Անցնել բովանդակությանը

Բեթելի լվացքատուն. լաթից մինչև փողկապ

Բեթելի լվացքատուն. լաթից մինչև փողկապ

Եհովայի վկաների Միացյալ Նահանգների մասնաճյուղի լվացքատանը ծառայող երիտասարդ տղամարդիկ ու կանայք իրենց ժամանակն ու եռանդը տրամադրում են տարեկան միջին հաշվով 1800 տոննա շոր լվանալուն, ինչը Բրուքլինում, Պատերսոնում և Ուոլքիլում լվացքատուն հանձնած շորերի ընդհանուր քանակն է։ Այս աշխատանքի ծավալն ապշեցնող է, հատկապես երբ հաշվի ենք առնում, թե ինչ տարատեսակ հագուստի և կտորեղենի հետ են գործ ունենում լվացքատան աշխատողները։

Ամեն աշխատանքային օր Միացյալ Նահանգների Բեթելի մասնաշենքերում ապրող կամավորները լվացքատուն են ուղարկում ավելի քան 11000 կտոր հագուստ՝ 2300 վերնաշապիկ, 650 շալվար, կիսագուլպա, ներքնաշոր և շապիկ։ Լվացքատունը ստանում է նաև 900 կտոր հագուստ չոր քիմմաքրման համար։

Բացի այս ամենից, լվացքատուն են բերվում սպիտակեղենի դեզեր՝ սավաններ, սրբիչներ, վերմակներ, ինչպես նաև մատուցողների համազգեստներ և սրբիչ-լաթեր։ Այս ամենը պետք է լվանալ, չորացնել և ուղարկել համապատասխան բաժիններ։ Միատեսակ կտորները, օրինակ՝ լաթերը, լվացվում են միասին, իսկ մետաքսյա փողկապները կամ նուրբ կտորից հագուստը՝ առանձին-առանձին և հատուկ խնամքով։

Լվացքատան աշխատողները ստուգում են՝ արդյոք հագուստի վրա պատռվածք չկա կամ կոճակներն ամուր են։ Եթե անհրաժեշտ է լինում կոճակ կարել, ապա աշխատանքը կատարվում է կա՛մ մեքենայով, կա՛մ ձեռքով։ Իսկ եթե հագուստի վրա պատռվածք կա կամ այն ձևափոխության կարիք ունի, ապա դերձակը վարպետորեն լուծում է խնդիրը։

Որպեսզի յուրաքանչյուր լվացված ու արդուկված հագուստ վերադարձվի իր տիրոջը, դրա վրա լինում է կոդով պիտակ։ Եթե հագուստի վրա այն չկա, ապա սարքի օգնությամբ այն պիտակավորվում է։ Դրա շնորհիվ հագուստները ավտոմատ հավաքվում, դասավորվում և ուղարկվում են Բեթելի ընտանիքի համապատասխան անդամին։

Լվացքատան նոր աշխատողները սովորում են հմտություններ փորձառու աշխատողներից, ինչի շնորհիվ կարողանում են գրեթե 20 տարբեր աշխատանքներ կատարել։ Աշխատանքներից մեկը, որ միգուցե հեշտ թվա, դժվար անցնող հետքերը մաքրելն է, ինչը ժամանակատար գործ է։ Նոր աշխատողները պետք է գիտելիքներ ձեռք բերեն գործվածքների որակական հատկանիշների մասին, ինչպես նաև իմանան, թե ինչպես և ինչ նյութերով պետք է լվանալ դրանք։

Թաջը, ով տարի ու կես է, ինչ աշխատում է լվացքատանը, ասում է. «Աշխատավայրում հիանալի մթնոլորտ է տիրում, տարբեր ծագում ունեցող մարդկանց հետ աշխատելը մեծ բավականություն է պատճառում»։ Շելին, մեկ ուրիշ աշխատող, ասում է. «Մեծ պատիվ է օգնել Բեթելի ընտանիքին անդամներին մաքուր ու կոկիկ տեսք ունենալ»։