Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 46

Հայտնի է դառնում, թե ով է ճշմարիտ Աստվածը

Հայտնի է դառնում, թե ով է ճշմարիտ Աստվածը

Իսրայելի տասցեղ թագավորությունը բազմաթիվ վատ թագավորներ էր ունեցել, բայց Աքաաբը ամենավատ թագավորներից էր։ Նա ամուսնացել էր մի չար կնոջ հետ, որը Բահաղին էր ծառայում։ Այդ կնոջ անունը Հեզաբել էր։ Աքաաբն ու Հեզաբելը երկրում տարածեցին Բահաղի պաշտամունքը ու սպանեցին Եհովայի մարգարեներին։ Ի՞նչ արեց Եհովան։ Նա ուղարկեց Եղիա մարգարեին, որ Աքաաբին հայտնի իր խոսքերը։

Եղիան Աքաաբ թագավորին ասաց, որ նրա չարության պատճառով Իսրայելում անձրև չի գալու։ Ավելի քան երեք տարի բերք չեղավ, ու ժողովուրդը սովի մատնվեց։ Ավելի ուշ Եհովան Եղիային նորից ուղարկեց Աքաաբի մոտ։ Թագավորն ասաց. «Դու ես Իսրայելին փորձանքի մեջ գցել։ Այս ամենը քո պատճառով է եղել»։ Եղիան պատասխանեց. «Այս երաշտը ոչ թե իմ, այլ ձեր պատճառով է եղել, քանի որ Բահաղին եք պաշտում։ Ժողովրդին և Բահաղի մարգարեներին հավաքիր Կարմեղոս լեռան վրա, և կիմանանք, թե ով է ճշմարիտ Աստվածը»։

Ժողովուրդը հավաքվեց լեռան վրա։ Եղիան ասաց. «Որոշե՛ք։ Եթե Եհովան է ճշմարիտ Աստվածը, նրա՛ն հետևեք, իսկ եթե Բահաղն է, նրա՛ն հետևեք։ Եկեք տեսնենք, թե ով կհաղթի։ Բահաղի 450 մարգարեները թող մի զոհ պատրաստեն և կանչեն իրենց աստծու անունը։ Ես էլ մի զոհ կպատրաստեմ ու կաղոթեմ Եհովային։ Այն Աստվածը, որը կպատասխանի կրակով, նա՛ է ճշմարիտ Աստվածը»։ Ամբողջ ժողովուրդը համաձայնվեց։

Բահաղի մարգարեները մի զոհ պատրաստեցին և ամբողջ օրը իրենց աստծուն կանչեցին՝ ասելով. «Ո՛վ Բահաղ, պատասխանի՛ր մեզ»։ Սակայն պատասխան չկար։ Եղիան սկսեց ծաղրել Բահաղին ու ասել. «Բարձր ձայնո՛վ կանչեք։ Գուցե նա քնած է, և նրան հարկավոր է արթնացնել»։ Երեկո իջավ։ Բահաղի մարգարեները դեռ շարունակում էին կանչել նրան։ Բայց պատասխան տվող չկար։

Եղիան իր զոհը դրեց զոհասեղանին և վրան շատ ջուր լցրեց։ Հետո աղոթեց. «Ո՛վ Եհովա, խնդրում եմ, թող այս մարդիկ իմանան, որ դո՛ւ ես ճշմարիտ Աստվածը»։ Եհովան անմիջապես երկնքից կրակ ուղարկեց, և այն ամբողջությամբ այրեց զոհը։ Դա տեսնելով՝ ժողովուրդը բացականչեց. «Եհովա՛ն է ճշմարիտ Աստվածը»։ Այդ ժամանակ Եղիան ասաց. «Բռնե՛ք Բահաղի մարգարեներին, որ չփախչեն»։ Այդ օրը Բահաղի 450 մարգարեները սպանվեցին։

Երբ ծովի վրա մի փոքր ամպ հայտնվեց, Եղիան ասաց Աքաաբին. «Փոթորիկ է գալիս։ Նստիր կառքդ և տուն գնա»։ Այդ ժամանակ երկինքը մթնեց, ու քամի և ուժգին անձրև սկսվեց։ Վերջապես երաշտը ավարտվեց։ Աքաաբը նստեց իր կառքը և շտապ պալատ գնաց։ Եհովայի օգնությամբ Եղիան նրա կառքից ավելի արագ վազեց։ Բայց արդյո՞ք նրա բոլոր դժվարությունները վերջացան։ Տեսնենք։

«Որպեսզի մարդիկ իմանան, որ դո՛ւ, ում անունը Եհովա է, դու միակ Բարձրյալն ես ամբողջ երկրի վրա» (Սաղմոս 83։18)