Անցնել բովանդակությանը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ի՞նչ պետք է իմանամ առցանց լուսանկարներ հրապարակելու մասին

Ի՞նչ պետք է իմանամ առցանց լուսանկարներ հրապարակելու մասին

 Դու հրաշալի արձակուրդ ես վայելում և ուզում ես ընկերներիդ ամեն ինչ պատմել դրա մասին։ Բայց ինչպե՞ս։

  1.  Ա) Յուրաքանչյուրին մի բացիկ կուղարկես։

  2.  Բ) Բոլոր ընկերներիդ էլեկտրոնային նամակներ կգրես։

  3.  Գ) Առցանց լուսանկարներ կտեղադրես։

 Երբ քո պապիկն ու տատիկը երիտասարդ էին, նրանց ունեցած միակ ընտրությունը հավանաբար Ա տարբերակն էր։

 Երբ ծնողներդ քո տարիքին էին, կարող էին ընտրել նաև Բ տարբերակը։

 Այսօր բազմաթիվ երիտասարդներ, ում թույլատրվում է սոցիալական կայքերում լուսանկարներ հրապարակել, նախընտրում են Գ տարբերակը։ Դու է՞լ ես դա նախընտրում։ Եթե այո, ապա այս հոդվածը կօգնի քեզ խուսափելու մի քանի ծուղակներից։

 Ի՞նչ օգուտներ կան

 Շատ արագ է։ «Երբ հետաքրքիր տեղեր եմ գնում կամ լավ ժամանակ եմ անցկացնում ընկերներիս հետ, նույն պահին կարող եմ լուսանկարներ հրապարակել, որ ուրիշները տեսնեն դրանք» (Մելանի)։

 Հարմար է։ «Շատ ավելի հեշտ է աչքի անցկացնել ընկերներիս տեղադրած թարմ լուսանկարները, քան էլեկտրոնային նամակով իմանալ, թե ինչ է տեղի ունենում նրանց կյանքում» (Ջորդան)։

 Օգնում է կապի մեջ մնալ։ «Ընկերներիցս և ընտանիքիս անդամներից մի քանիսը հեռու են ապրում։ Եթե նրանք հաճախ են իրենց լուսանկարները հրապարակում, և ես հաճախ եմ նայում դրանք, կարծես ամեն օր տեսնում եմ նրանց» (Քերըն)։

 Ի՞նչ վտանգներ կան

 Դու կարող ես քեզ վտանգի ենթարկել։ Եթե տեսախցիկդ ունի երկրապիտակման (geotagging) հնարավորություն, քո հրապարակած լուսանկարները կարող են ավելի շատ տեղեկություն հայտնել, քան դու կցանկանայիր։ «Ինտերնետում հրապարակած լուսանկարներն ու մեդիան, որոնցում նշված է անհատի գեոլոկացիան (geolocation), հնարավորություն են տալիս ցանկացած մարդու, այդ թվում՝ նրան, ով չար նպատակներ ունի, հատուկ ծրագրի միջոցով իմանալու նրա գտնվելու վայրը»,— տեղեկացնում է Digital Trends վեբ կայքը։

 Ինչ խոսք, հանցագործները հիմնականում ուզում են իմանալ, թե երբ ես դու բացակայում իրենց հետաքրքրող վայրից։ Digital Trends վեբ կայքում նշվում էր մի դեպքի մասին. երեք կողոպտիչներ մտել էին 18 տուն, երբ բնակիչները տանը չէին եղել։ Ինչպե՞ս էին նրանք իմացել, որ ոչ ոք տանը չէ։ Նրանք առցանց հետևել էին, թե բնակիչները որ ժամին որտեղ են լինում (այս հնարքը կոչվում է կիբերքեյսինգ), և 100000 ԱՄՆ դոլարի ապրանք էին գողացել։

 Գուցե անպատշաճ բովանդակությամբ նյութեր տեսնես։ Որոշ մարդիկ աշխարհին ի ցույց են դնում ցանկացած բան և չեն ամաչում դրանից։ Սառա անունով մի երիտասարդ աղջիկ ասում է. «Խնդիրն առաջանում է այն ժամանակ, երբ «թափառում» ես անծանոթ մարդկանց էջերով։ Դա նման է առանց քարտեզի անծանոթ քաղաքով շրջելուն։ Իվերջո կհայտնվես մի վայրում, ուր նպատակ չունեիր գնալու»։

 Ժամանակդ կարող է աննկատ անցնել։ «Հեշտ է տարվել թարմ տեղեկություններ նայելով և դրանց վերաբերյալ բոլորի մեկնաբանությունները կարդալով,— ասում է մի աղջիկ, որի անունը Յոլանդա է։— Բանը կարող է հասնել նրան, որ հենց ազատ րոպե ունենաս, հեռախոսիդ մեջ սկսես ստուգել, թե ինչ նորություն կա»։

Ինքնատիրապետում պետք է ունենաս, եթե գրանցված ես լուսանկարներ հրապարակելու համար նախատեսված կայքում

 Սամանտա անունով մի դեռահաս աղջիկ համաձայն է այս խոսքերին։ Նա ասում է. «Ես պետք է վերահսկեմ կայքերում անցկացրած իմ ժամանակը։ Իսկապես, եթե ուզում ես գրանցվել այնպիսի կայքում, որը նախատեսված է լուսանկարներ հրապարակելու համար, պետք է ինքնատիրապետում ունենաս»։

 Ինչ կարող ես անել

  •   Վճռիր հեռու մնալ անցանկալի բովանդակություն պարունակող նյութերից։ Աստվածաշունչն ասում է. «Աչքերիս առաջ որևէ անպիտան բան չեմ դնի» (Սաղմոս 101:3

     «Ես կանոնավորաբար ստուգում եմ այն մարդկանց տեղադրած լուսանկարներն ու նյութերը, ում հետևորդն եմ, և դադարում եմ նրանց հետևորդը լինելուց, երբ տեսնում եմ, որ այդ նյութերը անվայել բովանդակություն ունեն» (Ստիվեն)։

  •   Խուսափիր այն մարդկանց հետ շփումից, ովքեր չունեն քո արժեքները, քանի որ նրանք կարող են թուլացնել բարոյապես մաքուր մնալու քո վճռականությունը։ Աստվածաշունչն ասում է. «Մի՛ մոլորվեք։ Վատ ընկերակցությունները ապականում են օգտակար սովորությունները» (1 Կորնթացիներ 15:33

     «Սոցիալական ցանցերում լուսանկարներ մի՛ նայիր զուտ այն պատճառով, որ դրանք շատ են դիտվել։ Հաճախ հենց այնտեղ կարող ես հանդիպել հայհոյանքների, մերկ մարդկանց նկարների և անպարկեշտ բովանդակությամբ նյութերի» (Ջեսիկա)։

  •   Ժամանակ սահմանիր, թե համացանցում որքան երկար ես լուսանկարներ դիտելու կամ հրապարակելու։ Աստվածաշունչն ասում է. «Ամենայն ուշադրությամբ հետևեք, որ վարվեք ոչ թե անմիտների պես, այլ իմաստունների պես, և ձեզ համար գնեք հարմար ժամանակը» (Եփեսացիներ 5:15, 16

     «Ես դադարում եմ այն մարդկանց հետևորդը լինելուց, ովքեր չափազանց շատ լուսանկարներ են հրապարակում։ Օրինակ՝ ինչ-որ մեկը գնում է ծովափ և հրապարակում է նույն խեցու 20 նկար։ Այդ բոլոր նկարները աչքի անցկացնելը շատ ժամանակ է խլելու» (Ռեբեկա)։

  •   Համոզվիր, որ քո հրապարակած նկարները ուշադրություն չեն հրավիրում միայն քո վրա։ Աստվածաշնչի գրողներից մեկը՝ Պողոսը, նշեց. «Ասում եմ ձեր մեջ գտնվող ամեն մեկին, որ չմտածի իր մասին ավելին, քան հարկ է մտածել» (Հռոմեացիներ 12:3)։ Մի՛ մտածիր, թե քո ընկերներին շատ են գրավում քո լուսանկարները կամ այն նկարները, որոնցում դու ինչ-որ բան ես անում։

     «Որոշ մարդիկ անվերջ սելֆիներ են հրապարակում։ Եթե մենք ընկերներ ենք, ես գիտեմ՝ դու ինչ տեսք ունես, կարիք չկա ինձ անընդհատ հիշեցնելու այն» (Ալիսոն)։