Անցնել բովանդակությանը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ստեղծագործությո՞ւն, թե՞ էվոլյուցիա—Մաս 1։ Ինչո՞ւ հավատալ Աստծուն

Ստեղծագործությո՞ւն, թե՞ էվոլյուցիա—Մաս 1։ Ինչո՞ւ հավատալ Աստծուն

 Ստեղծագործությո՞ւն, թե՞ էվոլյուցիա

 Հավատո՞ւմ ես, որ Աստված է ստեղծել ամեն բան։ Եթե այո, ապա դու միակը չես։ Շատ երիտասարդներ (նաև մեծեր) նույնպես հավատում են։ Սակայն կան մարդիկ, որ ասում են, թե տիեզերքը առաջացել է ինքնիրեն՝ առանց «Գերագույն էակի» միջամտության։

 Գիտեի՞ր որ... Այս երկու խմբի մարդիկ էլ հաճախ խոսում են միայն այն մասին, թե ինչին են հավատում, առանց իրականում մտածելու, թե ինչու։

  •   Որոշ մարդիկ հավատում են ստեղծագործությանը պարզապես, քանի որ եկեղեցում նրանց դա են սովորեցրել։

  •   Շատ մարդիկ հավատում են էվոլյուցիային պարզապես, քանի որ դպրոցում նրանց դա են սովորեցրել։

 Այս շարքի հոդվածները կօգնեն քեզ ամրապնդել համոզմունքներդ և ներկայացնել դրանք։ Բայց նախ պետք է մի կարևոր հարց տաս ինքդ քեզ։

 Ինչո՞ւ եմ հավատում Աստծուն

 Ինչո՞ւ է այս հարցը կարևոր։ Աստվածաշունչը հորդորում է, որ մտածես՝ գործի դնես բանականությունդ (Հռոմեացիներ 12:1)։ Սա նշանակում է, որ հավատդ չպետք է պարզապես հիմնված լինի

  •  էմոցիաների վրա (Ես ուղղակի զգում եմ, որ վերևում ինչ-որ մեկը կա)

  •  շրջապատի ազդեցության վրա (Ես ապրում եմ կրոնասեր համայնքում)

  •  որևէ մեկի թելադրանքի վրա (Ծնողներս ինձ այդպես են մեծացրել — կամ այլ պատճառ)

 Փոխարենը դու անձամբ պետք է համոզվես, որ Աստված գոյություն ունի։ Դու պետք է ողջամիտ պատճառ կամ հիմք ունենաս քո հավատի համար։

 Ուրեմն, ինչն է համոզում քեզ, որ Աստված գոյություն ունի։ «Ինչո՞ւ եմ հավատում Աստծուն» գրառումների էջը կօգնի քեզ ամրացնել հավատդ ու համոզմունքներդ։ Քեզ հավանաբար կհետաքրքրի նաև, թե ինչպես են այլ երիտասարդներ պատասխանել այս հարցին։

 «Երբ դպրոցում դասատուն բացատրում է, թե ինչպես է մեր օրգանիզմը գործում, իմ մեջ կասկած չի մնում, որ Աստված գոյություն ունի։ Մեր մարմնի յուրաքանչյուր օրգան, նույնիսկ ամենափոքրը ունի իր դերն ու նշանակությունը, և դրանք կատարում են իրենց ֆունկցիան այնպես, որ մենք հաճախ չենք էլ իմանում։ Մարդու օրգանիզմը իրականում զարմանահրաշ մի բան է» (Թերեզա)։

 «Երբ նայում եմ մի երկնաքերի, զբոսանավի կամ մեքենայի, ինքս ինձ հարցնում եմ. «Ո՞վ է կառուցել կամ սարքել սա»։ Բանական արարած է պետք, օրինակ, մեքենան սարքելու համար, քանի որ դրա հարյուրավոր փոքր մասերը պետք է ճշգրտորեն գործեն, որ մեքենան աշխատի։ Ու եթե պետք է, որ ինչ-որ մեկը մեքենան նախագծի ու սարքի, ապա նույնը կարելի է ասել մարդու՝ մեր, մասին» (Ռիչարդ)։

 «Երբ հասկանում ես, որ հարյուրավոր տարիներ են պետք եկել, որ ամենախելացի մարդիկ հասկանան տիեզերքում տեղի ունեցող «պարզագույն» երևույթները, բացարձակապես անտրամաբանական է դառնում այն միտքը, թե տիեզերքը առաջացել է առանց բանական էակի միջամտության» (Քերըն)։

 «Ինչքան շատ եմ խորանում գիտության մեջ, այդքան ավելի անհավանական է թվում էվոլյուցիան։ Օրինակ՝ մտածել եմ բնության մեջ մաթեմատիկական ճշգրտության մասին և այն մասին, թե որքան բացառիկ էակ է մարդ արարածը, որը փորձում է իմանալ՝ որտեղից է եկել և ուր է գնում։ Էվոլյուցիան փորձում է բացատրել այս ամենը կենդանական աշխարհին առնչվող հասկացություններով, բայց երբեք չի կարողացել բացատրել, թե ինչու է մարդ արարածը բացառիկ։ Ըստ իս՝ ավելի մեծ «հավատ» է պետք էվոլյուցիան ընդունելու համար, քան Աստծու գոյությունը» (Էնթոնի)։

 Ինչպե՞ս ներկայացնեմ իմ համոզմունքը

 Ի՞նչ կարող ես անել, երբ դասընկերներդ ծաղրեն քեզ այն բանի համար, որ հավատում ես մի բանի, որ չես տեսնում։ Իսկ եթե նրանք ասեն, որ գիտությունը «ապացուցել է», որ էվոլյուցիան ճիշտ է։

 Առաջին՝ վստահ և համոզված եղիր այն բանում, ինչին հավատում ես։ Մի՛ ամաչիր ու մի՛ քաշվիր (Հռոմեացիներ 1:16)։ Ի վերջո հիշիր...

  1.   Դու միակը չես։ Շատերն են շարունակում հավատալ Աստծուն։ Նրանց թվում կան բանիմաց մարդիկ ու մասնագետներ։ Նույնիսկ գիտնականներ կան, ովքեր հավատում են Աստծու գոյությանը։

  2.   Երբ մարդիկ ասում են, որ չեն հավատում Աստծուն, երբեմն իրականում ուզում են ասել, որ չեն հասկանում Աստծուն։ Փոխանակ բերեն փաստեր, թե ինչու են այդ կարծիքին կամ համոզմանը, նրանք այնպիսի հարցեր են բարձրացնում, ինչպիսին է, օրինակ, «Եթե Աստված կա, ինչո՞ւ է թույլ տալիս, որ տառապանք լինի»։ Այդպես նրանք փաստարկներով հիմնավորվող հարցը դարձնում են էմոցիաների հետ կապված մի հարց։

  3.   Մարդիկ «հոգևոր կարիքներ» ունեն (Մատթեոս 5:3)։ Դրա մեջ մտնում է Աստծուն հավատալու կարիքը։ Ուրեմն, եթե մեկն ասում է, թե Աստված չկա, այդ դեպքում ոչ թե դու, այլ հենց ինքն էլ պետք է բացատրի, թե ինչի հիման վրա է նման եզրահանգում արել (Հռոմեացիներ 1:18–20

  4.   Աստծուն հավատալը լիովին ողջամիտ է և տրամաբանական։ Դա հաստատում է այն ապացուցված փաստը, որ կյանքը ինքնին չի կարող առաջ գալ։ Ոչ մի ակնհայտ ապացույց չկա, որ թիկունք կանգնի այն մտքին, թե անկենդան նյութերից մեկ էլ հանկարծ կյանք կարող է առաջ գալ։

 Այդուհանդերձ, ինչ կարող ես ասել, երբ որևէ մեկը կասկածի տակ է դնում Աստծու գոյությունը։ Ահա մի քանի հնարավոր տարբերակներ։

 Եթե ասում են. «Միայն անգրագետ մարդիկ են հավատում Աստծուն»։

 Կարող ես ասել. «Միգուցե դու այդ պնդումը ճիշտ ես համարում։ Բայց ես այդպես չեմ կարծում։ Փաստն այն է, որ մի հարցման ժամանակ, որին մասնակցել են ավելի քան 1600 գիտնականներ տարբեր հայտնի համալսարաններից, պարզ է դարձել, որ նրանց մեկ երրորդը չի հաստատել, որ աթեիստ է կամ ագնոստիկ։ a Այդ պրոֆեսորներին կանվանեի՞ր անգրագետներ այն բանի համար, որ հավատում են Աստծուն։

 Եթե ասում են. «Եթե Աստված կա, ինչո՞ւ է աշխարհը տառապանքով լցվել»։

 Կարող ես ասել. «Հավանաբար քո հարցով ուզում ես հասկանալ, թե ինչ է անում Աստված, կամ նկատի ունես, որ նա այդ ուղղությամբ ոչինչ էլ չի անում։ Ճի՞շտ եմ։ [Թող, որ պատասխանի։] Ես տրամաբանական պատասխան եմ գտել այն հարցին, թե ինչու է աշխարհում տառապանքն այսքան շատ։ Բայց դրա համար հարկավոր է քննել Աստվածաշնչից որոշ ուսմունքներ։ Կուզե՞ս իմանալ դրանց մասին»։

 Այս շարքի հաջորդ հոդվածում կներկայացվի այն հարցը, թե ինչու մեր գոյության վերաբերյալ էվոլյուցիոն տեսությունը բավարարող բացատրություն չունի։

a Աղբյուրը։ Social Science Research Council, “Religion and Spirituality Among University Scientists,” by Elaine Howard Ecklund, փետրվարի 5, 2007։