Անցնել բովանդակությանը

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱ

Իրավիճակը Հարավային Կորեայում

Իրավիճակը Հարավային Կորեայում

Ավելի քան 100 տարի է, ինչ Եհովայի վկաները քարոզում են Կորեայում և ազատորեն դավանում են իրենց կրոնը։ Միակ լուրջ խնդիրը, որին Վկաները բախվում են Հարավային Կորեայում այն է, որ կառավարությունը շարունակ հետապնդում է խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին։

Հարավային Կորեան չի ճանաչում խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների իրավունքը և չունի այլընտրանքային քաղաքացիական ծառայության մասին օրենք։ Այդ պատճառով խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվող երիտասարդ Վկաները սովորաբար դատապարտվում են 18 ամսվա ազատազրկման։ Ամեն ամիս 40–50 Վկա է ազատազրկվում։ Բանտից ազատվելուց հետո խղճի կալանավորները շարունակում են դժվարություններ կրել այն բանի համար, որ դատվածություն ունեն և «խուսափել են» զինծառայությունից։ Աշխատանք գտնելու հարցում նրանց նկատմամբ կիրառվում են սահմանափակումներ, և նրանք զրկվում են տարբեր սոցիալական արտոնություններից։

Խնդիրների են բախվում նաև նրանք, ովքեր անցել են պարտադիր զինվորական ծառայություն, բայց հետագայում որոշել են ապրել աստվածաշնչյան սկզբունքներով՝ սիրել մերձավորին և չսովորել պատերազմել։ Սակայն այդ անհատները դեռ զինապարտ են համարվում, ու երբեմն նրանց կանչում են զորահավաքների։ Եվ քանի որ նրանք հրաժարվում են զորահավաքներին մասնակցելուց, նրանց հետապնդում են և մեծ տուգանքներ սահմանում նրանց նկատմամբ։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը ավելի քան 500 որոշում է կայացրել ընդդեմ Հարավային Կորեայի՝ զինծառայությունից հրաժարվողների իրավունքները խախտելու և նրանց կամայական կալանքի ենթարկելու համար։ Հանձնաժողովը նաև սահմանել է, որ Հարավային Կորեան ապագայում «պարտավոր է խուսափել նման խախտումներից»։ Այս հարցի լուծումը հարգանքի դրսևորում կլինի Հարավային Կորեայում մարդու խղճի և կրոնի ազատության իրավունքի նկատմամբ։