Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 72

Հիսուսը 70 աշակերտներին ուղարկում է քարոզելու

Հիսուսը 70 աշակերտներին ուղարկում է քարոզելու

ՂՈՒԿԱՍ 10։1–24

  • ՀԻՍՈՒՍԸ ԸՆՏՐՈՒՄ Է 70 ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՔԱՐՈԶԵԼՈՒ

Այժմ մ.թ. 32թ. վերջերն է։ Մոտավորապես երեք տարի է անցել Հիսուսի մկրտությունից։ Նա և իր աշակերտները վերջերս Երուսաղեմում մասնակցել են Տաղավարների տոնին։ Հավանաբար, նրանք դեռևս այդ տարածքում են (Ղուկաս 10։38; Հովհաննես 11։1)։ Հիսուսը իր ծառայության վերջին վեց ամիսների մեծ մասը անց է կացնում Հրեաստանում և Պիրեայի շրջանում, որը գտնվում է Հորդանան գետի մյուս կողմում։ Այս տարածքներում նույնպես պետք է բարի լուրը քարոզվի։

Ավելի վաղ՝ մ.թ. 30թ. Պասեքից հետո, Հիսուսը որոշ ամիսներ քարոզել է Հրեաստանում և շրջագայել է Սամարիայում։ Այնուհետև մ.թ. 31թ.-ին՝ Պասեքի օրերին, Երուսաղեմում ապրող հրեաները փորձել են սպանել նրան։ Իսկ հաջորդ մեկ ու կես տարին Հիսուսը հիմնականում ուսուցանել է Գալիլեայում։ Այդ ընթացքում շատերը դարձել են նրա հետևորդները։ Գալիլեայում Հիսուսը կրթել է իր առաքյալներին և ուղարկել է նրանց քարոզելու՝ պատվիրելով. «Քարոզեք ու ասացեք. «Երկնքի թագավորությունը մոտեցել է»» (Մատթեոս 10։5–7)։ Այժմ նա քարոզչական գործունեություն է կազմակերպում Հրեաստանում։

Սակայն մինչ այդ նա ընտրում է 70 աշակերտների և նրանց բաժանում զույգերի։ Այսպիսով Հիսուսը 35 զույգ է ուղարկում, որ քարոզեն այդ տարածքում, որտեղ «բերքը.... շատ է, բայց աշխատողները՝ քիչ» (Ղուկաս 10։2)։ Նրանք պետք է գնան այն վայրերը, որտեղ հետագայում թերևս պետք է գնա նաև Հիսուսը։ Այս 70 աշակերտները պետք է բուժեն հիվանդներին և քարոզեն այն լուրը, որը Հիսուսն է քարոզում։

Մարդկանց ուսուցանելու համար աշակերտները, ժողովարաններ գնալու փոխարեն, պետք է գնան մարդկանց տները, ինչպես պատվիրում է Հիսուսը։ Նա ասում է. «Երբ որևէ տուն մտնեք, նախ ասացեք. «Թող խաղաղություն լինի այս տանը»։ Եթե այնտեղ խաղաղասեր մարդ լինի, ձեր խաղաղությունը նրա վրա կմնա»։ Իսկ ինչի՞ մասին պետք է քարոզեն նրանք։ Հիսուսը պատվիրում է. «Ասեք նրանց. «Աստծու թագավորությունը մոտեցել է ձեզ»» (Ղուկաս 10։5–9

Հիսուսը 70 աշակերտներին տալիս է նույնպիսի հրահանգներ, ինչպիսիք նա տվել էր իր 12 առաքյալներին մոտ մեկ տարի առաջ։ Նա զգուշացնում է, որ ոչ բոլորը նրանց լավ կընդունեն։ Բայց աշակերտների քարոզչության շնորհիվ ընկալունակ սիրտ ունեցող մարդիկ ավելի տրամադրված կլինեն ընդունելու Հիսուսին։ Այնպես որ, երբ կարճ ժամանակ անց Հիսուսը գա, այդ մարդկանցից շատերը մեծ հոժարակամությամբ կընդունեն նրան և կսովորեն նրանից։

Շուտով աշակերտները վերադառնում են Հիսուսի մոտ։ Նրանք ուրախությամբ ասում են նրան. «Տե՛ր, նույնիսկ դևերն են մեզ հպատակվում քո անունով»։ Այս լուրը, ինչ խոսք, շատ է ուրախացնում Հիսուսին։ Ուստի նա ասում է. «Տեսա, թե ինչպես Սատանան կայծակի պես վայր ընկավ երկնքից։ Ահա ձեզ իշխանություն տվեցի օձեր ու կարիճներ կոխոտելու» (Ղուկաս 10։ 17–19

Հիսուսը վստահեցնում է իր հետևորդներին, որ նրանք կկարողանան փոխաբերական իմաստով կոխկրտել օձերին ու կարիճներին, այսինքն՝ կկարողանան «իշխել» ամեն վնասաբեր բանի վրա։ Բացի այդ, աշակերտները կարող են վստահ լինել, որ ապագայում Սատանան վայր է գցվելու երկնքից։ Հիսուսը նաև օգնում է 70 աշակերտներին հասկանալու, թե իրականում ինչն է ավելի կարևոր։ Նա ասում է. «Մի՛ ուրախացեք այն բանի համար, որ ոգիները հպատակվում են ձեզ, այլ ուրախացեք, որ ձեր անունները գրված են երկնքում» (Ղուկաս 10։20

Հիսուսը շատ է ուրախանում և փառաբանում է իր Հորը, այն բանի համար, որ Հայրը այդ զորավոր գործերը իրականացնում է իր խոնարհ ծառաների միջոցով։ Դիմելով իր աշակերտներին՝ Հիսուսն ասում է. «Երջանիկ են նրանք, ովքեր տեսնում են այն, ինչ դուք եք տեսնում, որովհետև ասում եմ ձեզ՝ շատ մարգարեներ և թագավորներ ցանկացան տեսնել այն ամենը, ինչ դուք եք տեսնում, բայց չտեսան, և լսել այն ամենը, ինչ դուք եք լսում, բայց չլսեցին» (Ղուկաս 10։23, 24