Անցնել բովանդակությանը

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽՈՒՄ Է ԿՅԱՆՔԵՐԸ

«Հանցագործությունը և փողասիրությունը կրակի մեջ գցեցին ինձ»

«Հանցագործությունը և փողասիրությունը կրակի մեջ գցեցին ինձ»
  • Ծննդյան տարեթիվը՝ 1974

  • Երկիրը՝ Ալբանիա

  • Նախկինում՝ գող, թմրավաճառ և բանտարկյալ

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ

 Ծնվել եմ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում։ Մեր ընտանիքը աղքատ էր։ Հայրս ազնիվ մարդ էր։ Մեր մասին հոգ տանելու համար նա շատ էր աշխատում։ Բայց մենք հազիվ էինք ծայրը ծայրին հասցնում։ Փոքր ժամանակ շատ էի նեղվում մեր ֆինանսական վիճակի պատճառով։ Հորս վաստակած գումարը չէր բավականացնում, որ նորմալ սնվեինք, հաճախ նույնիսկ կոշիկ չէի ունենում, որ հագնեի։

 Շատ վաղ տարիքից սկսել եմ գողություն անել։ Կարծում էի, թե ուղղակի ընտանիքիս եմ օգնում։ Արդյունքում ընկա ոստիկանության ձեռքը։ 1988 թ.-ին, երբ 14 տարեկան էի, ինձ ուղարկեցին դաստիարակչական գաղութ։ Ես երկու տարի անցկացրի այնտեղ և զոդողի մասնագիտություն ձեռք բերեցի։ Դուրս գալուց հետո ուզում էի ազնիվ կյանքով ապրել, բայց չկարողացա աշխատանք գտնել։ Քաղաքական թոհուբոհի պատճառով գործազրկության մակարդակը շատ բարձր էր Ալբանիայում։ Հուսահատված կապ հաստատեցի հին ընկերներիս հետ և նորից սկսեցի գողությամբ զբաղվել։ Ի վերջո ինձ և ընկերներիս ձերբակալեցին ու դատապարտեցին երեք տարվա ազատազրկման։

 Ազատ արձակվելուց հետո շարունակեցի հանցագործի իմ «կարիերան»։ Ալբանիայի տնտեսությունը կաթվածահար էր եղել, և երկրում քաոս էր տիրում։ Այդ ընթացքում ապօրինի գործունեությամբ զբաղվելով՝ ես մեծ կարողություն դիզեցի։ Մի անգամ զինված կողոպուտ կատարելուց հետո գործընկերներիցս երկուսը ձերբակալվեցին, իսկ ես փախա երկրից, որպեսզի խուսափեմ երկարաժամկետ բանտարկությունից։ Այդ ժամանակ արդեն ամուսնացած էի Յուլինդայի հետ և նորածին որդի ունեինք։

 Հանգամանքների բերումով հայտնվեցինք Անգլիայում։ Նոր կյանք սկսելու բոլոր հնարավորություններն ունեի, բայց հին սովորություններս գլուխ բարձրացրին։ Շուտով նորից սկսեցի հանցագործ կյանքով ապրել։ Այս անգամ սկսեցի զբաղվել մեծ քանակությամբ թմրանյութերի առքուվաճառքով։ Իսկ թե կինս ինչպես էր վերաբերվում իմ գործին, թող նա ասի։

 «Մեծանալով Ալբանիայում՝ երազում էի ազատվել աղքատությունից։ Կյանքս բարելավելու համար ամեն ինչի պատրաստ էի։ Մտածում էի, որ եթե շատ գումար ունենանք, ավելի լավ կյանքով կապրենք։ Դրա համար էլ ամեն կերպ աջակցում էի Առտանին։ Սուտ խոսեր, գողություն աներ, թե թմրանյութեր վաճառեր՝ ես նրա կողքին էի՝ միայն թե գումար ունենայինք»։

«Ամեն կերպ աջակցում էի Առտանին։ Սուտ խոսեր, գողություն աներ, թե թմրանյութեր վաճառեր՝ ես նրա կողքին էի» (Յուլինդա)։

 Սակայն 2002 թ.-ին մեր կյանքը փոխվեց, և մեր հույսերն ու պլանները հօդս ցնդեցին։ Երբ ես մեծ քանակությամբ թմրանյութ էի տեղափոխում, ինձ ձերբակալեցին ու բանտարկեցին։

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ

 Ինքս էլ չհասկացա, թե Աստվածաշունչն ինչպես սկսեց փոխել կյանքս։ 2000 թ.-ին Յուլինդան սկսել էր Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների հետ։ Աստվածաշնչյան թեմաների շուրջ այդ քննարկումները ինձ համար ձանձրալի էին ու անհետաքրքիր, բայց Յուլինդան շատ էր սիրում դրանք։ Յուլինդան ասում է. «Ես մեծացել եմ կրոնասեր ընտանիքում և սիրում ու հարգում եմ Աստվածաշունչը։ Միշտ ցանկացել եմ իմանալ, թե ինչ է այն սովորեցնում։ Դրա համար մեծ հաճույքով ընդունեցի Վկաների՝ Աստվածաշունչ ուսումնասիրելու առաջարկը։ Միանշանակ համաձայն էի աստվածաշնչյան շատ ուսմունքների հետ։ Իմ սովորածը օգնեց, որ որոշ փոփոխություններ մտցնեմ կյանքումս։ Սակայն ինչ վերաբերում է փողի հանդեպ ունեցած իմ տեսակետին, այն գրեթե չէր փոխվել։ Փողի հանդեպ իմ վերաբերմունքը չփոխվեց մինչև Առտանի ձերբակալությունը։ Ինձ համար դա նման էր սառը ցնցուղի։ Ես հասկացա, որ այն ամենը, ինչ Աստվածաշունչն ասում է փողի մասին, ճշմարտություն է։ Ամեն ինչ արեցինք, որ հարստանանք, բայց երջանիկ չդարձանք։ Հասկացա, որ պետք է անվերապահորեն հետևել Աստծու սահմանած չափանիշներին»։

 2004 թ.-ին ազատ արձակվեցի բանտից և փորձեցի նորից զբաղվել թմրանյութերի առքուվաճառքով։ Այդ ժամանակ Յուլինդայի մտածելակերպն արդեն փոխվել էր, ու նա մի բան ասաց, ինչի պատճառով խելքս գլուխս հավաքեցի։ Նա ասաց. «Ինձ այլևս պետք չեն քո փողերը, ինձ իմ ամուսինն է հարկավոր։ Ուզում եմ, որ երեխաներիս հայրը նրանց կողքին լինի»։ Այդ խոսքերը ցնցեցին ինձ, բայց նա ճիշտ էր։ Ես տարիներով հեռու եմ եղել իմ ընտանիքից։ Հիշեցի այն բոլոր դժվարությունները, որոնք կրել էի անազնիվ կերպով հարստություն կուտակելու պատճառով։ Ուստի որոշեցի փոխել ապրելակերպս և խզել հին ընկերներիս հետ ունեցած իմ կապերը։

 Ինձ համար բեկումնային եղավ այն պահը, երբ կնոջս և երկու որդիներիս հետ այցելեցի Եհովայի վկաների ժողովի հանդիպմանը։ Այնտեղ հանդիպեցի անկեղծ և ընկերասեր մարդկանց, ինչը շատ տպավորեց ինձ։ Արդյունքում սկսեցի ուսումնասիրել Աստվածաշունչը։

Նախկինում մտածում էի, որ եթե շատ փող ունենանք, երջանիկ կլինենք։

 Աստվածաշնչից իմացա, որ «բոլոր վնասակար բաների արմատը փողասիրությունն է, որին ձգտելով՝ ոմանք.... իրենց շատ ցավերով են խոցել» (1 Տիմոթեոս 6։9, 10)։ Այնքան լավ էի հասկանում աստվածաշնչյան այս խոսքերի ճշմարտացիությունը։ Ես խորապես զղջացի նախկինում կատարած իմ սխալների համար, քանի որ դրանք մեծ ցավ էին պատճառել թե՛ ինձ, թե՛ ընտանիքիս անդամներին (Գաղատացիներ 6։7)։ Երբ իմացա, թե Եհովան ու նրա որդին՝ Հիսուս Քրիստոսը, որքան են սիրում մեզ, մղվեցի փոփոխություններ անելու։ Իմ մասին մտածելու փոխարեն՝ սկսեցի ավելի շատ ուրիշների մասին մտածել ու ընտանիքիս ավելի շատ ժամանակ հատկացնել։

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ

 Աստվածաշնչյան այս խորհրդին հետևելը ինձ շատ է օգնել. «Ձեր կյանքում փողասիրությունը թող տեղ չունենա։ Բավարարվեք եղածով» (Եբրայեցիներ 13։5)։ Այժմ միտքս խաղաղ է, իսկ խիղճս՝ մաքուր։ Նախկինում երբեք այսքան ուրախ չեմ եղել։ Կնոջս և ընտանիքիս հետ փոխհարաբերություններս ավելի ամուր են դարձել։ Հիմա ավելի մտերիմ եմ նրանց հետ։

 Նախկինում մտածում էի, որ եթե շատ փող ունենանք, երջանիկ կլինենք։ Իսկ հիմա հասկանում եմ, որ հանցագործությունն ու փողի հանդեպ սերը միայն ցավ ու տառապանք են բերում։ Ճիշտ է, հիմա հարուստ չենք, բայց հարստությունից ավելի թանկ բան ունենք՝ Եհովայի հետ մեր ընկերությունը։ Ամբողջ ընտանիքով Եհովային երկրպագելը մեզ իսկական երջանկություն է պարգևել։

Ընտանիքիս հետ մասնակցում եմ Եհովայի վկաների համաժողովին։