Անցնել բովանդակությանը

Ժամացույցի սլաքի ուղղությամբ՝ վերևի ձախ անկյունից. բեմը, ունկնդիրները և տեխնիկական խումբը։ Եղբայր Սանդերսոնը խոսում է հրաձգությունից վերապրածների և նրանց ընտանիքի անդամների հետ։ Հուշ-երեկոյի ծրագիրը։ Ցավակցական բացիկներ ու նամակներ։ Եհովայի վկաների լարային անսամբլը նվագում է բեմում։ Ծրագրի ավարտից հետո երիտասարդ քույրերը մխիթարում են միմյանց։ Ոստիկանության և հրշեջ ծառայության աշխատակիցները սպասում են ծրագրի մեկնարկին

ԱՊՐԻԼԻ 10, 2023
ԳԵՐՄԱՆԻԱ

Հազարավոր մարդիկ ներկա գտնվեցին Համբուրգի հրաձգության զոհերի հիշատակին նվիրված երեկոյին

Հազարավոր մարդիկ ներկա գտնվեցին Համբուրգի հրաձգության զոհերի հիշատակին նվիրված երեկոյին

Եհովայի վկաներն ու բազմաթիվ այլ մարդիկ մեծապես ցնցվեցին՝ լսելով 2023 թ. մարտի 9-ին Համբուրգի Թագավորության սրահներից մեկում տեղի ունեցած զանգվածային հրաձգության լուրը։ Ցավոք, մեր եղբայրներից ու քույրերից ոմանք այդ ոճրագործության պատճառով կորցրին իրենց կյանքը։ Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Մարկ Սանդերսոնը, հրատարակչական կոմիտեի օգնական եղբայր Գայուս Գլոքենթինը և Կենտրոնական Եվրոպայի մասնաճյուղի կոմիտեի անդամները մեկնեցին Համբուրգ՝ Աստվածաշնչի միջոցով մխիթարելու մեր եղբայրներին ու քույրերին։ Մարտի 25-ին քաղաքի մարզական արենայում տեղի ունեցավ զոհվածների հիշատակին նվիրված հուշ-երեկո: Նրանք, ովքեր դիտում էին այդ հուզիչ ծրագիրը, ևս մեկ անգամ համոզվեցին, որ Աստվածաշունչն ի զորու է մխիթարելու և աջակցելու սգացողներին։ Մեր եղբայրներից մեկը, ով փրկվել է այդ ոճրագործությունից, այսպիսի խոսքեր ասաց. «Այսօր իսկապես զգացինք Եհովայի գորովանքը մեր հանդեպ»։

Ծրագրին ֆիզիկապես ներկա եղավ ավելի քան 3 300 հոգի, իսկ ավելի քան 90 000 օգտատեր դիտեց ուղիղ հեռարձակումը։

Բացի մեր եղբայրներից և քույրերից՝ ներկա էին նաև առաջին օգնության ծառայության ներկայացուցիչներ և պետական պաշտոնյաներ, այդ թվում՝ Համբուրգի առաջին և երկրորդ քաղաքապետները, Համբուրգի քաղաքային պառլամենտի նախագահը, Համբուրգում Միացյալ Նահանգների հյուպատոսը, ներքին գործերի և սպորտի սենատորը, Սենատի գրասենյակի ղեկավարը, Համբուրգի ոստիկանապետը և ոստիկանության փոխնախագահը։

Ունկնդիրներն ու լարային անսամբլի երաժիշտները միասին կատարում են «Աստծու զարմանալի գործերը» վերնագրով երգը

Հուշ-երեկոն սկսվեց լարային անսամբլի կողմից Թագավորության երգերից մեկի կատարմամբ։ Անսամբլի բոլոր երաժիշտները մեր քույրերն ու եղբայրներն էին։ Ծրագրի նախագահողն էր Կենտրոնական Եվրոպայի մասնաճյուղի կոմիտեի անդամ Յոակիմ Շևչուկը։ Նա բեմ հրավիրեց մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Դիրք Չուպեկին, որպեսզի վերջինս ներկայացնի թաղման ելույթը։ Նրանից հետո եղբայր Սանդերսոնը Աստվածաշնչի վրա հիմնված կարճ ելույթ ներկայացրեց։ Այնուհետև նորից բեմ բարձրացավ եղբայր Չուպեկը և ներկայացրեց եզրափակիչ ելույթը։ Հուշ-երեկոյի վերջում եղբայր Գլոքենթինը սրտաբուխ աղոթք մատուցեց, ապա Թագավորության մեկ այլ երգ հնչեց։

Իր ելույթում եղբայր Սանդերսոնը ունկնդիրներին բացատրեց, որ Աստված չէ անհեթեթ ողբերգությունների պատճառը։ Ընդհակառակը, նա նշեց, որ Աստվածաշնչի «Ժողովող» գիրքը դրանք անվանում է «ժամանակ և պատահար» (Ժողովող 9։11)։ Նա նաև ասաց. «Մենք չպետք է որևէ իմաստ փնտրենք պատահական ողբերգությունների մեջ.... Մեր հույսը, մեր հավատը և մեր սերը կարող են դիմագրավել ցանկացած ողբերգություն։ Դրանք կարող են վեր լինել ատելությունից ու բռնությունից»։ Ապա շնորհակալություն հայտնեց ոստիկանության, շտապ օգնության և փրկարար ծառայության աշխատակիցներին՝ մեր հավատակիցներին օգնելու համար։

Դիրք Չուպեկ

Իր հուզիչ թաղման ելույթում եղբայր Չուպեկն ասաց. «Մարտի 9-ի հարձակումը պարզապես ինչ-որ հարձակում չէր անհատ մարդկանց վրա։ Դա հարձակում էր մեզ՝ բոլորիս վրա։ Այսօր մենք այստեղ ենք, որպեսզի ցույց տանք, թե ինչ է պետք անել, երբ մարդիկ տառապում են ատելության ու բռնության պատճառով։ Մենք ցանկանում ենք այս արարքին պատասխանել՝ սեր ու կարեկցանք, ինչպես նաև հավատ ու հույս դրսևորելով։ Աստվածաշնչում կարդում ենք. «Թույլ մի՛ տուր, որ չարը հաղթի քեզ, այլ միշտ բարիով հաղթիր չարին»։ Մենք վճռել ենք հենց այդպես վարվել, դրա համար էլ այսօր այստեղ ենք» (Հռոմեացիներ 12։21

Ունկնդիրները խորապես հուզվեցին, երբ եղբայր Չուպեկը անուն առ անուն հիշատակեց զոհերին՝ ասելով. «Մենք եկել ենք, որ հրաժեշտ տանք ու հիշենք մեր սիրելի Ստեֆանին, Սեբաստիանին, Ջեյմսին ու Մարիային, Ստեֆանիին, Դենին ու մեր փոքրիկ Ռոմիին (դեռ չծնված երեխա, ով սպանվեց այդ հրաձգության ժամանակ)»։ Դիմելով նրանց ընկերներին ու ընտանիքի անդամներին՝ նա նաև ասաց. «Մենք ուզում ենք մխիթարել ու աջակցել ձեզ, թանկագի՛ն հարազատներ»։

Իր եզրափակիչ ելույթում նա նշեց, թե ընկերներն ու հարազատները զոհերից յուրաքանչյուրի ո՛ր հատկությունները կկարոտեն։ Մեջբերելով Հայտնություն 21։4, 5 համարները՝ եղբայր Չուպեկն ասաց. «Այո՛ մենք կարոտում ենք մեր մահացած հարազատներին ու սգում ենք նրանց համար։ Նրանք կշարունակեն լինել մեր մի մասնիկը մինչև այն օրը, երբ Աստված բուժի մեր ցավը՝ ամբողջությամբ վերացնելով այն.... Մահ այլևս չի լինի։ Դա քրիստոնեության առանցքային ուսմունքներից է։ Դա մեր հույսն է։ Այո՛, մահը կպարտվի։ Վերջին խոսքը նրանը չպետք է լինի։ Վերջին խոսքը Աստծունն է.... Մեր սիրելի Ստեֆանի, Սեբաստիանի, Ջեյմսի ու Մարիայի, Ստեֆանիի, Դենի ու մեր փոքրիկ Ռոմիի կյանքի վերջին խոսքն ամենևին էլ չի ասվել»։

Համբուրգի առաջին քաղաքապետ պրն Պիտեր Չենչերը

Հուշ-երեկոյի ավարտից հետո որոշ պաշտոնյաներ իրենց ցավակցական խոսքն ասացին։ Համբուրգի առաջին քաղաքապետ պրն Պիտեր Չենչերը և Համբուրգի քաղաքային պառլամենտի նախագահ տիկին Կարոլա Վեյթը իրենց կարեկցանքն արտահայտեցին զոհերի ընկերներին և ընտանիքի անդամներին։ Պրն Չենչերը նշեց, որ ողբերգությունից վերապրածները իրենց քրիստոնեական ամուր հավատի շնորհիվ ամենայն քաջությամբ դիմագրավում են այդ ցավը։ Նա նաև կարդաց Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ պրն Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի ցավակցական ուղերձը։

Համբուրգի քաղաքային պառլամենտի նախագահ տիկին Կարոլա Վեյթը

Այդ արարողությանը ներկա էին նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչները։ Հեռուստատեսային խմբի անդամներից մեկն ասաց. «Այստեղ գտնվող բոլոր մարդիկ շատ բարի են։ Դա անչափ տպավորիչ է։ Մենք բազմաթիվ միջոցառումների ենք ներկա եղել, բայց երբեք նման բան չենք զգացել. այստեղի մթնոլորտը և հնչած ելույթների բովանդակությունը շատ ազդեցիկ էին»։

Վերապրածներից մեկը պատմեց. «Այս ամենի միջով անցնելիս մեր հույսի մասին խորհրդածելն ու բազմաթիվ հավատակիցներով շրջապատված լինելը շատ են օգնում մեզ»։

Նույն Թագավորության սրահ հաճախող մեկ այլ ժողովից մի եղբայր ասաց. «Երկար ժամանակ է, ինչ վշտացած ենք։ Այդ զգացումն է ինձ այստեղ բերել։ Սակայն սա շատ վեհ միջոցառում էր.... Ամենուր կարեկցանքի խոսքեր էին հնչում թե՛ եղբայրների և թե՛ իշխանության ներկայացուցիչների կողմից»։

Հուշ-երեկոն Եհովայի սիրո և հոգատարության վառ ապացույցն էր։ Մենք գիտենք, որ «գթության Հայրը և ամենայն մխիթարության Աստվածը» կշարունակի աջակցել Համբուրգի հրաձգությունից տուժածներին (2 Կորնթացիներ 1։3

 

Կենտրոնական Եվրոպայի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Յոակիմ Շևչուկը՝ բեմում կանգնած։ Հետևի պլանում Եհովայի վկաների՝ լարային անսամբլի պրոֆեսիոնալ երաժիշտներն են

Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Մարկ Սանդերսոնը ներկայացնում է աստվածաշնչյան մխիթարական ելույթ, որը թարգմանվում է գերմաներեն

Կառավարության ներկայացուցիչները նստած են առաջին շարքերում և ունկնդրում են ելույթները

Ծրագրի ավարտից հետո եղբայրներն ու քույրերը շփվում են միմյանց հետ ու քաջալերում իրար

Արենայի ընդունարանում ցուցադրված բացիկներ և ցավակցական նամակներ

Արենայի ընդունարանում գերմանական լրատվամիջոցներից մեկը հարցազրույց է անցկացնում Համբուրգից մի երեցի հետ, ով անձամբ ծանոթ էր զոհերից մի քանիսին