Անցնել բովանդակությանը

Որոշեցինք պարզեցնել մեր կյանքը

Որոշեցինք պարզեցնել մեր կյանքը

 Մադիանը և Մարսելան հարմարավետ կյանքով էին ապրում Կոլումբիայի Մեդելին քաղաքում։ Մադիանը լավ վարձատրվող աշխատանք ուներ։ Նրանք ապրում էին շատ մեծ ու գեղեցիկ բնակարանում։ Սակայն զույգը վերանայեց իր առաջնահերթությունները, երբ 2006 թ.-ին ներկա եղավ «Աչքդ պարզ պահիր» խորագրով մեկօրյա համաժողովին։ Ելույթներից շատերում ընդգծվում էր այն միտքը, որ Աստծուն լիարժեքորեն ծառայելու համար մենք պետք է պարզեցնենք մեր կյանքը։ Նրանք պատմում են. «Երբ վերադարձանք համաժողովից, հասկացանք, որ լրիվ հակառակն էինք անում։ Գնումներ անել շատ էինք սիրում և երբեմն դրանց դիմաց վճարելու համար նույնիսկ պարտքեր էինք անում»։

 Համաժողովի սթափեցնող հորդորից հետո Մադիանն ու Մարսելան սկսեցին պարզեցնել իրենց կյանքը։ Նրանք պատմում են. «Մենք կրճատեցինք մեր ծախսերը։ Տեղափոխվեցինք ավելի փոքր բնակարան, վաճառեցինք մեր ավտոմեքենան և մոտոցիկլետ գնեցինք»։ Նրանք այլևս չէին հաճախում առևտրի մեծ կենտրոններ, որ չկանգնեն շատ իրեր գնելու գայթակղության առաջ։ Դրա փոխարեն՝ ավելի շատ ժամանակ էին տրամադրում, որ իրենց հարևանների հետ աստվածաշնչյան թեմաներ քննարկեն։ Նրանք նաև ընկերացան եռանդուն քարոզիչների հետ, որոնք ծառայում էին որպես հատուկ ռահվիրաներ։ a

 Որոշ ժամանակ հետո Մադիանն ու Մարսելան որոշեցին ընդլայնել իրենց ծառայությունը և տեղափոխվեցին գյուղական տարածքում գտնվող մի ժողով, որտեղ քարոզիչների մեծ կարիք կար։ Դրա համար Մադիանը դուրս եկավ աշխատանքից։ Նրա տնօրենը մտածում էր, որ մարդ պետք է առնվազն հիմար լինի, որ թողնի այդ լավ աշխատանքը։ Սակայն Մադիանը փորձեց նրան բացատրել՝ ասելով. «Դուք շատ փող եք վաստակում, բայց երջանի՞կ եք»։ Տնօրենն ասաց, որ երջանիկ չէ, քանի որ շատ խնդիրներ ունի և չի կարողանում լուծել դրանք։ Ուստի Մադիանն ասաց. «Այսինքն՝ երջանկությունը կախված չէ նրանից, թե որքան գումար ես վաստակում։ Հարկավոր է հասկանալ, թե ինչն է մարդուն իսկապես երջանիկ դարձնում։ Ես ու կինս երջանիկ ենք, քանի որ մարդկանց պատմում ենք Աստծու մասին։ Բայց մենք ուզում ենք ավելի երջանիկ լինել, դրա համար որոշել ենք ավելի շատ ժամանակ տրամադրել այդ գործին»։

 Հոգևոր նպատակներ դնելու շնորհիվ Մադիանն ու Մարսելան ունեն իրական բավարարվածության զգացում և երջանիկ են։ Արդեն 13 տարի է, ինչ նրանք ծառայում են հյուսիսարևմտյան Կոլումբիայի այն ժողովներում, որտեղ քարոզիչների կարիք կա։ Այժմ նրանք ծառայում են որպես հատուկ ռահվիրա և վայելում են իրենց ծառայությունը։

a Հատուկ ռահվիրաները Եհովայի վկաների մասնաճյուղի կողմից նշանակված քարոզիչներ են, ովքեր տարբեր տարածքներում լիաժամ քարոզում են բարի լուրը։ Իրենց կարիքները հոգալու համար նրանք ստանում են համեստ ֆինանսական օգնություն։