Անցնել բովանդակությանը

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽՈՒՄ Է ԿՅԱՆՔԵՐԸ

Վերջապես միավորվեցի հորս հետ

Վերջապես միավորվեցի հորս հետ
  • ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԹԻՎԸ՝ 1954

  • ԵՐԿԻՐԸ՝ Ֆիլիպիններ

  • ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ օտարացած է եղել դաժան հորից

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ

 Բազմաթիվ զբոսաշրջիկներ սիրում են զմայլվել Ֆիլիպինների Պագսանհան փոքր քաղաքի մոտակայքում եղող հայտնի ջրվեժներով։ Այնտեղ աղքատության մեջ մեծացել էր հայրս՝ Նարդո Լերոնը։ Տեսնելով իշխանության օղակներում, ոստիկանական համակարգում և իր աշխատավայրում տիրող կոռուպցիան՝ նա դառնացել ու բարկությամբ էր լցվել։

 Ծնողներս ծանր էին աշխատում, որ մեծացնեն իրենց ութ երեխաներին։ Հաճախ նրանք երկար ժամանակով բացակայում էին տնից, քանի որ հողագործությամբ էին զբաղվում սարերում։ Սովորաբար ես ու եղբայրս՝ Ռոդելիոն, ստիպված էինք լինում ինքներս հոգ տանել մեր մասին, և հաճախ սոված էինք մնում։ Երեխա ժամանակ մենք խաղալու շատ քիչ հնարավորություն ունեինք։ Յոթ տարեկանից բոլոր երեխաներս ստիպված էինք աշխատել պլանտացիայում՝ լեռնային զառիթափ ճանապարհներով կրելով կոկոսի ծանր բեռներ։ Եթե բեռը չափազանց ծանր էր լինում, քարշ էինք տալիս այն։

 Մեր հայրը ծեծում էր մեզ, սակայն ավելի ցավալի էր տեսնել, թե ինչպես էր նա ծեծում մեր մորը։ Փորձում էինք կանգնեցնել նրան, բայց անօգուտ էր։ Ես ու Ռոդելիոն գաղտնի որոշեցինք, որ երբ մեծանանք, կսպանենք մեր հորը։ Որքա՜ն էի փափագում սիրող հայր ունենալ։

 Հորս դաժանության պատճառով հուսահատված և բարկացած՝ 14 տարեկանում ես հեռացա տնից։ Որոշ ժամանակ փողոցում էի ապրում և սկսեցի մարիխուանա օգտագործել։ Հետո նավակավարի աշխատանք գտա. զբոսաշրջիկներին տանում էի ջրվեժները տեսնելու։

 Մի քանի տարի անց Մանիլայում համալսարան ընդունվեցի։ Բայց քանի որ շաբաթ-կիրակի օրերին Պագսանհան էի վերադառնում, որպեսզի աշխատեմ, դասերի համար քիչ ժամանակ էր մնում։ Կյանքս նման էր անիվի մեջ սկյուռի անվերջ ու անիմաստ պտույտի, և մարիխուանան այլևս ինձ թեթևացում չէր տալիս։ Սկսեցի մեթամֆետամին, կոկաին և հերոին օգտագործել։ Իսկ որտեղ թմրանյութերն են, այնտեղ էլ անբարոյությունն է։ Իմ շրջապատում ամենուրեք չքավորություն, անարդարություն և տառապանք էր։ Ատելությամբ էի լցված կառավարության հանդեպ և ամեն ինչում նրան էի մեղադրում։ Աստծուն հարցնում էի. «Ինչո՞ւ է կյանքն այսպիսին»։ Տարբեր կրոններ էի ուսումնասիրում, սակայն որևէ պատասխան չէի գտնում։ Հուսալքության զգացումը թմրեցնելու համար սկսեցի ավելի շատ թմրանյութեր օգտագործել։

 1972 թ.-ին Ֆիլիպիններում ուսանողները կառավարության դեմ բողոքի ցույցեր կազմակերպեցին։ Ես մասնակցեցի դրանցից մեկին, բայց այն կատաղի բախումների վերածվեց։ Շատ մարդիկ ձերբակալվեցին, և ամիսներ անց ողջ երկրում ռազմական դրություն հայտարարվեց։

 Նորից փողոցում հայտնվեցի։ Այս անգամ իշխանությունների հանդեպ վախի պատճառով, քանի որ մասնակցել էի ապստամբությանը։ Որպեսզի կարողանայի թմրադեղեր գնել, սկսեցի գողությամբ զբաղվել և հարուստներին ու օտարերկրացիներին անբարո ծառայություններ մատուցել։ Ինձ համար ոչ մի նշանակություն չուներ՝ ողջ եմ, թե մեռած։

 Այդ ժամանակ էր, որ մայրս ու կրտսեր եղբայրս սկսեցին Եհովայի վկաների օգնությամբ Աստվածաշունչ ուսումնասիրել։ Հայրս կատաղությամբ լցվեց և վառեց նրանց աստվածաշնչյան գրականությունը։ Սակայն թե՛ մայրս և թե՛ եղբայրս հաստատակամորեն շարունակեցին ուսումնասիրությունը և մկրտվեցին՝ դառնալով Եհովայի վկա։

 Մի օր Վկաներից մեկը հորս հետ խոսեց ապագայի վերաբերյալ աստվածաշնչյան խոստման մասին, որի համաձայն՝ ողջ երկրի վրա իրական խաղաղություն կհաստատվի (Սաղմոս 72:12–14)։ Այս հեռանկարն այնքան գրավեց հորս, որ նա որոշեց անձամբ ստուգել՝ դա ճիշտ է, թե ոչ։ Աստվածաշնչում նա ոչ միայն գտավ արդար կառավարության մասին Աստծու խոստումը, այլև իմացավ, թե Աստված ինչ է պահանջում ամուսիններից ու հայրերից (Եփեսացիներ 5:28; 6:4)։ Կարճ ժամանակ անց նա և իմ մյուս եղբայրներն ու քույրերը Վկա դարձան։ Քանի որ ես տնից հեռու էի, ոչինչ չգիտեի այդ մասին։

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ

 1978 թ.-ին տեղափոխվեցի Ավստրալիա։ Սակայն նույնիսկ այս խաղաղ և հարուստ երկրում չէի կարողանում մտքի խաղաղություն գտնել։ Շարունակում էի չարաշահել խմիչքը և թմրանյութեր օգտագործել։ Այդ տարի՝ ավելի ուշ, ինձ այցելեցին Եհովայի վկաները։ Երբ նրանք Աստվածաշնչում ցույց տվեցին, որ ապագայում երկրի վրա խաղաղություն է լինելու, դա ինձ դուր եկավ։ Բայց ես զգուշավորություն էի դրսևորում նրանց հետ շփվելիս։

 Կարճ ժամանակ անց մի քանի շաբաթով վերադարձա Ֆիլիպիններ։ Եղբայրներս ու քույրերս պատմեցին ինձ, որ մեր հայրը շատ ջանքեր է թափել, որպեսզի լավ մարդ դառնա։ Սակայն սիրտս այնքան դառնացած էր, որ փորձում էի ոչ մի առնչություն չունենալ նրա հետ։

 Կրտսեր քույրս Աստվածաշնչով բացատրեց, թե ինչու կյանքում այսքան շատ տառապանք ու անարդարություն կա։ Ինձ ապշեցրեց այն, որ դեռահաս աղջիկը, ով կյանքի փորձ չուներ, կարողանում էր պատասխանել իմ հարցերին։ Նախքան հեռանալս հայրս ինձ տվեց «Դուք կարող եք հավիտյան ապրել երկրային Դրախտում» գիրքը a։ Նա ասաց. «Անիմաստ մի՛ վազիր։ Այս գիրքը կօգնի քեզ գտնելու այն, ինչ փնտրում ես»։ Նա հորդորեց ինձ գտնել Եհովայի վկաներին, երբ վերադառնամ Ավստրալիա։

 Ես հետևեցի հորս խորհրդին և Բրիսբենում գտնվող իմ տնից ոչ հեռու գտա Եհովայի վկաների Թագավորության սրահը։ Ինձ առաջարկեցին կանոնավորաբար ուսումնասիրել Սուրբ Գիրքը, և ես համաձայնեցի։ Դանիել 7-րդ գլխում և Եսայիա 9-րդ գլխում գրված մարգարեությունները վստահեցրին ինձ, որ Աստծու կառավարությունը, որը միանգամայն զերծ է կոռուպցիայից, ապագայում իշխելու է մեզ վրա։ Իմացա, որ մարդիկ երկրի վրա դրախտային պայմաններում են ապրելու։ Ես ուզում էի արժանանալ Աստծու հավանությանը, բայց գիտակցում էի, որ այդ դեպքում պետք է վերահսկեմ զգացմունքներս, վերջ դնեմ այլասերված ապրելակերպիս և դադարեմ թմրադեղեր օգտագործելուց ու խմիչքը չարաշահելուց։ Բաժանվեցի այն աղջկանից, ում հետ ապրում էի, և ձերբազատվեցի վատ սովորություններից։ Որքան Եհովայի հանդեպ իմ վստահությունը մեծանում էր, այնքան ավելի շատ էի աղոթում նրան, որ օգնի ինձ այլ փոփոխություններ անելու։

 Աստիճանաբար հասկացա, որ իմ սովորածը ի զորու է փոխելու մարդուն։ Աստվածաշունչն ասում է, որ եթե ջանք թափենք, կարող ենք հագնել «նոր անձնավորությունը» (Կողոսացիներ 3։9, 10)։ Մինչ փորձում էի դա անել, մտածեցի, որ հորս արած փոփոխությունների մասին իմ լսածը շատ հնարավոր է՝ ճիշտ էր։ Բարկության կամ թշնամանքի զգացում ունենալու փոխարեն՝ ես ցանկացա հաշտվել նրա հետ։ Ի վերջո, ներեցի հորս և ձերբազատվեցի ատելության զգացումից, որն արմատներ էր գցել իմ սրտում դեռ մանկության տարիներին։

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ

 Երիտասարդ տարիքում հաճախ ընդօրինակում էի ուրիշների կործանարար և վնասակար վարվելակերպը։ Իմ փորձով հասկացա, թե որքան ճշմարիտ է աստվածաշնչյան այն նախազգուշացումը, որ վատ ընկերակցությունները մոլորեցնում են մարդուն (1 Կորնթացիներ 15։33)։ Սակայն ես Եհովայի վկա վստահարժան ընկերներ ձեռք բերեցի, և նրանք օգնեցին ինձ ավելի լավ մարդ դառնալու։ Բացի այդ, նրանց մեջ հանդիպեցի իմ հրաշալի կնոջը՝ Լորետային։ Միասին ուրիշներին սովորեցնում ենք, թե Աստվածաշունչը ինչպես կարող է օգնել իրենց։

Ճաշում եմ կնոջս և ընկերներիս հետ

 Ես տեսա, որ հայրս Աստվածաշնչի շնորհիվ դարձավ այնպիսի մարդ, որ երբեք չէի մտածի, թե կդառնա՝ սիրող ամուսին մորս համար և խոնարհ, խաղաղասեր քրիստոնյա։ Երբ 1987 թ.-ին իմ մկրտությունից հետո մենք հանդիպեցինք, հայրս կյանքումս առաջին անգամ գրկեց ինձ։

 Ավելի քան 35 տարի նա մորս հետ աստվածաշնչյան հույսի մասին պատմում էր ուրիշներին։ Նա դարձել էր ժրաջան ու հոգատար մարդ, ում ճանաչում էին որպես մեկի, ով պատրաստակամորեն օգնում էր մարդկանց։ Այդ տարիների ընթացքում ես սովորեցի հարգել ու սիրել նրան։ Հպարտ էի, որ նրա որդին եմ։ Հայրս մահացավ 2016 թ.-ին։ Նրա մասին մտածելիս ջերմ զգացմունքներով եմ լցվում. Աստվածաշնչի սովորեցրածները կիրառելու շնորհիվ մենք երկուսս էլ մեծ փոփոխություններ արեցինք մեր անձնավորության մեջ։ Նախկինում տածած ատելության մի նշույլ անգամ չի մնացել իմ մեջ։ Եվ ես այնքա՜ն երախտապարտ եմ, որ գտել եմ իմ երկնային Հորը՝ Եհովա Աստծուն, որը խոստանում է ամենուրեք վերջ դնել ընտանիքներում եղող դառնության բոլոր պատճառներին։

a Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։ Այժմ չի տպագրվում։