Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 19

Առաջին երեք պատուհասները

Առաջին երեք պատուհասները

Իսրայելացիները ստրուկներ էին, և նրանց ստիպում էին ծանր աշխատանք կատարել։ Եհովան Մովսեսին ու Ահարոնին ուղարկեց փարավոնի մոտ, որ նրան ասեն. «Բա՛ց թող իմ ժողովրդին, որ անապատում ծառայի ինձ»։ Սակայն փարավոնը հպարտ-հպարտ պատասխանեց. «Ինձ չի հետաքրքրում, թե Եհովան ինչ է ասում, և իսրայելացիներին չե՛մ ազատի»։ Դրանից հետո փարավոնը ստիպեց նրանց, որ ավելի շատ աշխատեն։ Այդ ժամանակ Եհովան փարավոնին դաս տվեց։ Գիտե՞ս, թե ինչպես։ Նա տասը պատուհաս բերեց Եգիպտոսի վրա։ Եհովան Մովսեսին ասաց. «Փարավոնը չի լսում ինձ։ Առավոտյան նա Նեղոս գետի ափին կլինի։ Գնա նրա մոտ և ասա, որ, քանի որ բաց չի թողնում իմ ժողովրդին, Նեղոս գետի ջուրը արյուն կդառնա»։ Մովսեսը հնազանդվեց ու գնաց փարավոնի մոտ։ Փարավոնը տեսավ, թե ինչպես Ահարոնն իր փայտով հարվածեց Նեղոս գետի ջրին, և ջուրը արյուն դարձավ։ Գետից սկսեց վատ հոտ գալ, և ձկները սատկեցին։ Եգիպտացիները չէին կարողանում ջուր խմել Նեղոսից։ Բայց փարավոնը կրկին իսրայելացիներին թույլ չտվեց գնալ։

Անցավ յոթ օր։ Եհովան Մովսեսին նորից ուղարկեց փարավոնի մոտ, որ ասի. «Եթե չազատես իմ ժողովրդին, Եգիպտոսը գորտերով կլցվի»։ Ահարոնը բարձրացրեց իր փայտը, ու ողջ երկիրը գորտերով լցվեց։ Դրանք մտան մարդկանց տները, նրանց անկողինների ու բաժակների մեջ։ Ամենուրեք գորտեր էին։ Փարավոնը կանչեց Մովսեսին և ասաց, որ աղաչի Եհովային դադարեցնել այդ պատուհասը։ Նա խոստացավ, որ բաց կթողնի իսրայելացիներին։ Ուստի Եհովան դադարեցրեց այդ պատուհասը, ու եգիպտացիները կույտ-կույտ հավաքեցին գորտերին։ Երկիրը սկսեց գարշահոտել։ Բայց փարավոնը այս անգամ էլ ժողովրդին թույլ չտվեց գնալ։

Այդ ժամանակ Եհովան Մովսեսին ասաց. «Ահարոնը պետք է իր փայտով հարվածի գետնին, և փոշին կդառնա մժեղներ, այսինքն՝ փոքր խայթող ճանճեր»։ Իսկույն ողջ Եգիպտոսում մժեղներ հայտնվեցին։ Փարավոնի մարդկանցից ոմանք ասացին նրան. «Այս պատուհասն Աստծուց է»։ Սակայն փարավոնը կրկին իսրայելացիներին թույլ չտվեց գնալ։

«Իմ ձեռքն ու իմ զորությունը պիտի իմացնեմ նրանց, և նրանք պիտի իմանան, որ իմ անունը Եհովա է» (Երեմիա 16։21)