Անցնել բովանդակությանը

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 2022
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

JW.ORG. մեկ տասնամյակ մեր ձեռքի տակ—Մաս 1

Աստվածաշնչյան տեսանյութերը և հրատարակությունները՝ թվային ձևաչափով

JW.ORG. մեկ տասնամյակ մեր ձեռքի տակ—Մաս 1

Ինչպես արդեն նշվել է, 2022 թ.-ին լրացավ Եհովայի վկաների պաշտոնական վեբ կայքի 25 տարին։ Իսկ 10 տարի առաջ՝ 2012 թ. օգոստոսի 27-ին, թողարկվեց jw.org կայքի նոր դիզայնով տարբերակը։ Երեք մասից բաղկացած այս հոդվածաշարը մանրամասնորեն կներկայացնի, թե jw.org-ում արված նորմածությունները ինչպես են օգուտներ բերել միլիոնավոր մարդկանց։

Տեսանյութեր։ 2012 թ. տարածաշրջանային համաժողովներին DVD սկավառակով լույս տեսան «Դարձիր Եհովայի ընկերը» մուլտֆիլմաշարի առաջին երկու թողարկումները։ Սակայն գնալով ավելի քիչ մարդիկ էին օգտվում DVD սկավառակներից, իսկ դրանց արտադրության գինը բարձրանում էր։ Երբ 2012 թ. ամռանը սկսեցին գործել մեր կայքի նոր առանձնահատկությունները, այն արդյունավետ գործիք եղավ տեսանյութերը հասանելի դարձնելու հարցում։ Այդպես՝ 2013 թ. հունվարին jw.org կայքում թվային տարբերակով լույսընծայվեց «Դարձիր Եհովայի ընկերը» մուլտֆիլմաշարի հերթական թողարկումը, որ կոչվում էր «Աղոթիր ամեն ժամանակ»։ Հաջորդող տարիներին լույս տեսան մուլտֆիլմաշարի ավելի քան 40 թողարկումներ։

2013 թ.-ին «Ինչո՞ւ արժե ուսումնասիրել Աստվածաշունչը» տեսանյութը նույնպես լույս տեսավ օնլայն հարթակում։ Տեսանյութը անփոխարինելի գործիք դարձավ ծառայության մեջ և ընդգրկվեց «Ուսուցանելու գործիքների արկղում»։ Այդ ժամանակվանից ի վեր՝ jw.org-ի միջոցով տեսանյութերի տարածումը մեր քարոզչական գործունեության անբաժան մասն է դարձել։ Օրինակ՝ 2014 թ. օգոստոսի քարոզարշավին, որի ընթացքում տարածում էինք jw.org կայքը գովազդող թերթիկը, տեսանյութերի մոտ 15 միլիոն բեռնում կամ դիտում գրանցվեց։

Մի եղբայր, ով զբաղվում է jw.org կայքի մշակմամբ, ասում է. «Հավատ զորացնող էր տեսնել, թե Եհովան ինչպես պատրաստեց մեզ գալիք իրադարձություններին։ Գաղափար անգամ չունեինք, որ տեսանյութերը նոր մեթոդով մատչելի դարձնելու մեր ջանքերը ապագայում այդքան առատ պտուղներ կբերեն»։ Օրինակ՝ 2014 թ. հոկտեմբերին օնլայն հարթակ դուրս եկավ JW Հեռարձակումը, և հենց այդ ամիս տեսանյութերի ավելի քան 37 միլիոն բեռնում գրանցվեց։ Իսկ երբ 2020 թ.-ին բռնկվեց COVID-19 համավարակը, jw.org-ի տեսանյութերի դիտման ու բեռնման նոր բարձրագույն թվեր գրանցվեցին։ 2022 թ. տվյալներով ամեն ամիս jw.org-ից միջինը ավելի քան 260 միլիոն տեսանյութ է բեռնվում։

Թվային հրատարակություններ։ Վերջին տասնամյակներին ընթերցողներից շատերը տպագիր նյութերից օգտվելու փոխարեն նախընտրում են դրանք կարդալ օնլայն հարթակներում կամ հավելվածներում։ 2012 թ.-ից ի վեր՝ մեր կայքի նոր առանձնահատկությունների շնորհիվ օգտատերերը կարող են մեր ամսագրերն օնլայն ընթերցել, ընդ որում դրանք հաճախ տպագիր տարբերակից ավելի շուտ են հասանելի լինում։ Վեբ կայքի համար թվային հրատարակություններ մշակելու գործը նպաստեց JW Library հավելվածի ստեղծմանը, որը հասանելի դարձավ 2013 թ.-ին։ Հավելվածը լրացնում է կայքին ու հրաշալի հարթակ է թվային հրատարակություններն ընթերցելու և ուսումնասիրելու համար։

Ի սկզբանե տարածաշրջանային համաժողովներին թողարկված հրատարակությունները մինչև հաջորդ տարվա հունվարը հասանելի չէին լինում կայքում կամ հավելվածում։ Բայց 2015 թ. համաժողովներին ներկաները մեծ ցնծություն ապրեցին՝ իմանալով, որ կարող են անմիջապես բեռնել նոր թողարկումները։ Դրանց թվում էին «Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» գիրքը, «Վերադարձիր Եհովայի մոտ» գրքույկը, ինչպես նաև «Ինչ է իսկական սերը» վիդեոբեմադրությունը։ Իսկ հաջորդ տարի՝ 2016 թ. մայիսի JW հեռարձակման ծրագրի ընթացքում, Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Էնթոնի Մորիսը հայտարարեց, որ լույս է տեսել «Երիտասարդներին հետաքրքրող 10 հարցերի պատասխանները» գրքույկը՝ նշելով, որ այն արդեն հասանելի է բեռնելու համար։ Առաջին անգամ էր, որ նոր հրատարակությունը ողջ աշխարհում միաժամանակ թողարկվեց։

Եհովայի կազմակերպությունը միշտ էլ օգտվել է նորագույն տեխնոլոգիաներից, որպեսզի առաջ տանի Թագավորության շահերը։ Շատ ենք ոգևորվում՝ տեսնելով, թե jw.org կայքն ինչպես է նպաստել, որ հոգևոր սնունդը հասանելի լինի «ճիշտ ժամանակին» (Մատթեոս 24։45

  • Ամեն ամիս բեռնվող տեսանյութեր

  • Ամեն ամիս կայքից օգտվողներ

  • «Աղոթիր ամեն ժամանակ» մուլտֆիլմի լույսընծայումը, հունվար 2013

  • JW Library հավելվածի լույսընծայումը, հոկտեմբեր 2013

  • Համաշխարհային քարոզարշավ՝ jw.org կայքն առաջարկող թերթիկի միջոցով, օգոստոս 2014

  • JW Հեռարձակման լույսընծայումը, հոկտեմբեր 2014

  • Համաժողովին լույսընծայված հրատարակությունները հասանելի են դառնում թվային տարբերակով, մայիս 2015

  • Ամբողջ աշխարհում «Երիտասարդներին հետաքրքրող 10 հարցերի պատասխանները» գրքույկի լույսընծայումը, մայիս 2016