում է և պարգև Եհովայից։ Սակայն փոքր-ինչ անհանգիստ էինք. ի՞նչ է լինելու մեր ժեստերի լեզվի խմբին, ի՞նչ ենք անելու մեր տունը, կկարողանա՞ Վանեսան աշխատանք գտնել այնտեղ։ Եհովան լավագույն կերպով օգնեց մեզ լուծելու յուրաքանչյուր խնդիր։ Ես զգացի նրա սերը մեր ու խուլ մարդկանց հանդեպ։

ԵՂԲԱՅՐՈՒԹՅԱՆ ԱՆԳՆԱՀԱՏԵԼԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Թարգմանչական գործին մասնակցելով՝ ավելի լավ պատկերացրի, թե որքան ջանք է թափվում, որ խուլ մարդիկ ճանաչեն Աստծուն։ Որքա՜ն հաճելի է տեսնել, թե ինչպես են բազմաթիվ հավատակիցներ, մի քանի ժեստ սովորելով, փորձում հաղորդակցվել ինձ հետ։ Ես ինձ միայնակ չեմ զգում։ Սիրո այս դրսևորումները ցույց են տալիս, թե ինչ հրաշալի միասնություն է տիրում Եհովայի ժողովրդի մեջ (Սաղմոս 133։1

Մասնաճյուղի թարգմանչական բաժնում աշխատելիս

Երախտապարտ եմ Եհովային, որ քրիստոնեական ժողովի միջոցով ինձ միշտ աջակցում է։ Նաև շնորհակալ եմ, որ կարողանում եմ իմ փոքր ներդրումն ունենալ խուլ մարդկանց օգնելու հարցում, որպեսզի նրանք ճանաչեն մեր սիրառատ Ստեղծչին ու մտերմանան նրա հետ։ Անհամբերությամբ սպասում եմ այն օրվան, երբ ոչինչ չի խանգարի հաղորդակցվել ամենքի հետ, և բոլորը՝ որպես մեկ միասնական ընտանիք, կխոսեն «մաքուր լեզվով»՝ կիմանան Եհովա Աստծու և նրա նպատակների մասին ճշմարտությունը (Սոփոնիա 3։9

^ պարբ. 9 1991թ.-ին Ֆրանսիայի կառավարությունը պաշտոնապես թույլ տվեց ժեստերի լեզվի դասավանդումը։