Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 49

Ինչպե՞ս կարող է ընտանիքդ երջանիկ լինել (մաս 1)

Ինչպե՞ս կարող է ընտանիքդ երջանիկ լինել (մաս 1)

Հարսանիքի օրը նորապսակները հույս ունեն, որ իրենց երջանկությունը հարատև կլինի։ Իսկ դա սոսկ երազանք չէ։ Այն քրիստոնյաները, որոնք երկար ժամանակ է՝ ամուսնացած են և ջանք չեն խնայում հետևել աստվածաշնչյան սկզբունքներին, իրենց օրինակով փաստում են, որ դա հնարավոր է։

1. Ի՞նչ խորհուրդ է տալիս Աստվածաշունչը ամուսիններին

Եհովան ամուսնուն նշանակել է որպես ընտանիքի գլուխ (կարդա Եփեսացիներ 5։23)։ Աստված ակնկալում է, որ նրա կայացրած որոշումները կլինեն ի նպաստ ընտանիքի։ Աստվածաշունչը խորհուրդ է տալիս ամուսիններին. «Շարունակեք սիրել ձեր կանանց» (Եփեսացիներ 5։25)։ Ի՞նչ է դա նշանակում։ Սիրող ամուսինը կնոջ հանդեպ սիրալիր է թե՛ տանը, թե՛ ուրիշների ներկայությամբ։ Նա պաշտպանում է նրան և իր լավագույնն է անում, որպեսզի հոգա կնոջ ֆիզիկական և էմոցիոնալ կարիքները (1 Տիմոթեոս 5։8)։ Բայց որ ամենակարևորն է՝ ամուսինը պետք է հոգա նրա հոգևոր կարիքները (Մատթեոս 4։4)։ Նա կարող է դա անել, օրինակ՝ իր կնոջ հետ Աստվածաշունչ կարդալով և աղոթելով։ Երբ ամուսինը սիրով հոգ է տանում իր կնոջ մասին, պահպանում է Եհովայի հետ իր մտերմությունը (կարդա 1 Պետրոս 3։7

2. Ի՞նչ խորհուրդ է տալիս Աստվածաշունչը կանանց

Աստծու Խոսքում ասվում է, որ «կինը պետք է խոր հարգանք տածի իր ամուսնու հանդեպ» (Եփեսացիներ 5։33)։ Ինչպե՞ս նա կարող է դա անել։ Կինը կարող է խորհել իր ամուսնու լավ հատկությունների մասին, և թե ինչ ջանքեր է վերջինս գործադրում, որ հոգա իր ընտանիքի կարիքները։ Նա նաև պետք է թիկունք կանգնի ամուսնու կայացրած որոշումներին և հարգանքով խոսի նրա հետ ու նրա մասին, նույնիսկ եթե ամուսինը չի պաշտում Եհովային։

3. Ինչպե՞ս կարող են կողակիցներն ամրացնել իրենց ամուսնությունը

Աստվածաշունչը ամուսնական զույգերի մասին ասում է. «Երկուսը մեկ մարմին կլինեն» (Մատթեոս 19։5)։ Սա նշանակում է, որ նրանք պետք է պայքարեն ցանկացած բանի դեմ, ինչը կարող է սեպ խրել իրենց հարաբերությունների մեջ։ Ուստի ամուսինները կանոնավոր ժամանակ են անցկացնում իրար հետ և անկաշկանդ զրուցում են իրենց մտքերի և զգացմունքների մասին։ Նրանք թույլ չեն տալիս, որ բացի Եհովայից՝ ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան իրենց կողակցից ավելի կարևոր լինի։ Նրանք հատկապես ուշադիր են, որ որևէ մեկի հետ չզարգացնեն անհարկի մտերմություն։

ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ

Տես, թե աստվածաշնչյան որ խորհուրդները կօգնեն ամրացնել ձեր ամուսնական միությունը։

4. Ամուսիննե՛ր, սիրեք և հոգ տարեք ձեր կանանց մասին

Աստվածաշնչում ասվում է, որ «ամուսինները պետք է սիրեն իրենց կանանց, ինչպես իրենց սեփական մարմինները» (Եփեսացիներ 5։28, 29)։ Ի՞նչ է դա նշանակում։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և քննարկեք հաջորդող հարցը։

  • Ամուսինն ի՞նչ կերպերով կարող է ցույց տալ, որ սիրում է իր կնոջը և հոգ է տանում նրա մասին։

Կարդացեք Կողոսացիներ 3։12 և քննարկեք հետևյալ հարցը։

  • Ամուսինն ինչպե՞ս կարող է դրսևորել այս հատկությունները։

5. Կանա՛յք, սիրեք և հարգեք ձեր ամուսիններին

Աստվածաշունչը կանանց հորդորում է հարգել իրենց ամուսիններին՝ անկախ նրանից՝ երկրպագում են Եհովային, թե ոչ։ Կարդացեք 1 Պետրոս 3։1, 2, այնուհետև քննարկեք այս հարցերը։

  • Անկասկած, ցանկանում ես, որ մի օր քո ամուսինն էլ երկրպագի Եհովային։ Քո կարծիքով՝ ի՞նչը ավելի արդյունավետ կլինի՝ անընդհատ նրան քարոզե՞լը, թե՞ լավ վարք ունենալը և նրա հանդեպ հարգալից լինելը։ Ինչո՞ւ։

Լավ է, երբ կողակիցները կարողանում են միասին որոշումներ կայացնել։ Սակայն երբեմն կինը գուցե չհամաձայնի իր ամուսնու հետ։ Այդպիսի դեպքերում նա կարող է իր կարծիքը հարգալից կերպով արտահայտել, բայց պետք է նաև հաշվի առնի, որ Եհովան ամուսնուն է տվել պատասխանատվություն՝ որոշելու, թե որն է լավագույնը ընտանիքի համար։ Նա պետք է հնարավորինս թիկունք կանգնի ամուսնու որոշումներին։ Այդպես նա կնպաստի, որ ընտանիքում ուրախ մթնոլորտ տիրի։ Կարդացեք 1 Պետրոս 3։3–5 և քննարկեք հետևյալ հարցը։

  • Ի՞նչ է զգում Եհովան, երբ կինը հարգանքով է վերաբերվում ամուսնուն։

6. Դուք կարող եք հաղթահարել ձեր ամուսնական խնդիրները

Ոչ մի ամուսնություն կատարյալ չէ։ Հետևաբար զույգերը պետք է փորձեն միասին հաղթահարել դժվարությունները։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հաջորդող հարցերը։

  • Ի՞նչն էր ցույց տալիս, որ ամուսինների հարաբերությունները սառել էին։

  • Նրանք ի՞նչ քայլեր ձեռնարկեցին, որպեսզի ամրացնեն իրենց փոխհարաբերությունները։

Կարդացեք 1 Կորնթացիներ 10։24 և Կողոսացիներ 3։13 համարները։ Յուրաքանչյուր համար ընթերցելուց հետո քննարկեք հետևյալ հարցը։

  • Այս խորհուրդը կիրառելը ինչպե՞ս կարող է ամրացնել ամուսնությունը։

Աստվածաշունչն ասում է, որ պետք է պատվենք միմյանց։ Դա նշանակում է լինել սիրալիր և հարգալից։ Կարդացեք Հռոմեացիներ 12։10 և քննարկեք այս հարցերը։

  • Արդյո՞ք կողակիցները պետք է սպասեն, որ առաջինը դիմացինը պատվի իրենց։ Ինչո՞ւ։

ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Ես ու կողակիցս առաջվա պես մտերիմ չենք»։

  • Ինչպե՞ս կարող ես ցույց տալ, որ Աստվածաշունչը կարող է օգնել իրենց։

ԱՄՓՈՓՈՒՄ

Եթե կողակիցները հարգեն ու սիրեն իրար, ինչպես նաև կիրառեն աստվածաշնչյան սկզբունքները, երջանիկ կլինեն։

Վերհիշենք

  • Ի՞նչ կարող է անել ամուսինը, որ ընտանիքը երջանիկ լինի։

  • Ի՞նչ կարող է անել կինը, որ ընտանիքը երջանիկ լինի։

  • Եթե ամուսնացած ես, աստվածաշնչյան ո՞ր սկզբունքը կօգնի քեզ ամրացնել փոխհարաբերություններդ կողակցիդ հետ։

Նպատակ դիր

ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ

Տես, թե ինչ գործնական քայլեր կան, որոնք կօգնեն քեզ երջանիկ ընտանիք ունենալ։

«Ձեր ընտանիքը կարող է երջանիկ լինել» (գրքույկ)

Հետևյալ երաժշտական տեսանյութը ցույց է տալիս, թե ամուսնական կյանքում աստվածաշնչյան խորհուրդները կիրառելը ինչ օրհնություններ է բերում։

«Իրական սեր» (4։26)

Տես, թե ինչ է նշանակում հնազանդվել ամուսնու գլխավորությանը։

«Կանա՛յք, ինչո՞ւ պետք է հնազանդվեք գլխավորությանը» («Դիտարան», 2010 թ. մայիսի 15)

Տես, թե ամուսնական կյանքում որքան օգտակար կարող են լինել աստվածաշնչյան սկզբունքները։

«Աստվածաշունչը փրկեց մեր ամուսնությունը» (7։12)