Անցնել բովանդակությանը

«Գաղաադի» 134-րդ դասարանի ավարտականը։ «Ընդօրինակեք նրանց հավատը»

«Գաղաադի» 134-րդ դասարանի ավարտականը։ «Ընդօրինակեք նրանց հավատը»

«Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցի 134-րդ դասարանի ավարտական ծրագիրն անցկացվեց 2013-ի մարտի 9-ին Եհովայի վկաների՝ Պատերսոնում գտնվող կրթական կենտրոնում (Նյու Յորք)։ Այս դպրոցը պատրաստում է հմուտ միսիոներներ, ովքեր ավելի արդյունավետ կլինեն ծառայության մեջ։ Ծրագրին ներկա էին 9912 հոգի՝ շրջանավարտների ընկերներ, ընտանիքի անդամներ և այլ հյուրեր։

Ծրագրի նախագահողը Մարկ Սանդերսոնն էր, ով Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամ է։ Նա հիշեցրեց ներկաներին «Գաղաադ» դպրոցի բացման օրը, որը տեղի է ունեցել 70 տարի առաջ՝ 1943-ի փետրվարի 1-ին։ Այդ օրը կազմակերպության նախագահ Նաթան Նորը, որը նաև դպրոցի տնօրենն էր, ընդգծեց այս նախաձեռնության նպատակը՝ ասելով. «Դեռևս կան հարյուրավոր և հազարավոր մարդիկ, որոնց կարելի է հասցնել [Թագավորության բարի լուրը], եթե «դաշտում» ավելի շատ աշխատողներ լինեն։ Տիրոջ կամքով նրանք կլինեն»։ Չէ՞ր սխալվում արդյոք եղբայր Նորը։

Տեսնենք մի օրինակ։ Դպրոցի բացումից կարճ ժամանակ անց եղբայր Նորը գնաց Մեքսիկա՝ տեսնելու, թե որտեղ կարող են նշանակվել «Գաղաադն» ավարտած միսիոներները։ Իր այցի ժամանակ հանդիպում կազմակերպվեց, որին հրավիրվեցին Մեխիկոյի և 240 կիլոմետր (150 մղ) շառավղով նրա շրջակա տարածքում գործող բոլոր ժողովները։ Հանդիպմանը ներկա եղավ 400 հոգի։ Այսօր արդեն մոտ 7 տասնամյակ է անցել այն օրից, երբ «Գաղաադի» առաջին շրջանավարտները ոտք դրեցին Մեքսիկա։ Եթե այդ նույն տարածքի ժողովները այսօր հրավիրվեն մի հանդիպման, ապա ներկաների թիվը կանցնի 200000-ը։

«Այդ ի՞նչ է ձեռքիդ»։ Էնթոնի Գրիֆինը, որը Միացյալ Նահանգների մասնաճյուղի կոմիտեի անդամ է, ներկայացրեց այս թեման, որը հիմնված էր Ելք 4:2-ի խոսքերի վրա։ Համարում Եհովան հարցնում է Մովսեսին. «Այդ ի՞նչ է ձեռքիդ»։ Իսկ Մովսեսը պատասխանում է. «Գավազան»։ Եհովան օգտագործեց գավազանը որպես խորհրդանիշ այն իշխանության և հանձնարարության, որ տվեց Մովսեսին (Ելք 4:5)։ Երբ Մովսեսը օգտագործում էր իրեն շնորհված իշխանությունը Եհովային փառք բերելու համար, հաջողության էր հասնում։ Սակայն երբ այն օգտագործում էր ինքն իրեն մեծարելու և իր եղբայրներին հանդիմանելու համար, տհաճեցնում էր Աստծուն, ինչպես որ եղավ «Մերիբայում» (Թվեր 20:9–13

Եղբայր Գրիֆինը Մովսեսի գավազանը համեմատեց հոգևոր կրթության հետ, որ ստացան շրջանավարտները՝ զգուշացնելով նրանց, որ չօգտագործեն այն ուրիշների վրա իշխանություն հաստատելու նպատակով։ Նա հորդորեց. «Այն, ինչ ստացաք, օգտագործեք Եհովային փառք ու պատիվ բերելու համար, և դուք շարունակ կլինեք օրհնություն նրանց համար, ում ծառայում եք»։

«Հիշիր մանանան»։ Կառավարիչ մարմնի անդամ Ստիվեն Լեթը իր ելույթում ընդգծեց չորս դաս, որ սովորում ենք՝ հիշելով մանանան, որն Աստված հրաշքով տալիս էր իսրայելացիներին անապատում։

  • Շարունակեք ջանադրաբար աշխատել (Թվեր 11:8)։ Մանանայով սնվելու համար իսրայելացիները պետք է արագաշարժ ու փութաջան լինեին, շուտ հավաքեին այն, հետո նրանից ուտելու բան պատրաստեին (Ելք 16:21

  • Երբեք մի՛ տրտնջա Եհովայի տված բարիքների դեմ (Թվեր 11:5, 6)։ Իսրայելացիները դժգոհում էին մանանայից, բայց Եհովայի համար նրանց դժգոհությունն ուղղված էր իրեն։ Մանանայի նման, մեր հոգևոր կերակուրը գուցե ոչ միշտ հրապուրիչ լինի, սակայն այն միշտ սննդարար է։ Մենք միշտ պետք է երախտագետ լինենք Եհովայի տված ամեն մի բարիքի համար։

  • Լիովին վստահ եղիր, որ Եհովան հոգ կտանի քո մասին։ Եհովան ամեն օր մանանայով ապահովում էր նրանց, իսկ շաբաթին նախորդող օրը տալիս էր դրա կրկնակի չափը (Ելք 16:22–26)։ Նմանապես մենք պետք է վստահ լինենք, որ Եհովան անպայման կհոգա մեր կարիքները (Մատթեոս 6:11

  • Անհնազանդությունը երբեք օրհնություն չի բերում (Ելք 16:19, 20, 25–28)։ Իսրայելացիներից ոմանք շաբաթ օրը գնացին մանանա հավաքելու, բայց ոչինչ չգտան։ Ոմանք էլ շաբաթվա մյուս հինգ օրերին հավաքած մանանան թողեցին մինչև առավոտ, սակայն այն որդնեց ու հոտեց։ Այդպես վարվելով նրանք միայն տհաճեցրին Եհովային։

Այնուհետև եղբայր Լեթը հորդորեց շրջանավարտներին հիշել այն դասերը, որ սովորեցնում է մանանան, քանի որ միայն այդ դեպքում Եհովան նրանց համար «կբացի երկնքի պատուհանները և օրհնություններ կթափի, մինչև որ էլ տեղ չլինի» (Մաղաքիա 3:10

«Պատրաստ եղեք ապրելու նոր աշխարհում»։ Ուիլյամ Սեմյուելսոնը, որը աստվածապետական դպրոցների բաժնի վերակացուն է, ասաց, որ թեև մենք, հասկանալի պատճառներով, շատ ենք ուզում, որ նոր աշխարհը գա, սակայն անչափ կարևոր է, որ մտածենք. «Ես պատրա՞ստ եմ ապրելու նոր աշխարհում»։ Դրա համար մենք պետք է «ողջամիտ» լինենք (1 Պետրոս 4:7

Մեր ողջամտությունը երևում է այն բանում, թե ինչպես ենք վերաբերվում մեր անկատարություններին։ Չպետք է մեղադրենք Սատանային կամ նրա իշխանության տակ գտնվող այս աշխարհին մեր բոլոր թերացումների համար՝ մտածելով, թե դրանք կուղղենք նոր աշխարհում, երբ Աստված կվերացնի այս բոլոր բացասական ազդեցությունները։ Այսօրվանից կարող ենք պայքարել մեր վատ հակումների դեմ, ինչպիսին է օրինակ՝ եսասիրությունը, և ջանանք «հագնել նոր անձնավորությունը» (Եփեսացիներ 4:24

«Գրիչդ վայր դիր»։ Մարկ Նումարը՝ «Գաղաադ» դպրոցի ուսուցիչներից մեկը, օգտագործեց գրչի օրինակը՝ ցույց տալու համար, որ մարդիկ հակված են գրիչը իրենց ձեռքում պահելու, այսինքն՝ կյանքում ամեն ինչ իրենց ուզածով անելու։ Սակայն մենք պետք է վայր դնենք գրիչը մեր ձեռքից և թույլ տանք, որ Եհովան գրի։

Այս առումով նախազգուշական օրինակ է Սավուղ թագավորը։ Սկզբում նա հանդարտ, համեստ և խոնարհ մարդ էր (1 Սամուել 10:22, 27; 11:13)։ Սակայն շատ չանցած՝ նա «իր ուզածն էր գրում»՝ անելով այն, ինչ ճիշտ էր համարում, և իր փառքը որոնելով։ Աստված մերժեց նրան անհնազանդության համար (1 Սամուել 14:24; 15:10, 11

Թեև շրջանավարտները հավատարիմ են եղել առայսօր, սակայն եղբայր Նումարը հիշեցրեց, որ նրանք պետք է շարունակեն կատարել Աստծու գործը այնպես, ինչպես նա է ուզում։ Նա զգուշացրեց. «Այն փաստը, որ Եհովան օգտագործում է քեզ, չի նշանակում, որ վայելում ես նրա հաճությունը»։ Օրինակ՝ Մովսեսը չհետևեց Աստծու առաջնորդությանը, երբ հրաշքով ջուր հանեց ժայռից։ Ճիշտ է, նա արդյունքի հասավ, սակայն չստացավ Եհովայի օրհնությունը (Թվեր 20:7–12

«Արձագանքենք երկնքում թռչող հրեշտակի բարձր կանչին»։ «Գաղաադի» ուսուցիչ Սեմ Ռոբերսոնը իր ելույթը հիմնեց Հայտնություն 14:6, 7 համարների վրա։ Այնուհետև նրա առաջնորդությամբ շրջանավարտները բեմականացրին վերջերս Թագավորության լուրը քարոզելիս իրենց հետ պատահած դեպքերը։ Օրինակ՝ նրանցից մեկը, որին վիրահատել էին, հիվանդանոցում վկայություն տվեց մի բուժքրոջ, որը Պերուից էր։ Եղբայրը նրա հետ զրույց սկսեց՝ jw.org վեբ կայքում ցույց տալով մի նկար Չաչապոյասում (Պերու) իրականացվող քարոզչական գործից։ Արդյունքում բուժքույրն ու նրա ամուսինը սկսեցին Աստվածաշունչ ուսումնասիրել։

«Դու ինձ խաբեցիր.... և ես խաբվեցի» (Երեմիա 20:7)։ Միացյալ Նահանգների մասնաճյուղի կոմիտեի անդամ Ալեն Շուսթերը հարցազրույց անցկացրեց շրջանավարտներից երկու զույգի հետ։ Նրանք անկեղծորեն ասացին, որ իրենց «խաբված» են զգում Եհովայի կողմից։ Ի՞նչ առումով։ Սկզբում վախենում էին, թե չեն կարողանա սովորել, թե դասընթացը շատ բարդ կլինի իրենց համար։ Սակայն ընթացքում շատերն օգնեցին նրանց, ինչի շնորհիվ նրանք հաջողության հասան։ Քույր Մարյան Արոնսոնը արտահայտեց իր երախտագիտությունը դասընթացի համար՝ ասելով. «Երբեք չեմ մտածի, թե ինչ ուսումնասիրեմ։ Ես հասկացել եմ, որ Աստվածաշնչի ամեն մի համար գանձ է»։

«Ընդօրինակեք նրանց հավատը»։ Կառավարիչ մարմնի անդամ Դեյվիդ Սփլեյնը ներկայացրեց ծրագրի գլխավոր ելույթը, որը հիմնված էր Եբրայեցիներ 13:7 համարի վրա, որտեղ ասվում է. «Հիշեցեք նրանց, ովքեր առաջնորդություն են վերցնում ձեր մեջ, ովքեր Աստծու խոսքը խոսեցին ձեզ հետ, և խորհրդածելով այն մասին, թե ինչ արդյունքներ է բերում նրանց վարքը՝ ընդօրինակեք նրանց հավատը»։ Ինչպե՞ս 70 տարի առաջ Եհովայի վկաների գործունեության մեջ «առաջնորդություն վերցնողները» հավատ դրսևորեցին։

1942-ի սեպտեմբերի 24-ին Նաթան Նորը Եհովայի վկաների երկու կորպորացիաների տնօրենների համատեղ ժողով գումարեց և առաջարկեց նոր դպրոց («Գաղաադ») հիմնելու գաղափարը, որը միսիոներներ կպատրաստեր նոր տարածքներում քարոզչական գործը առաջ տանելու համար։ Սակայն հանգամանքներն այնքան էլ բարենպաստ չէին նման դպրոց հիմնելու համար։ Մոլեգնում էր Երկրորդ համաշխարհային պատերազմը, ինչի պատճառով քիչ էին այն երկրները, ուր հնարավոր կլիներ միսիոներներին ուղարկել։ 1930-ականներին աշխարհի ֆինանսական համակարգը գրեթե հողին էր հավասարվել, և կազմակերպության ֆինանսական միջոցները կբավարարեին միայն հինգ տարի դպրոցն անցկացնելու համար։ Այդուհանդերձ, եղբայրները հավատ դրսևորեցին միաձայն հավանություն տալով եղբայր Նորի առաջարկին։

«Գաղաադի» առաջին դասարանների շրջանավարտները նույնպես ընդօրինակման արժանի հավատ են դրսևորել։ Նրանք սովորել են բավարարվել եղածով և իրենց կյանքում տեղ չեն տվել փողասիրությանը (Եբրայեցիներ 13:5, 6)։ Շատերը գիտակցում էին, որ գուցե էլ երբեք չտեսնեն իրենց ընտանիքի անդամներին, քանի որ վերջիններս չէին կարողանա վճարել իրենց ճանապարհածախսը, որ տուն գնան ու այցելեն իրենց։ Իրականում իրենց նշանակման վայր մեկնած շատ միսիոներներ 10–15 տարի հետո միայն կրկին հանդիպեցին իրենց ընտանիքի անդամներին։ Նրանք համոզված էին, սակայն, որ Հիսուսը հոգ կտանի թե՛ իրենց, թե՛ իրենց ընտանիքի անդամների մասին, ինչպես միշտ (Եբրայեցիներ 13:8

«Գաղաադի» առաջին դասարանը, 1943

Նախքան «Գաղաադում» սովորելը օտար երկրներում ծառայած և լուրջ խնդիրների հանդիպած որոշ քարոզիչների մասին մանրամասներ պատմելուց հետո եղբայր Սփլեյնը ասաց շրջանավարտներին. «Երիտասա՛րդ եղբայրներ և քույրեր, դուք 70-ամյա այս գեղեցիկ պատմության մասն եք, «Գաղաադի» պատմության, որտեղ տարուց տարի սովորել են շատերը.... Ուր էլ գնաք, ուրախությա՛մբ ծառայեք Եհովային»։

Եղբայր Սփլեյնը իր ելույթի վերջում ցուցադրեց մի տեսանյութ, որտեղ «Գաղաադն» ավարտած 77 քույրերի ու եղբայրների նկարներ էին, ովքեր այժմ ծառայում են Եհովայի վկաների Միացյալ Նահանգների մասնաճյուղում։ Նրանցից երկուսը դպրոցի առաջին շրջանավարտներից էին, որոնք ավարտել են 1943-ին։ Ցուցադրման ընթացքում հնչում էին վերջին 70 տարիների ընթացքում Վկաների՝ երկրպագության մեջ օգտագործվող երգերը։

Դիպլոմների հանձնման արարողությունից հետո շրջանավարտներից մեկը կարդաց դասարանի շնորհակալական նամակը։ Վերջում եղբայր Սանդերսոնը եզրափակեց ծրագիրը՝ ընդգծելով, որ թեև 70 տարի է անցել, սակայն «Գաղաադի» առաջին դասարանին ուղղված եղբայր Նորի խոսքերը շատ արդիական են. «Ուր էլ նշանակվես, հիշիր՝ դու.... Թագավորության քարոզիչ ես, ու դա մեծագույն պատիվն է, որ երբևէ շնորհվել է երկրի վրա որևէ մեկին, քարոզիչ, որը փառաբանություն է երգում հիմա՝ Արմագեդոնից առաջ.... Քանի դեռ քարոզելու առանձնաշնորհում ունես, քարոզի՛ր»։