Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՏԵՍԱԿԵՏԸ

Էվոլյուցիա

Էվոլյուցիա

Որոշ մարդիկ կարծում են, որ կյանքն առաջացել է էվոլյուցիայի արդյունքում։ Ուրիշներն էլ ասում են, որ Աստված պարզապես սկիզբ է դրել կյանքին և թույլ տվել, որ մնացած ամեն բան առաջանա էվոլյուցիայի միջոցով։ Իսկ ի՞նչ է ասում Աստվածաշունչը այս հարցի վերաբերյալ։

Ստեղծագործության մասին Աստվածաշնչի արձանագրությունը ժխտո՞ւմ է այն բանի հավանականությունը, որ տիեզերքը առաջացել է մեծ պայթյունի արդյունքում։

Աստվածաշունչը պարզապես ասում է. «Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը» (Ծննդոց 1։1)։ Այն չի հայտնում, թե ինչպես Աստված ստեղծեց ամեն բան։ Այնպես որ, անգամ եթե ընդունենք, որ մեր տիեզերքն իսկապես առաջացել է հսկայական մի պայթյունի արդյունքում, դա բոլորովին չի հակասի Աստվածաշնչի արձանագրությանը։ Ավելին, Ծննդոց 1։1-ը նույնիսկ հստակ պատասխան է տալիս այն հարցին, թե ով էր կանգնած այդ մեծ պայթյունի հետևում։

Շատ գիտնականներ կարծում են, որ այդ մեծ պայթյունը եղել է պատահական, անվերահսկելի մի երևույթ, ինչի արդյունքում տիեզերական նյութի մասնիկները, միանալով իրար, ժամանակի ընթացքում կազմել են աստղեր ու մոլորակներ։ Աստվածաշունչը թիկունք չի կանգնում այդ տեսակետին։ Այն հստակ նշում է, որ Աստված է արարել տիեզերքը՝ անկախ նրանից, թե ինչպես է նա արել դա՝ հսկայական պայթյունի, թե մեկ այլ արարչագործական հնարքի միջոցով։

«Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը» (Ծննդոց 1։1

Աստվածաշնչյան արձանագրությունը ժխտո՞ւմ է այն, որ կենդանի օրգանիզմները կարող են փոփոխությունների ենթարկվել ժամանակի ընթացքում։

Ո՛չ, չի ժխտում։ Աստվածաշունչն ասում է, որ Աստված ստեղծել է կենդանի օրգանիզմներին «ըստ իրենց տեսակի» (Ծննդոց 1։11, 12, 21, 24, 25)։ Ըստ Աստվածաշնչի՝ կարո՞ղ են փոփոխություններ լինել միևնույն տեսակի մեջ։ Այո՛, կարող են։ Իսկ տեսակների մեջ տեղի ունեցող փոփոխությունները փաստո՞ւմ են, որ կարող են նոր տեսակներ առաջանալ։ Ո՛չ, չեն փաստում։

Նկատի առնենք մի օրինակ։ 1970-ականներին գիտնականները ուսումնասիրում էին Գալապագոս կղզիներում բնակվող թռչունների մի տեսակ՝ սերինոսներին։ Նրանք նկատեցին, որ համեմատաբար մեծ կտուց ունեցող առանձնյակներն ավելի հեշտությամբ էին հարմարվել տեղի ունեցած կլիմայական փոփոխություններին ու վերապրել։ Ոմանք մտածեցին, որ դա էվոլյուցիայի ապացույց է։ Սակայն իրականում դա էվոլյուցիայի ապացո՞ւյց էր, թե՞ պարզապես հարմարվողականության դրսևորում։ Տարիներ անց փոքր կտուց ունեցող սերինոսները կրկին շատացան և պոպուլյացիայում նրանց թիվը գերակշռեց։ Այդ ուսումնասիրություններից հետո մարդաբանության պրոֆեսոր Ջեֆրի Շվարցը եկավ այն եզրահանգման, որ թեև հարմարվողականությունը օգնում է, որ տվյալ տեսակը վերապրի՝ հարմարվելով փոփոխվող հանգամանքներին, սակայն «այն չի առաջացնում նոր տեսակ»։

Աստվածաշնչի հայտնած տեղեկությունը համատեղելի՞ է էվոլյուցիոն տեսության հետ։

Աստվածաշունչն ասում է, որ Աստված «ստեղծեց բոլոր բաները» (Հայտնություն 4։11)։ Նա «հանգստացավ» միայն այն ժամանակ, երբ ավարտին հասցրեց իր ստեղծագործական աշխատանքը (Ծննդոց 2։2)։ Հստակ է, ուրեմն, որ Աստված չի ստեղծել ինչ-որ պարզագույն օրգանիզմ ու հետո դադարել գործելուց՝ թույլ տալով, որ այդ օրգանիզմը միլիոնավոր տարիների ընթացքում էվոլյուցիայի ենթարկվի՝ առաջացնելով տարբեր տեսակի ձկներ, կապիկներ և ի վերջո մարդկանց։ * Այդ գաղափարը, որը անվանում են «մակրոէվոլյուցիա», նսեմացնում է Արարչի դերը, որը, ինչպես նշվում է Աստվածաշնչում, «ստեղծել է երկինքն ու երկիրը, ծովը և այն ամենը, որ կա նրանցում» (Ելք 20։11; Հայտնություն 10։6

«Արժանի՛ ես, Եհո՛վա, Աստվա՛ծ մեր, առնելու փառքը, պատիվը և զորությունը, որովհետև դո՛ւ ստեղծեցիր բոլոր բաները» (Հայտնություն 4։11

Իմացեք ավելին։ Աստվածաշունչն ասում է, որ Աստծու «անտեսանելի հատկությունները.... հստակ երևում են աշխարհի արարումից ի վեր, որովհետև դրանք տեսնվում են ստեղծված բաների միջոցով» (Հռոմեացիներ 1։20)։ Աստծու մասին սովորելով՝ կարող ենք գտնել կյանքի իրական իմաստը, քանի որ Աստված հիանալի նպատակ ունի իրեն անկեղծորեն փնտրող բոլոր մարդկանց առնչությամբ (Ժողովող 12։13; Եբրայեցիներ 11։6)։ Ավելի շատ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.ps8318.com/hy վեբ կայք կամ կապ հաստատեք Եհովայի վկաների հետ (տե՛ս ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՈՒՍՄՈՒՆՔՆԵՐ > ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՐՑԵՐ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

^ պարբ. 12 Հակառակ կրեացիոնիստների տեսակետին՝ Աստվածաշունչը չի սովորեցնում, թե Աստված երկիրը արարել է բառացի 24-ժամյա օրերի ընթացքում։ Ավելի շատ տեղեկություններ ստանալու համար, կարող եք կարդալ «Ինչպե՞ս է կյանքն առաջացել» գրքույկի 24–27-րդ էջերը։ Գրքույկը հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։ Այն կարող եք անվճար բեռնել www.ps8318.com/hy կայքից։