Անցնել բովանդակությանը

Աստվածաշնչի մեկ ուսումնասիրությունը «հազար» դարձավ

Աստվածաշնչի մեկ ուսումնասիրությունը «հազար» դարձավ

 Մարթան, որը Եհովայի վկա է և ապրում է Գվատեմալայում, սովորում է կեկչի լեզուն, որպեսզի բարի լուրը պատմի այդ լեզվով խոսող մարդկանց։ Մի օր նա մի մարդու հանդիպեց, որը դուրս էր գալիս հիվանդանոցից։ Մարթան այդ մարդու տեսքից ենթադրեց, որ նա Կեկչի գյուղից է։ Այդ գյուղը գտնվում է լեռնային տարածքում, և Վկաները հազվադեպ են քարոզում այնտեղ։ Մարթան մոտեցավ նրան և փորձեց կեկչի լեզվով զրուցել նրա հետ, թեև դժվարանում էր խոսել։

 Մարթան այդ մարդուն Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկեց։ Վերջինս ուրախությամբ համաձայնեց, բայց ասաց, որ գումար չունի, որ վճարի դրա դիմաց։ Մարթան նրան ասաց, որ Եհովայի վկաները մարդկանց անվճար են Աստվածաշունչ սովորեցնում։ Նա նաև ասաց նրան, որ կարող են հեռախոսով ուսումնասիրել, և որ նրանց կարող են միանալ նաև նրա ընտանիքի անդամները։ Տղամարդը համաձայնեց։ Քանի որ նա նաև իսպաներեն գիտեր, Մարթան «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» մեկ օրինակ տվեց նրան այդ լեզվով։ Մարթան նրան տվեց նաև «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» ուսումնասիրության ձեռնարկը կեկչի լեզվով։ Հաջորդ շաբաթ այդ տղամարդը, նրա կինը և իրենց երկու երեխաները սկսեցին հեռախոսով Աստվածաշունչ ուսումնասիրել Մարթայի հետ։ Նրանց դասընթացը շաբաթը երկու անգամ էր։ «Քանի որ ես կեկչի լեզվով սահուն չէի խոսում, մենք իսպաներենով էինք ուսումնասիրում, նա էլ մեր ասածը թարգմանում էր իր կնոջ համար։ Իսկ երեխաներն իսպաներեն գիտեին»։

 Պարզվեց, որ այդ մարդը իր եկեղեցում հովիվ էր ծառայում։ Այն, ինչ նա սովորում էր Աստվածաշնչի ուսումնասիրության ժամանակ, պատմում էր իր եկեղեցու հետևորդներին։ Վերջիններս մեծ հաճույքով էին լսում այդ ամենը և նույնիսկ հետաքրքրվում էին, թե որտեղից է սովորել այդ նոր ուսմունքները։ Երբ հովիվն ասաց, որ Աստվածաշունչ է ուսումնասիրում, նրանք հերթով սկսեցին հեռախոսով միանալ ուսումնասիրությանը։ Մոտ 15 հոգի ներկա էր լինում ուսումնասիրությանը։ Որոշ ժամանակ հետո նրանք խոսափող տեղադրեցին հեռախոսի մոտ, որպեսզի բոլորը կարողանային լսել Մարթային։

 Երբ Մարթան երեցներին պատմեց ուսումնասիրողների մասին, նրանցից մեկը գնաց գյուղ այդ մարդկանց այցելելու։ Եղբայրը նրանց հրավիրեց լսելու հանրային ելույթ, որը պետք է ներկայացներ շրջանային վերակացուն։ a Հանդիպումը տեղի էր ունենալու մի գյուղում, որտեղ հասնելու համար հարկավոր էր մեկ ժամ մեքենայով գնալ, երկու ժամ էլ՝ ոտքով։ Ուսումնասիրողները ընդունեցին հրավերը, և այդ օրը 17 հոգի ներկա եղավ հանդիպմանը։

 Մի քանի շաբաթ անց շրջանային վերակացուն և մի քանի այլ Վկաներ գնացին այդ գյուղ և չորս օր մնացին այնտեղ։ Առավոտյան նրանք ուսումնասիրողների հետ կեկչի լեզվով տեսանյութեր էին դիտում jw.org կայքից և «Ովքե՞ր են կատարում Եհովայի կամքը այսօր» գրքույկն էին ուսումնասիրում, իսկ կեսօրից հետո «JW Broadcasting»-ից էին տեսանյութեր դիտում։ Շրջանային վերակացուն հոգ տարավ, որ Վկաները յուրաքանչյուրի հետ առանձին ուսումնասիրեն Աստվածաշունչը։

 Այդ չորս օրերի ընթացքում Վկաները նաև քարոզեցին մոտակա գյուղերում և բնակիչներին հրավիրեցին հատուկ հանդիպման։ Այդ հանդիպման ժամանակ եղբայրները 47 ներկաներին Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկեցին։ 11 ընտանիքներ ընդունեցին առաջարկը։

 Մի քանի ամիս անց երեցները կազմակերպեցին, որ գյուղում ամեն շաբաթ հանգստյան օրերին ժողովի հանդիպում տեղի ունենա։ Այժմ մոտ 40 հոգի կանոնավոր հաճախում է հանդիպումներին։ Հիսուսի մահվան հիշատակի երեկոյին ներկաների թիվը 91 էր։

 Հիշելով այս պատմության սկիզբն ու ընթացքը՝ Մարթան ասում է. «Երախտապարտ եմ Եհովային։ Երբեմն ինձ թվում է, թե շատ բան չեմ կարող անել, բայց մենք գործիք ենք Եհովայի ձեռքում։ Նա տեսավ այդ մարդկանց սիրտը և նրանց ձգեց դեպի իր ժողովուրդը։ Եհովան սիրում է նրանց»։

a Շրջանային վերակացուն կրոնական ծառայող է, որը այցելում է մոտ 20 ժողովներ, որոնք միասին կազմում են մեկ շրջան։