Անցնել բովանդակությանը

Տերմինաբանական ուղեցույց

Տերմինաբանական ուղեցույց

Շնորհակալ ենք, որ հետաքրքրված եք Եհովայի վկաների գործունեությունը լուսաբանելով։ Այս ուղեցույցում բացատրվում է, թե ինչպես են արտասանվում և կիրառվում մեր կրոնական կազմակերպության կողմից գործածվող տերմինները։ Եթե հարցեր ունեք այնպիսի թեմայի վերաբերյալ, որին այս ուղեցույցում անդրադարձ չի արվում, կարող եք դիմել Եհովայի վկաների մասնաճյուղ։

«Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանություն»։ Եհովայի վկաների կողմից թարգմանված և հրատարակված Եբրայերեն Գրությունների (Հին Կտակարան) և Հունարեն Գրությունների (Նոր Կտակարան) ամբողջական անունը։ Կիրառելի է նաև կրճատ անվանումը՝ «Նոր աշխարհ թարգմանություն»։

«Արթնացե՛ք»։ Եհովայի վկաների կողմից թողարկվող և տարածվող պարբերագիր։ 1919 թ.-ին, երբ այն սկսեց տպագրվել, կոչվում էր «Ոսկե դար»։ 1937 թ.-ից սկսեց կոչվել «Մխիթարություն»։ Իսկ 1946 թ. օգոստոսի 22-ի համարից սկսած՝ նոր անվանում ստացավ՝ «Արթնացե՛ք»։ Այս նոր անվանման նպատակն էր իրազեկել ընթերցողներին, որ Աստվածաշնչի համաձայն՝ ապրում ենք չափազանց կարևոր ժամանակահատվածում։ Սա ամենամեծ տպաքանակ ունեցող պարբերագրերից մեկն է աշխարհում։

Բեթել, բեթելցի, Բեթելի ընտանիք։ «Բեթելը» եբրայերեն արտահայտություն է, որը նշանակում է «Աստծու տուն»։ Այս բառը գործածվում է այն շինությունների առնչությամբ, որոնք Եհովայի վկաների կողմից օգտագործվում են յուրաքանչյուր երկրում կամ տարածաշրջանում իրենց կատարած աստվածաշնչյան կրթական գործունեությանը աջակցելու ու այն վերահսկելու համար։ Այն Վկաները, ովքեր ծառայում են այս համալիրներում, Վկաների կրոնական օրդենի անդամներ են և կոչվում են «բեթելցիներ»։ Նրանք աշխատավարձ չեն ստանում։ Որպես խումբ՝ նրանք կոչվում են «Բեթելի ընտանիք», քանի որ մի ընտանիքի պես ապրում են նման շինություններում, դավանում են իրենց կրոնը և աշխատում։ «Բեթելցի» բառը չի կիրառվում որպես պատվո տիտղոս։

«Գաղաադ», «Գաղաադ» դպրոց։  Դիտարանի աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցի կարճ անվանումը։ Դպրոցը հիմնվել է 1943 թ.-ին և սկզբում ծառայել է միսիոներներ պատրաստելու նպատակին։ Ներկայումս՝ հնգամսյա մասնագիտացված աստվածաշնչյան դասընթաց այն Եհովայի վկաների համար, ովքեր կհրավիրվեն։

 դաշտի ծառայություն։ Եհովայի վկաների հանրային ծառայությունը, որ նրանք կատարում են՝ հետևելով Հիսուսի հետևյալ պատվերին. «Թագավորության.... բարի լուրը [քարոզել] ամբողջ երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար» (Մատթեոս 24։14; 28։19

«Դիտարան. հռչակում է Եհովայի Թագավորությունը»։ Եհովայի վկաների կողմից հրատարակվող և տարածվող գլխավոր պարբերագրի ամբողջական անունը։ Կիրառելի է նաև կրճատ տարբերակը՝ «Դիտարան»։ Անվանումը փոխանցում է Աստծու նպատակների իրականացմանը զգոնությամբ հետևելու իմաստ (Մատթեոս 24։42)։ «Դիտարան» պարբերագրի հանրային թողարկումն անվճար առաջարկվում է հետաքրքրվող անձանց։ Իսկ «Դիտարան» պարբերագրի ուսումնասիրության թողարկումը ամեն շաբաթ օգտագործվում է աշխարհի բոլոր ժողովներում՝ հարց ու պատասխանով քննարկումների ժամանակ։ Սկսած 1879 թ.-ից՝ «Դիտարան» ամսագիրն անընդմեջ տպագրվում է։ Այն աշխարհում ամենալայն շրջանառությունն ունեցող ամսագիրն է։

Եհովա։ Համաձայն Աստվածաշնչի՝ Ամենակարող Աստծու և Ստեղծչի անձնանունը (Սաղմոս 83:18)։ «Եհովա» անունով չպետք է կոչել Եհովայի վկաներից որևէ մեկին։

 Եհովայի վկաներ։ Քրիստոնյա կրոնական խումբ, որի հետևորդները պաշտում են Եհովա Աստծուն և քարոզելու տարբեր մեթոդներով ակտիվորեն աջակցում են աստվածաշնչյան կրթությանը։ Նրանց աստվածաշնչյան կրթական գործունեության նպատակն է տարածել Աստծու Թագավորության՝ կառավարության մասին բարի լուրը (Մատթեոս 24։14)։ Այս անունը զատորոշում է նրանց մյուս կրոններից։ Այն ոչ միայն մատնանշում է Նրան, ում ներկայացնում են, այլև այն կրոնական գործունեությունը, որը կամավոր հիմունքներով կատարում են Եհովա Աստծու անունով։ Անհատը Եհովայի վկաներից մեկը չի կարող համարվել, քանի դեռ լիարժեք չի ընկալում աստվածաշնչյան հիմնական ուսմունքները, չի համապատասխանում Եհովայի վկաների ժողովի հետ հանրային քարոզչությանը մասնակցելու չափանիշներին և չի մկրտվում՝ ի նշան իր կյանքը Եհովա Աստծուն նվիրելուն։ Հոդվածում առաջին նշումը պետք է ներառի ամբողջական պաշտոնական անվանումը՝ «Եհովայի վկաներ»։ Ընդունելի այլընտրանք է «Վկաներ» տերմինը։ Անհատի մասին խոսելիս օգտագործեք «Վկա» կամ «Եհովայի վկա» արտահայտությունները։ «Եհովական» արտահայտությունը չպետք է կիրառվի (Եսայիա 43։10

Եհովայի վկաների Թագավորության սրահ։ Մեկ կամ մի քանի ժողովների կողմից օգտագործվող պաշտամունքի վայր։ Հաճախ պարզապես կոչում են «Թագավորության սրահ»։ Խնդրում ենք խուսափել այս տերմինի փոխարեն «եկեղեցի» բառն օգտագործելուց։

Եհովայի վկաների Կառավարիչ մարմին։ Երեցների փոքր խումբ, որը նշանակված է հոգ տանելու ամբողջ աշխարհի Եհովայի վկաների հոգևոր կարիքների մասին։ Հաճախ կիրառվում է կրճատ անվանումը՝ «Կառավարիչ մարմին»։ Նրանք անմիջականորեն ներգրավված են Աստվածաշնչի վրա հիմնված հրատարակություններ պատրաստելու գործում։ Թեպետ Կառավարիչ մարմինը առաջնորդություն է վերցնում Վկաների միջազգային գործունեությունը կոորդինացնելու հարցում, սակայն միմիայն Հիսուս Քրիստոսին է դիտում որպես Եհովայի վկաների Առաջնորդ։ Կառավարիչ մարմնի գրասենյակները գտնվում են Եհովայի վկաների գլխավոր վարչությունում (Ուորվիք, Նյու Յորք, ԱՄՆ)։

Եհովայի վկաների համաժողովների սրահ։ Պաշտամունքի մեծ վայր, որը պատկանում է Եհովայի վկաներին։ Այն օգտագործվում է ժամանակ առ ժամանակ անցկացվող հանդիպումների համար, որոնց մասնակցում են կոնկրետ տարածքի մի խումբ ժողովներ։ Կիրառելի է նաև կրճատ անվանումը՝ «համաժողովների սրահ»։

եղբայր։ Արական սեռի ներկայացուցիչ, ով մկրտված Վկա է։ Չի կիրառվում որպես պատվո տիտղոս։

եղբայրություն։ Եհովայի վկաների համաշխարհային ասոցիացիան՝ ներառյալ տղամարդկանց և կանանց (1 Պետրոս 5։9

երեց։ Արական սեռի հոգևորապես հասուն Վկա, ով նշանակված է սովորեցնելու և հովվելու՝ հոգ տանելու ժողովում յուրաքանչյուր անհատի մասին։ Երեցը պետք է շարունակ համապատասխանի այն աստվածաշնչյան չափանիշներին, որոնք ներկայացված են 1 Տիմոթեոս 3։1-7, Տիտոս 1։5-9, Հակոբոս 3։17, 18 և 1 Պետրոս 5։2 համարներում։ Երեցներն իրենց ծառայության դիմաց չեն վարձատրվում և իրենց ժողովի կամ Եհովայի վկաների որևէ իրավաբանական անձի աշխատակից չեն։ Երեցների մեծ մասն աշխատում է իր և իր ընտանիքի նյութական կարիքները հոգալու համար։ Վկաները չունեն հոգևորական խավ կամ դաս և տարբերություն չեն դնում երեցների և ժողովի մյուս քրիստոնյաների միջև։ Այս տերմինը չի օգտագործվում որպես պատվո տիտղոս։

ժողով։ Եհովայի վկաների կազմակերպված խումբ, որը կանոնավոր հավաքվում է երկրպագության նպատակով։ Երեցների խորհուրդը պատասխանատու է աստվածաշնչյան կրթություն և առաջնորդություն տրամադրելու թե՛ ողջ ժողովին, թե՛ առանձին անհատներին։ Ժողովի հանդիպումները բաց են հանրության համար։ Դրանք անվճար են, հանգանակություն չի արվում։

ծառայող օգնական։ Արական սեռի հոգևորապես հասուն Վկա։ Նա նշանակվում է օգնելու երեցներին ժողովի մասին հոգ տանելու գործում։ Ծառայող օգնական լինելու համար նա պետք է համապատասխանի 1 Տիմոթեոս 3։8-10, 12, 13 և Տիտոս 2։6-8 համարներում նշված աստվածաշնչյան չափանիշներին։ Ծառայող օգնականը ժողովում ստանձնում է մի շարք կարևոր կազմակերպչական և գործնական պարտականություններ։ Ծառայող օգնականը չի վարձատրվում իր կատարած ծառայության դիմաց և իր ժողովի կամ Եհովայի վկաների որևէ իրավաբանական անձի աշխատակից չէ։ Ծառայող օգնականների մեծ մասն աշխատում է իր և իր ընտանիքի նյութական կարիքները հոգալու համար։ Որոշ ծառայող օգնականներ գուցե ժամանակի ընթացքում համապատասխանեն երեցների համար նախատեսված չափանիշներին և նշանակվեն ծառայելու որպես երեցներ։ Այս տերմինը չի կիրառվում որպես պատվո տիտղոս։

համաժողով։ Տես  շրջանային համաժողով,  տարածաշրջանային համաժողով և  միջազգային համաժողով։

Հանրային հանդիպում։ Ժողովի շաբաթական հանդիպում, որը, որպես կանոն, անցկացվում է շաբաթավերջին։ Դրա ընթացքում ներկայացվում է հանրության համար նախատեսված 30 րոպե տևողությամբ աստվածաշնչյան ելույթ։ Աստվածաշնչյան հանրային ելույթին սովորաբար հաջորդում է «Դիտարանի» ուսումնասիրությունը, որը աստվածաշնչյան որևէ թեմայով մեկ ժամ տևողությամբ հարց ու պատասխանով քննարկում է՝ հիմնված «Դիտարան» ամսագրի ուսումնասիրության թողարկման մեջ տեղ գտած հոդվածներից մեկի վրա։ Եհովայի վկաների մյուս բոլոր հանդիպումների պես մասնակցությունն անվճար է՝ լինի ֆիզիկապես, թե օնլայն։ Հանգանակություն չի արվում։

Հիսուս Քրիստոս։ Աստծու միածին Որդին (Հովհաննես 3։16)։ Եհովայի վկաները Հիսուս Քրիստոսին դիտում են որպես իրենց Առաջնորդի, ձգտում են ընդօրինակել նրան ու հետևել նրա սովորեցրածներին։ Վկաները նրան համարում են երբևէ ապրած մեծագույն մարդը, Եհովայի մեծագույն Վկան և նա, ով առանցքային դեր ունի մարդկությունը փրկելու Աստծու նպատակի մեջ (Եսայիա 9։6, 7; Հայտնություն 1։5

մասնաճյուղ։ Մասնաճյուղի կոմիտեի տեղի վարչական կենտրոնը։ Օգտագործվում է մեկ կամ ավելի երկրներում Եհովայի վկաների գործունեությանն աջակցելու և այն վերահսկելու համար։ Կիրառելի է նաև կրճատ անվանումը՝ «մասնաճյուղ»։

մասնաճյուղի կոմիտե։ Երբ որևէ վայրում մասնաճյուղ է հիմնադրվում, նշանակվում է երեք կամ ավելի երեցներից կազմված մասնաճյուղի կոմիտե, որը կոորդինացնում է մասնաճյուղի հոգածության տակ գտնվող երկրում կամ երկրներում իրականացվող մեր գործունեությունը։

 միջազգային համաժողով։ Եհովայի վկաների կողմից կազմակերպված եռօրյա հանդիպում, որի նպատակն է պաշտել Աստծուն և ստանալ աստվածաշնչյան կրթություն։ Անցկացվում է մի քանի տարին մեկ, աշխարհի տարբեր մասերում նախապես ընտրված քաղաքներում։ Տարբեր երկրներից Վկաներ են հրավիրվում մասնակցելու որպես պատվիրակներ։ Այս միջոցառումները բաց են հանրության համար։ Դրանց նպատակն է հոգևորապես կրթել ներկաներին, միևնույն ժամանակ ամրացնել Եհովայի վկաների համաշխարհային միասնությունը։ Որպես կանոն՝ այս միջազգային համաժողովներն անցկացվում են վարձակալված շինություններում՝ ուրբաթից կիրակի։ Այս միջոցառումները անվճար են, հանգանակություն չի արվում։

միջշաբաթյա հանդիպում։ Ժողովի շաբաթական հանդիպում, որը, որպես կանոն, անցկացվում է որևէ աշխատանքային օր՝ երեկոյան։ Հանդիպումը բաղկացած է երեք մասից և կոչվում է «Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը»։ Այս հանդիպման նպատակն է օգնել Վկաներին լինել Աստծու ավելի արդյունավետ ծառաներ։ Եհովայի վկաների մյուս բոլոր հանդիպումների պես մասնակցությունն անվճար է՝ լինի ֆիզիկապես, թե օնլայն։ Հանգանակություն չի արվում։

միսիոներ։ Մկրտված Վկա, ում Եհովայի վկաների Կառավարիչ մարմինը նշանակել է ծառայելու աշխարհի տարբեր մասերում։ Միսիոներները պատրաստ են լքելու իրենց տները և տեղափոխվելու օտար երկիր, որպեսզի օգնեն Թագավորության բարի լուրը քարոզելու հարցում (Մատթեոս 24:14

շրջան։ Որոշակի տարածքի Եհովայի վկաների մի քանի ժողովներից կազմված խումբ։

 շրջանային համաժողով։ Տարեկան երկու անգամ անցկացվող մեկօրյա հանդիպում, որին մասնակցում են Եհովայի վկաների մի քանի ժողովներ։ Շրջանային համաժողովը հանրային միջոցառում է, որի նպատակն է հոգևորապես կրթել ներկաներին։ Ծրագրի ընթացքում հնչում են առաջարկներ, որոնք օգնում են ցանկացած տարիքի մարդկանց օգուտներ քաղել աստվածաշնչյան խորհուրդներից։ Ներկայացվում են առօրյա կյանքից վերցված կարճ դրվագներ։ Այդ բեմականացումների միջոցով ընդգծվում է, թե ինչպես կարելի է կիրառել աստվածաշնչյան դասերը։ Հաճախ անցկացվում է Եհովայի վկաների համաժողովների սրահներում։ Կարող է նաև անցկացվել վարձակալված տարածքում կամ հասանելի լինել օնլայն հարթակում։ Որպես կանոն՝ տեղի է ունենում շաբաթ կամ կիրակի։ Հանդիպման մուտքն անվճար է, հանգանակություն չի արվում։

շրջանային վերակացու։ Փորձառու երեց, ով ծառայում է մասնաճյուղի առաջնորդության ներքո։ Նա և իր կինը (եթե ամուսնացած է) այցելում են շրջանի յուրաքանչյուր ժողով՝ սովորաբար տարին երկու անգամ։ Նրա դերն է անհատապես քաջալերել ժողովում յուրաքանչյուրին, բացի այդ՝ ոգևորել ու ցուցումներ տալ երեցներին ու ծառայող օգնականներին։ Շրջանային վերակացուները հատուկ ծրագիր են պատրաստում յուրաքանչյուր ժողովին ուսուցանելու համար։ Այս տերմինը չի կիրառվում որպես պատվո տիտղոս։

ռահվիրա։ Այս անվանումը կիրառվում է այն մկրտված Վկայի առնչությամբ, ով ձգտում է որոշակի ժամաքանակ տրամադրել քարոզչական ծառայությանը՝ տարեկան 600 ժամ (ամսական 50 ժամ)։ Երբեմն օգտագործվում է նաև որպես «ենթառահվիրա» տերմինի կրճատ տարբերակ։ Վերջինս այն անհատն է, ով քարոզչությանը տրամադրում է ամսական 15 կամ 30 ժամ՝ մեկ կամ մի քանի ամիս շարունակ։ Ռահվիրաները չեն վարձատրվում իրենց կատարած հանրային ծառայության դիմաց և իրենց ժողովի կամ Եհովայի վկաների որևէ իրավաբանական անձի աշխատակից չեն։ Ռահվիրաների մեծ մասն աշխատում է, որ հոգա իր նյութական կարիքները։ Այս տերմինը չի կիրառվում որպես պատվո տիտղոս։

 տարածաշրջանային համաժողով։ Որևէ տարածաշրջանից մի քանի ժողովների տարեկան եռօրյա հանդիպում, որի նպատակն է հոգևորապես կրթել ներկաներին։ Այն բաց է հանրության համար։ Ծրագրի ընթացքում հնչում են առաջարկներ, որոնք օգնում են ցանկացած տարիքի մարդկանց օգուտներ քաղել աստվածաշնչյան խորհուրդներից։ Ներկայացվում են առօրյա կյանքից և աստվածաշնչյան արձանագրություններից բեմականացված դրվագներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես կիրառել աստվածաշնչյան սկզբունքները։ Տարածաշրջանային համաժողովները հաճախ անցկացվում են վարձակալված խոշոր տարածքներում՝ արենաներում, մարզադաշտերում, համաժողովների կենտրոններում և այլն։ Ավելի փոքր տարածաշրջանային համաժողովները կարող են անցկացվել Եհովայի վկաների մոտակա համաժողովների սրահներում։ Որպես կանոն՝ համաժողովի ֆիզիկական մասնակցությամբ ծրագիրը տեղի է ունենում ուրբաթից կիրակի։ Վերջին տարիներին օնլայն հարթակում հասանելի են լինում նաև ծրագրի տեսագրությունները։ Եհովայի վկաների մյուս բոլոր հանդիպումների պես՝ մասնակցությունն անվճար է, հանգանակություն չի արվում։

քարոզիչ։ Այն անհատը, ով մասնակցում է ծառայությանը և Եհովայի վկաների ժողովի մաս է կազմում։ Քարոզիչ դառնալու համար անհրաժեշտ է հասկանալ աստվածաշնչյան հիմնական ուսմունքները, հավատալ դրանց և ապրել Աստծու սկզբունքներին ներդաշնակ։ Քարոզիչները չեն վարձատրվում ծառայությանը մասնակցելու դիմաց և իրենց ժողովի կամ Եհովայի վկաների որևէ իրավաբանական անձի աշխատակից չեն։ Այս տերմինը չի կիրառվում որպես պատվո տիտղոս։

քարոզչություն։ Տես  դաշտի ծառայություն։

քույր։ Իգական սեռի ներկայացուցիչ, ով մկրտված Վկա է։ Չի կիրառվում որպես պատվո տիտղոս։

Քրիստոսի մահվան հիշատակի երեկո։ Հիսուս Քրիստոսի մահվան տարելիցը։ Կոչվում է նաև Տիրոջ ընթրիք, Հիշատակի երեկո, Վերջին ընթրիք կամ Հիսուսի մահվան հիշատակի երեկո։ Եհովայի վկաների համար տարվա ամենակարևոր իրադարձությունն է։ Սա միակ կրոնական արարողությունն է, որ Քրիստոսն իր հետևորդներին հստակ պատվիրել է կատարել (Ղուկաս 22։19, 20

ՑՈՒՑՈՒՄ։ Եհովայի վկաների գործունեությունը լուսաբանելիս, խնդրում ենք, օգտագործել նշված տերմինների ամբողջական տարբերակները։ Հավելյալ տեղեկությունների համար տես  Եհովայի վկաներ տերմինը