Անցնել բովանդակությանը

Գլոբալ հրատարակչություն​—Թող մարդիկ ճանաչեն Աստծուն

Գլոբալ հրատարակչություն​—Թող մարդիկ ճանաչեն Աստծուն

Ամբողջ աշխարհում մարդիկ կարդում են Եհովայի վկաների հրատարակությունները։ Միլիոնավորներ կարդում են մեր գրականությունը էլեկտրոնային տարբերակով, ինչպես հիմա դու։ Սակայն գուցե քեզ ապշեցնի մեր հրատարակչական գործի ծավալը։ Օրինակ՝ 2013թ.-ին մենք աստվածաշնչյան գրականություն ենք հրատարակել մոտ 700 լեզուներով և տարածել ենք 239 երկրներում։

Մինչև 1920-ը մեր գրականությունը տպագրում էինք կոմերցիոն ֆիրմաներում։ Այդ տարի մեր ամսագրերն ու գրքույկները սկսեցինք տպագրել Բրուքլինում վարձված փոքր շինությունում։ Այսօր արդեն 15 խոշոր տպարաններ ունենք Ասիայում, Ավստրալիայում, Աֆրիկայում, Եվրոպայում, Հարավային Ամերիկայում և Հյուսիսային Ամերիկայում։

Ամենաարժեքավոր գիրքը մեզ համար

Ամենաարժեքավոր գիրքը, որ տպագրել ենք, իհարկե Աստվածաշունչն է։ 1942-ին առաջին Աստվածաշունչը, որ դուրս եկավ մեր տպագրահաստոցից, անգլերեն «Քինգ Ջեյմս» թարգմանությունն էր։ Իսկ 1961-ից մենք սկսեցինք հրատարակել Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանությունը ամբողջությամբ։ Մինչև 2013-ը մենք հրատարակել ենք այս թարգմանության ավելի քան 184 միլիոն օրինակ 121 լեզուներով։

Աստվածաշնչի վերաբերյալ սա դեռ ամենը չէ։ Մեր տպագրած Աստվածաշնչերը դիմացկուն են։ Օգտագործված թղթի բաղադրության մեջ չկան թթուներ, ինչի շնորհիվ էջերը ժամանակի ընթացքում չեն դեղնում։ Էջերը նաև շատ ամուր են կարված իրար։ Արդյունքում՝ այս գիրքը տոկունությամբ դիմանում է ամենօրյա օգտագործման սթրեսներին։

Այլ հրատարակություններ

Մենք նաև տպագրում ենք այլ հրատարակություններ, որոնք օգնում են մարդկանց հասկանալ Աստվածաշունչը։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 2013թ. որոշ տվյալներ։

  • «Դիտարան» — Մեր հիմնական ամսագիրն է, որը տպագրվում է ավելի քան 210 լեզուներով։ Այն ամենամեծ տպաքանակն ունեցող ամսագիրն է աշխարհում։ Յուրաքանչյուր 16-էջանոց թողարկում լույս է տեսնում մոտ 45000000 օրինակով։

  • «Արթնացե՛ք» — «Դիտարանի» հետ զուգահեռ հրատարակվող ամսագիրն է, որը տպաքանակով երկրորդն է աշխարհում և լույս է տեսնում 99 լեզուներով։ Յուրաքանչյուր թողարկում հրատարակվում է մոտ 44000000 օրինակով։

  • «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» — Փափուկ կազմով 224-էջանոց այս գիրքը հատուկ նախատեսված է օգնելու ընթերցողին, որ հասկանա Աստվածաշնչի հիմնական ուսմունքները։ Սկսած 2005-ից՝ գրքի ավելի քան 214 միլիոն օրինակ է հրատարակվել 240-ից ավելի լեզուներով։

  • «Լսիր Աստծուն» — Այս գրքույկը, որն ունի 32 էջ, նախատեսված է օգնելու նրանց, ովքեր չեն կարողանում լավ կարդալ։ Գրքույկում աստվածաշնչյան պարզ ճշմարտությունները ներկայացված են գեղեցիկ նկարներով և կարճ մեկնաբանություններով։ Հրատարակվել է ավելի քան 42 միլիոն օրինակ 400-ից ավելի լեզուներով։

Սրանցից բացի, Եհովայի վկաները տպագրում են տարբեր գրքեր, գրքույկներ և թերթիկներ, որոնք օգնում են Աստվածաշունչ ուսումնասիրողներին գտնել իրենց հարցերի պատասխանները, հաղթահարել կյանքի դժվարությունները և երջանիկ ընտանեկան կյանք ունենալ։ 2012թ.-ին Եհովայի վկաները հրատարակել են 1,3 միլիարդ ամսագիր և 80 միլիոն գիրք ու Աստվածաշունչ։

2012թ.-ին Եհովայի վկաները հրատարակել են 1,3 միլիարդ ամսագիր և 80 միլիոն գիրք ու Աստվածաշունչ

Մեր տպարաններ այցելողները հաճախ հիանում են՝ տեսնելով այնտեղ աշխատող կամավորների եռանդն ու աշխատասիրությունը, ովքեր իրենց ուժն ու ժամանակը տրամադրում են այս գործին։ Նախքան Բեթել (նշանակում է «Աստծու տուն») հրավիրվելը շատերը այս ոլորտում չեն ունեցել փորձ և հմտություններ։ Սակայն այստեղ աշխատելու ընթացքում նրանց սովորեցրել են գործի գաղտնիքները, և դա լավ արդյունքներ է տվել։ Սովորական բան է տեսնել՝ ինչպես են 20-ն անց երիտասարդները հմտորեն աշխատեցնում արագագործ տպագրահաստոցներ, որոնք ժամում թողարկում են 16-էջանոց ամսագրի 200000 օրինակ։

Որտեղի՞ց մեզ միջոցներ

Ամբողջ աշխարհում Եհովայի վկաների գործունեությունը ֆինանսավորվում է կամավոր նվիրաբերությունների միջոցով։ 1879թ. օգոստոսի «Սիոնի Դիտարանում» հետևյալն է գրվել. «Մենք վստահ ենք, որ ԵՀՈՎԱՆ է հովանավորում «Սիոնի Դիտարանը», և այդ պատճառով մենք երբեք չենք խնդրի.... մարդկանց, որ ֆինանսապես աջակցեն գործին»։ Մենք առայսօր շարունակում ենք նույն կարգախոսով առաջնորդվել։

Ինչո՞ւ ենք այսքան շատ ժամանակ, միջոցներ ու ջանքեր ներդնում այս գործում։ Մենք ցանկանում ենք, որ դու մտերմանաս Աստծու հետ՝ կարդալով Աստվածաշունչը, գրքերն ու մյուս հրատարակությունները, որոնք դուրս են գալիս մեր տպարաններից կամ երևում են օնլայն՝ էլեկտրոնային տարբերակով։