Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

«Լեռներից պղինձ կհանես»

«Լեռներից պղինձ կհանես»

Հնագետների խումբը հասավ մի քարայրի, որը գտնվում էր զառիթափ ժայռի մեջ։ Նրանք պեղումներ էին կատարում Հուդայի անապատի կիրճերում և քարայրներում՝ հույս ունենալով գտնել որևէ արժեքավոր բան՝ հնագույն արտեֆակտ կամ ձեռագիր, ինչպիսիք որ Մեռյալ ծովի մոտ գտնված մագաղաթներն էին։ Եվ հանկարծ այս քարայրում նրանք գանձ գտան, որը հետագայում հայտնի դարձավ «Նահալ Միշմարի գանձեր» անվանումով։

ԵՂԵԳՆՅԱ խսիրի մեջ փաթաթված և ժայռաբեկորի անցքում թաքցված այս գանձերը, որոնք հայտնաբերվեցին 1961 թվականի մարտին, բաղկացած էին 400-ից ավել իրերից, որոնց մեծ մասը պղնձից էր պատրաստված։ Դրանց մեջ կային թագեր, գավազաններ, գործիքներ, մականներ և տարբեր զենքեր։ Գտածոները, ինչ խոսք, կհետաքրքրեն Աստվածաշունչ ընթերցողներին, քանի որ Ծննդոց 4։22-ում խոսվում է ոմն Թոբել-Կայենի մասին, որը «պղնձից և երկաթից ամեն տեսակ գործիք ձուլող» է եղել։

Ճիշտ է, գտնված գանձերի մասին շատ հարցեր մնացին անպատասխան, սակայն այդ հայտնագործությունը անձեռագիր վկայություն է այն մասին, որ աստվածաշնչյան երկրներում պղնձի հանքարդյունաբերությունը և պղնձագործությունը տարածված են եղել դեռ շատ հին ժամանակներից։

ՊՂՆՁԻ ՀԱՆՔԵՐԸ ԱՎԵՏՅԱՑ ԵՐԿՐՈՒՄ

Երբ Իսրայել ժողովուրդը պետք է ոտք դներ Ավետյաց երկիր, Մովսեսն ասաց. «[Այդ երկրի] լեռներից պղինձ կհանես» (2 Օրենք 8։7–9)։ Իսրայելի և Հորդանանի տարածքում հնագետները պղնձի մի քանի հին հանքեր ու ձուլարաններ են գտել, ինչպիսիք են Ֆինան, Թիմնան ու Խիրբեթ Էն Նահասը։ Ի՞նչ ենք իմանում այս հայտնագործություններից։

Ֆինանի և Թիմնանի տարածքը պատված է ոչ խոր հորերով, որտեղից առնվազն 2000 տարի շարունակ հանքագործները պղինձ են հանել։ Նույնիսկ այսօր այցելուները այդ վայրերում կարող են գտնել կանաչ բծերով պղնձաքարեր։ Հնում հանքագործները քարե գործիքներով քերում էին ժայռերի մակերեսը և երևացող պղնձի շերտերը հանում։ Երբ պաշարը սպառվում էր, մետաղե գործիքներով ավելի խորն էին փորում, ինչի արդյունքում մեծ խորշեր, խոր հորեր և թունելներ էին առաջանում։ Աստվածաշնչի «Հոբ» գրքում կարելի է գտնել մի նկարագրություն, որտեղ խոսվում է հանքագործության մասին (Հոբ 28։2–11)։ Դա ֆիզիկական ծանր աշխատանք էր։ Մ.թ. 3–5-րդ դարերում Հռոմեական կայսրությունը վտանգավոր հանցագործներին և այլ բանտարկյալների աքսորում էր Ֆինան՝ պղնձի հանքերում աշխատելու։

Խիրբեթ Էն Նահասում (նշանակում է «պղնձի ավերակներ») խարամի հսկա կույտեր են հայտնաբերվել, ինչը ցույց է տալիս, որ այնտեղ մեծ քանակությամբ պղինձ են ձուլել։ Մասնագետներն այն կարծիքին են, որ այստեղ հանքանյութ են բերել մոտակա հանքերից՝ Ֆինանից ու Թիմնանից։ Պղինձը  խարամից առանձնացնելու համար հանքանյութը դնում էին հնոցում վառվող փայտածխի կրակին, որը ութից տասը ժամ շարունակ փուքսով բորբոքում էին և ջերմաստիճանը հասցնում 1200°C-ի։ Սովորաբար 5 կիլոգրամ հանքանյութից ստացվում էր 1 կիլոգրամ պղինձ, որից կարող էին տարբեր իրեր ձուլել։

ՊՂՆՁԻ ԳՈՐԾԱԾՈՒՄԸ ՀԻՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ

Սինա լեռան մոտ Եհովա Աստված պատվիրեց իսրայելացիներին, որ խորանը պատրաստելու համար, իսկ հետագայում նաև Երուսաղեմի տաճարի շինարարության մեջ օգտագործվի այս փայլուն մետաղը, որով հարուստ էր նրանց երկիրը (Ելք, 27-րդ գլուխ)։ Հայտնի չէ, իսրայելացիները մետաղագործությամբ զբաղվել են նախքան Եգիպտոս գնալը, թե այդ արհեստը ձեռք են բերել հենց Եգիպտոսում, սակայն փաստ է, որ երբ նրանք ազատագրվեցին այդ երկրից, հորթի ձուլածո արձան շինեցին։ Հետագայում նրանք նաև պղնձից շատ պիտույքներ ձուլեցին խորանի ծառայության համար՝ ջրի մեծ ավազան, կաթսաներ, տապակներ, թիեր ու եղաններ (Ելք 32։4

Նախքան Ավետյաց երկիր մտնելը, երբ իսրայելացիները շրջում էին անապատում, հավանաբար Փունոնի շրջակայքում (ամենայն հավանականությամբ Փունոնը այսօրվա Ֆինանն է), որը հարուստ էր պղնձով, նրանք սկսեցին տրտնջալ, որ հոգնել են մանանա ուտելուց և ջուր չունեն։ Որպես պատիժ՝ Եհովան թունավոր օձեր ուղարկեց ժողովրդի մեջ, և շատերը մահացան։ Երբ իսրայելացիները զղջացին, Մովսեսը նրանց համար բարեխոսեց Եհովային, որից հետո Եհովան պատվիրեց նրան պղնձե օձ պատրաստել և ամրացնել մի բարձր ձողի։ Ու «երբ որևէ մեկին օձը խայթում էր, և այդ մարդը նայում էր պղնձե օձին, ողջ էր մնում» (Թվեր 21։4–10; 33։43

ՍՈՂՈՄՈՆ ԹԱԳԱՎՈՐԻ ՊՂԻՆՁԸ

Երուսաղեմի տաճարի շատ հատվածներ պղնձից են պատրաստված եղել

Սողոմոն թագավորը Երուսաղեմի տաճարի համար մեծ քանակությամբ պղինձ օգտագործեց, որի մեծ մասը նրա հայր Դավիթը ավար էր վերցրել Ասորիքի դեմ պատերազմում (1 Տարեգրություն 18։6–8)։ Օրինակ՝ նա պատրաստել տվեց պղնձե «ձուլածո ծովը», որը քահանաներն օգտագործում էին լվացվելու համար։ Այն 66000 լիտր տարողության մեծ ավազան էր և կշռում էր 30 տոննա (1 Թագավորներ 7։23–26, 44–46)։ Իսկ տաճարի մուտքի մոտ կանգնեցված էին 8 մետր բարձրության երկու վիթխարի պղնձե սյուներ, որոնց վրա դրված էին 2,2 մետր բարձրության հոյակերտ խոյակներ։ Սյուները, որոնց տրամագիծը 1,7 մետր էր, սնամեջ էին, պատերը՝ 7,5 սանտիմետր հաստության (1 Թագավորներ 7։15, 16; 2 Տարեգրություն 4։17)։ Թերևս դժվար լինի պատկերացնել, թե որքան շատ պղինձ էր օգտագործվել այդ ամենը պատրաստելու համար։

Աստվածաշնչյան ժամանակներում պղինձը լայնորեն գործածվում էր նաև առօրյա կյանքում։ Օրինակ՝ կարդում ենք պղնձե զենքերի, շղթաների, երաժշտական գործիքների և դռների մասին (1 Սամուել 17։5, 6; 2 Թագավորներ 25։7; 1 Տարեգրություն 15։19; Սաղմոս 107։16)։ Հիսուսն էլ աշակերտների հետ խոսելիս նշեց պղնձե մետաղադրամների մասին (Մատթեոս 10։9

Աստվածաշնչյան ժամանակներում պղնձի հարուստ պաշարի և Նահալ Միշմարի գանձերի հետ կապված շատ հարցեր հնագետների և պատմաբանների համար դեռ բաց են մնում։ Սակայն փաստ է այն, որ իսրայելացիների ժառանգած երկիրը «լավ երկիր է [եղել].... որի լեռներից պղինձ են հանել», ինչպեսև հաստատում է Աստվածաշունչը (2 Օրենք 8։7–9