Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 ԶՐՈՒՅՑ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԹԵՄԱՅԻ ՇՈՒՐՋ

Ինչո՞ւ է Աստված թույլատրում տառապանքը

Ինչո՞ւ է Աստված թույլատրում տառապանքը

Ներկայացնում ենք մի զրույց, որը տեղի է ունենում Եհովայի վկայի և մեկ ուրիշ կնոջ միջև։ Վկան, որին կանվանենք Սոֆի, այցելել է Ելենա անունով մի կնոջ։

Ի՞ՆՉ Է ԶԳՈՒՄ ԱՍՏՎԱԾ՝ ՏԵՍՆԵԼՈՎ ՄԵՐ ՏԱՌԱՊԱՆՔԸ

Սոֆի— Բարև ձեզ, Ելենա, ուրախ եմ ձեզ տեսնելու։

Ելենա— Ես էլ։

Սոֆի— Անցած անգամ խոսեցինք այն մասին, թե ինչ է զգում Աստված՝ տեսնելով մեր տառապանքը *։ Դուք ասացիք, որ երկար ժամանակ է, ինչ ուզում եք իմանալ այս հարցի պատասխանը, հատկապես այն բանից հետո, երբ ձեր մայրը ավտովթարի ենթարկվեց։ Ի դեպ, ինչպե՞ս է նա։

Ելենա— Մի օր լավ է, մի օր՝ վատ։ Այսօր լավ է զգում։

Սոֆի— Ուրախ եմ։ Հավանաբար, ձեզ համար շատ դժվար է չհուսալքվել նման իրավիճակում։

Ելենա— Այո՛, շատ։ Երբեմն մտածում եմ՝ որքան երկար դեռ պետք է տառապի նա։

Սոֆի— Բնական է, որ այդպես եք մտածում։ Երևի կհիշեք, որ մեր անցած զրույցի ժամանակ ես խոստացա, որ կխոսենք այն մասին, թե ինչու է Աստված թույլատրում տառապանքը, եթե ի զորու է վերացնելու այն։

Ելենա— Հիշում եմ։

Սոֆի— Մինչ կտեսնենք, թե ինչ է ասում Աստվածաշունչը, եկեք վերհիշենք, թե ինչի մասին ենք խոսել անցած անգամ։

Ելենա— Լավ։

Սոֆի— Մենք տեսանք, որ հնում ապրած հավատարիմ մի մարդ նույնպես ցանկանում էր իմանալ, թե ինչու է Աստված թույլատրում տառապանքը։ Սակայն Աստված չկշտամբեց նրան դրա համար, ոչ էլ ասաց, որ նրան պարզապես ավելի շատ հավատ է պետք։

Ելենա— Դա նորություն էր ինձ համար։

Սոֆի— Նաև իմացանք, որ Եհովան ատում է տառապանքը։ Օրինակ՝ Աստվածաշնչում ասվում է, որ երբ նրա ժողովուրդը նեղություն էր կրում, «նա էլ էր նեղվում» *։ Մի՞թե մխիթարական չէ իմանալ, որ Աստված կարեկցում է մեզ՝ տեսնելով մեր տառապանքը։

Ելենա— Իհա՛րկե։

Սոֆի— Վերջում եկանք այն եզրակացության, որ հաշվի առնելով, թե ինչ մեծ զորություն ունի մեր Ստեղծիչը՝ կարող ենք վստահ լինել, որ նա ի զորու է ցանկացած պահի վերջ դնելու տառապանքին։

Ելենա— Հենց դա է, որ չեմ կարողանում հասկանալ։ Ինչո՞ւ է Աստված թույլ տալիս, որ աշխարհում վատ բաներ տեղի ունենան, եթե նա այդ ամենին վերջ դնելու զորություն ունի։

Ո՞ՒՄ ԽՈՍՔԵՐՆ ԷԻՆ ՃՇՄԱՐԻՏ

Սոֆի— Ձեր հարցի պատասխանը գտնելու համար բացենք Աստվածաշնչի առաջին գիրքը՝ «Ծննդոցը»։ Ծանո՞թ եք Ադամի ու Եվայի և արգելված պտղի մասին պատմությանը։

Ելենա— Այո՛, ծանոթ եմ։ Աստված ասել էր,  որ նրանք չուտեին մի ծառի պտղից, բայց չլսեցին ու կերան։

Սոֆի— Ճիշտ եք։ Եկեք տեսնենք, թե ինչ տեղի ունեցավ մինչ նրանց մեղք գործելը։ Դա կօգնի մեզ պարզելու, թե ինչու ենք տառապում։ Կկարդա՞ք «Ծննդոց» 3-րդ գլխի 1–5-րդ համարները։

Ելենա— Լավ։ «Օձը ամենազգույշն էր դաշտի բոլոր գազաններից, որ Եհովա Աստված ստեղծել էր։ Նա խոսեց կնոջ հետ ու ասաց. «Իսկապե՞ս Աստված ասաց, որ պարտեզի ոչ մի ծառից չպետք է ուտեք»։ Կինը պատասխանեց օձին. «Պարտեզի ծառերի պտղից կարող ենք ուտել։ Բայց պարտեզի մեջտեղի ծառի պտղի համար Աստված ասաց. «Դրանից չուտեք և դրան չդիպչեք, որ չմեռնեք»»։ Այդ ժամանակ օձը կնոջն ասաց. «Դուք, անշուշտ, չեք մեռնի, քանի որ Աստված գիտի, որ հենց այն օրը, երբ ուտեք դրանից, ձեր աչքերը կբացվեն, և դուք Աստծու պես կլինեք՝ բարին ու չարը իմացող»»։

Սոֆի— Շնորհակալություն։ Եկեք քննենք այս համարները։ Նախ ուշադրություն դարձնենք, որ օձը խոսեց կնոջ հետ։ Աստվածաշնչի մեկ այլ հատվածում ասվում է, որ իրականում Բանսարկու Սատանան էր օձի միջոցով Եվայի հետ խոսողը *։ Սատանան հարցրեց Եվային, թե ինչ էր պատվիրել Աստված։ Նկատեցի՞ք՝ ինչ պատիժ էր Ադամին ու Եվային սպասում, եթե ուտեին այդ ծառից։

Ելենա— Նրանք կմահանային։

Սոֆի— Ճիշտ է։ Իսկ իր հաջորդ խոսքերում Սատանան մեղադրեց Աստծուն։ Տեսեք՝ ինչ ասաց նա. «Դուք, անշուշտ, չեք մեռնի»։ Փաստորեն, Սատանան Աստծուն ստախոս անվանեց։

Ելենա— Այդ մանրամասները չգիտեի։

Սոֆի— Երբ Սատանան Աստծուն ստախոս անվանեց, այդպիսով բարձրացրեց մի հարց, որի լուծման համար ժամանակ էր պետք։ Գիտե՞ք՝ ինչու։

Ելենա— Հըմ... ո՛չ։

Սոֆի— Փորձեմ բացատրել օրինակով։ Ենթադրենք՝ մի օր ասում եմ, որ ձեզնից ուժեղ եմ։ Ինչպե՞ս կապացուցեիք, որ սխալ եմ։

Ելենա— Երևի ինչ-որ ձևով կչափեինք մեր ուժերը։

Սոֆի— Ճիշտ եք։ Գուցե ընտրեինք մի ինչ-որ ծանր իր ու տեսնեինք, թե մեզնից ով է ի վիճակի բարձրացնելու այն։ Իրականում, հեշտ է ապացուցել, թե ով է ուժեղ։

Ելենա— Այո՛։

Սոֆի— Իսկ եթե ես ասեի, որ ձեզնից ազնի՞վ եմ։ Համաձա՞յն եք, որ դա ապացուցելն ավելի դժվար է։

Ելենա— Իրոք, դժվար է։

Սոֆի— Ազնվությունը այնպիսի բան չէ, որ հնարավոր լինի մի պարզ փորձով ապացուցել։

Ելենա— Համաձայն եմ։

Սոֆի— Այս հարցը լուծելու միակ ձևն այն է, որ թույլ տանք՝ բավական ժամանակ անցնի, որպեսզի ուրիշները տեսնեն, թե մեզնից ով է իսկապես ազնիվ։

Ելենա— Տրամաբանական է։

Սոֆի— Եկեք նորից անդրադառնանք «Ծննդոց» գրքին։ Սատանան ասա՞ց, թե Աստծուց ավելի ուժեղ է։

Ելենա— Ո՛չ։

Սոֆի— Այդ դեպքում Աստված կարող էր արագ ապացուցել, որ Սատանան սխալ է։ Բայց նա պնդեց, թե Աստծուց ավելի ազնիվ է։ Կարծես ասում էր Եվային. «Աստված սուտ է խոսում, իսկ ես ճշմարտությունն եմ ասում քեզ»։

Ելենա— Հետաքրքրիր է։

Սոֆի— Լինելով իմաստուն՝ Աստված գիտեր, որ խնդիրը լուծելու լավագույն կերպն է՝ թույլ տալ, որ ժամանակ անցնի։ Արդյունքում պարզ կդառնար, թե ով է ճիշտ խոսում, ով՝ սուտ։

ԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑ

Ելենա— Բայց երբ Եվան մահացավ, մի՞թե դա չփաստեց, որ Աստված էր ճիշտ։

Սոֆի— Ինչ-որ չափով՝ այո՛։ Բայց Սատանայի բարձրացրած հարցը միայն դա չէր։ Նայենք 5-րդ համարին։ Նկատեցի՞ք, թե ուրիշ ինչ ասաց Սատանան Եվային։

Ելենա— Նա ասաց, որ եթե Եվան ուտի այդ պտղից, նրա աչքերը կբացվեն։

 Սոֆի— Այո՛, և նա «Աստծու պես կլինի՝ բարին ու չարը իմացող»։ Ուստի այդպես Սատանան պնդեց, որ Աստված ինչ-որ լավ բան է թաքցնում մարդկանցից։

Ելենա— Հետաքրքրիր է։

Սոֆի— Դա նույնպես լուրջ հարց էր։

Ելենա— Ի՞նչ իմաստով էր լուրջ։

Սոֆի— Իր խոսքերով՝ Սատանան ուզում էր ասել, որ Եվան, այդ թվում նաև բոլոր մարդիկ, առանց Աստծու իշխանության, ավելի լավ կապրեն։ Այս դեպքում էլ Եհովան գիտեր, որ հարցը լուծելու լավագույն միջոցն է՝ հնարավորություն տալ Սատանային ապացուցելու իր պնդումները։ Ուստի Աստված թույլ տվեց նրան, որ մի որոշ ժամանակ կառավարի այս աշխարհը։ Դրանից պարզ է դառնում, թե ինչու այսքան տառապանք կա աշխարհում. պատճառն այն է, որ Սատանան է այս աշխարհի իշխանը, ոչ թե Աստված *։ Բայց գիտե՞ք, կա նաև բարի լուր։

Ելենա— Ի՞նչ լուր։

Սոֆի— Աստվածաշնչից իմանում ենք երկու կարևոր բան Աստծու մասին։ Առաջին՝ Եհովան անտարբեր չէ մեր հանդեպ և տեսնում է մեր տառապանքը։ Օրինակ՝ նկատի առնենք Դավիթ թագավորի խոսքերը Սաղմոս 31։7-ում։ Դավիթը շատ տառապանքներ է կրել իր կյանքում, բայց տեսեք, թե ինչ ասաց նա իր աղոթքում։ Կկարդա՞ք այս խոսքերը։

Ելենա— Կկարդամ։ «Քո սիրառատ բարությամբ եմ ուրախանալու ու ցնծալու, որովհետև դու տեսար իմ տառապանքը, իմացար հոգուս վիշտը»։

Սոֆի— Չնայած Դավիթը տառապանքներ էր կրում, նրան սփոփում էր այն միտքը, որ Եհովան տեսնում է ամեն բան։ Մի՞թե մխիթարական չէ իմանալ, որ Եհովան տեղյակ է ամեն ինչից և գիտի անգամ մեր ծանր ապրումները, որոնք մարդիկ գուցե լիովին չհասկանան։

Ելենա— Իրոք մխիթարական է։

Սոֆի— Երկրորդ կարևոր բանն այն է, որ Եհովան թույլ չի տա՝ մեր տառապանքը անվերջ շարունակվի։ Աստվածաշունչն ասում է, որ Աստված շուտով վերջ է դնելու Սատանայի չար իշխանությանը։ Նա մեկընդմիշտ վերացնելու է տառապանքը երկրի երեսից, այդ թվում նաև այն ցավերը, որ կրում է ձեր ընտանիքը։ Ելենա, եթե ձեզ հարմար է, կարող ենք հանդիպել հաջորդ շաբաթ։ Ուզում եմ ցույց տալ, թե ինչու ենք վստահ, որ Աստված շուտով վերացնելու է տառապանքը *։

Ելենա— Լավ, կսպասեմ։

Հավանաբար ունեք այնպիսի աստվածաշնչյան հարց, որի պատասխանն ուզում եք իմանալ։ Կամ գուցե ցանկանում եք տեղեկանալ Եհովայի վկաների հավատալիքներին և գործունեությանը։ Երբ հաջորդ անգամ հանդիպեք Վկաներին, մի՛ վարանեք խոսել նրանց հետ։ Նրանք հաճույքով կպատասխանեն ձեր հարցերին։

^ պարբ. 7 Տե՛ս «Ինչպե՞ս է Աստված վերաբերվում տառապանքին» վերնագրով հոդվածը՝ «Զրույց հետաքրքիր թեմայի շուրջ» խորագրի տակ («Դիտարան», 2013թ., հուլիսի 1)։

^ պարբ. 61 Ավելի շատ տեղեկություններ ստանալու համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 9-րդ գլուխը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։