Անցնել բովանդակությանը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ի՞նչ անեմ, եթե դպրոցում վատ առաջադիմություն ունեմ

Ի՞նչ անեմ, եթե դպրոցում վատ առաջադիմություն ունեմ

 «Դասընկերներիցս ոմանք դասի ժամանակ գիրք չեն բացում։ Ուսուցիչը խոսում է, իսկ իրենք ականջակալները դրած երաժշտություն են լսում։ Մի հատ էլ զարմանում են, որ գնահատականները վատն են։ Բայց ես ինչո՞ւ եմ ցածր գնահատականներ ստանում ստուգողական աշխատանքից։ Գիշեր-ցերեկ պարապում եմ, ամբողջ օրը դաս եմ անում, բայց ստուգողական աշխատանքից ցածր գնահատական եմ ստանում։ Ամբողջ շաբաթ գիշերը պարապես ու գնաս, վատ գնահատական ստանա՞ս» (Իոլանդա)։

 Երբևէ այդպիսի զգացումներ ունեցե՞լ ես։ Արի անկեղծ լինենք։ Երբ վատ գնահատական ես ստանում, հիասթափվում ես, առավել ևս երբ դա շարունակական է լինում։

 Որոշ երիտասարդներ անընդհատ վատ գնահատականներ ստանալուց հետո գուցե հիասթափվեն ու չփորձեն առաջադիմել։ Կամ գուցե որոշեն այլևս դպրոց չգնալ։ Հնարավոր է, դա առաջին բանը լինի, որ ցանկանաս անել, սակայն այս խնդիրը լուծելու այլ տարբերակ կա։ Քննիր հետևյալ 6 քայլերը, որոնք կարող ես անել առաջադիմությունդ բարելավելու համար։

 Ինչ կարող ես անել

  •   Դասերից մի՛ բացակայիր։ Գուցե մտածես՝ դե, դա նորություն չէ։ Բայց փաստը մնում է փաստ, որ եթե դասերից հաճախ ես բացակայում, դա վատ է անդրադառնում առաջադիմությանդ վրա։

     «Մեր դպրոցում ամենաշատը բացակայում էին այն աշակերտները, ում չէին հետաքրքրում իրենց գնահատականները։ Դրանով իրենք իրենց էին վնասում» (Մեթյու):

     Աստվածաշնչյան սկզբունք. «Մարդ ինչ որ ցանի, այն էլ կհնձի» (Գաղատացիներ 6։7

  •   Դասերին ուշադիր եղիր։ Այն, որ դասին ներկա ես, արդեն լավ է, սակայն ամեն ինչ արա, որ դրանից լիարժեքորեն օգտվես։ Գրառումներ արա։ Ուշադիր լսիր, որ հասկանաս, թե ուսուցիչդ ինչ է ասում։ Եթե ուսուցիչդ թույլ է տալիս, հարցեր տուր դասի ժամանակ։

     «Ես շատ հարցեր եմ տալիս դասի ժամանակ, որովհետև կարծում եմ, որ ուսուցիչն ավելի լավ կբացատրի դասը, երբ իմանա, որ աշակերտն այն չի հասկանում» (Օլիվիա)։

     Աստվածաշնչյան սկզբունք. «Ուշադիր եղեք, թե ինչպես եք լսում» (Ղուկաս 8։18

  •   Դիմադրիր արտագրելու գայթակղությանը։ Արտագրելն անազնիվ արարք է։ Դպրոցում արտագրելու շատ ձևեր կան։ Օրինակ՝ կարող ես արտագրել ուրիշներից, սակայն դա ոչ միայն ազնիվ չէ, այլև անարդյունավետ է։

     «Եթե ճիշտը չգիտես, պատասխանը ուրիշներից մի՛ արտագրիր։ Արտագրելը քեզ ոչ մի օգուտ չի տա։ Այդպես, փոխանակ սովորես, թե ինչպես լուծել խնդիրները, սովորում ես ուրիշների վրա հույսդ դնել» (Ջոնաթան)։

     Աստվածաշնչյան սկզբունք. «Ուզում ենք ամեն ինչում ազնվությամբ վարվել» (Եբրայեցիներ 13։18

  •   Տնային աշխատանքդ առաջնահերթ համարիր։ Եթե հնարավոր է, առաջինը տնային աշխատանքդ արա։ Մնացած գործերդ, այդ թվում՝ զվարճությունները, թող մնան հետո։ a Երբ տնային աշխատանքդ ավարտած լինես, ավելի մեծ հաճույք կստանաս զվարճություններից։

     «Երբ տնային աշխատանքս առաջնահերթ դարձավ ինձ համար, գնահատականներս էլ փոխվեցին։ Երբ տուն էի հասնում, առաջին բանը, որ ուզում էի անել, քնելն էր կամ երաժշտություն լսելը։ Բայց նախ տնային առաջադրանքներս էի անում, հետո՝ հանգստանում (Կալվին)։

     Աստվածաշնչյան սկզբունք. «Հավաստիացեք, թե ինչն է ավելի կարևոր» (Փիլիպպեցիներ 1։10

  •   Օգնություն խնդրիր։ Մի՛ ամաչիր ուրիշներից օգնություն խնդրել։ Ծնողներիցդ խորհուրդ հարցրու։ Ուսուցչիցդ օգնություն խնդրիր, որ բարելավես առաջադիմությունդ։ Որոշ դեպքերում գուցե կարիք լինի դասուսույցի դիմել։

     «Ուսուցչիդ դիմիր։ Նրանից օգնություն խնդրիր, որ ավելի լավ հասկանաս առարկան ու բարելավես գնահատականներդ։ Ամենայն հավանականությամբ, ուսուցիչդ կտպավորվի քո վճռականությամբ ու կօգնի քեզ» (Դեյվիդ):

     Աստվածաշնչյան սկզբունք. «Խորհրդատուների շատության դեպքում հաջողություն է լինում» (Առակներ 15։22

  •   Օգտվիր ընձեռված հնարավորություններից։ Որոշ երկրներում ստուգողական աշխատանքի մեջ կան լրացուցիչ հարցեր, որոնց միջոցով կարող ես բարելավել գնահատականներդ։ Գուցե նաև հնարավորություն լինի լրացուցիչ առաջադրանքներ անել և դրանց դիմաց կրեդիտներ ստանալ։ Եթե ստուգողական աշխատանքիցդ ցածր գնահատական ես ստանում, գուցե հնարավոր լինի վերահանձնել այն, եթե խնդրես։

    Առաջադիմությունը բարելավելը նման է երաժշտական գործիք նվագելուն։ Դժվար գործ է, բայց վարձատրվող։

     «Եթե ուզում եմ բարելավել գնահատականներս, ես պետք է առաջինը քայլ ձեռնարկեմ։ Օրինակ՝ ուսուցիչներիս հարցնում եմ, թե կարող եմ լրացուցիչ առաջադրանքներ կատարել կամ վերահանձնել թեստը գնահատականս բարելավելու համար» (Մըքքենզի)։

     Աստվածաշնչյան սկզբունք. «Ամեն տեսակ աշխատանքից օգուտ կա» (Առակներ 14։23

a Տնային աշխատանքն անելու վերաբերյալ գործնական խորհուրդների համար տես «Երիտասարդները հարցնում են... Ինչպե՞ս կարող եմ ավարտին հասցնել տնային աշխատանքս» հոդվածը։